Հայ-ամերիկյան հարաբերությունները, անկախ աշխարհաքաղաքական և ներքին քաղաքական համատեքստից, եղել են բարեկամական-գործընկերային. ԱԳՆ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն օրեր առաջ հաստատել էր ավելի վաղ տարածվող այն տեղեկությունը, որ օրակարգում է իրեն ԱՄՆ դեսպան նշանակելու հարցը: Փետրվարի 9-ին 168.am-ը գրավոր հարցում էր հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, որում մասնավորապես հետաքրքրվել էինք.
«1. Հայաստանյան իշխանությունները և արտգործնախարարությունը դժգո՞հ են ԱՄՆ գործող դեսպան Վարուժան Ներսեսյանի աշխատանքից:
2. Քանի որ Լիլիթ Մակունցը նշել է, որ, թեև դիվանագիտական փորձը չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի, որպես նախկին դեսպան և այսօր դիվանագիտական բարձրաստիճան պաշտոնյա՝ արդյոք համակարծի՞ք եք այս տեսակետին։ Ըստ Ձեզ՝ դեսպանի պաշտոնում դիվանագիտական փորձառությունն առաջնային չէ՞, եթե դեսպանը սեփական երկրի բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչն է մեկ այլ երկրում:
3. Ի՞նչն առաջնային դերակատարում ունի դեսպանի պաշտոնում:
4. Ինչպե՞ս եք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունները 2018թ․ հայտնի դեպքերից և վերջին պատերազմից հետո։
5. Դուք և Ձեր ղեկավարած գերատեսչությունն այս ընթացքում դժգոհություն հայտնե՞լ եք դեսպան Ներսեսյանի աշխատանքից։
6. Արդյո՞ք Վարուժան Ներսեսյանին արդեն տեղեկացրել եք՝ դեսպանի պաշտոնից նրա՝ հետկանչի մասին:
«Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կատեգորիկ կերպով դեմ է եղել դեսպանների փոփոխությանը։ Նախարարը հայտարարել է, որ նոր նշանակումները բացասական արձագանք կգտնեն Կրեմլում ու անձամբ Լավրովի մոտ, ինչին Փաշինյանը պատասխանել է, թե Լավրովն ո՞վ է, որ ես նրա հետ համաձայնեցնեմ իմ վստահելի անձանց նշանակումները։ ՀՀ ԱԳՆ աշխատակիցներն ինձ պատմեցին, որ ըստ ընդունված պրակտիկայի` Այվազյանը պետք է նամակ գրեր Փաշինյանին, որ նշյալ անձանց ներկայացնում է՝ որպես դեսպանի թեկնածուներ։ Սակայն նախարարը գրել է դա, բայց նշել, որ նրանց ներկայացնում է՝ համաձայն Նիկոլ Փաշինյանի բանավոր հրահանգի։ Այսինքն` փաստորեն նա իր վրայից գցել է պատասխանատվությունը հետագայի համար»,- այս մասին իր տելեգրամի ալիքում գրել էր ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովը:
7. Դուք հաստատո՞ւմ եք այս տեղեկությունները»:
Արտաքին գործերի նախարարությունից, սակայն, ստացանք միայն 4-րդ՝ 2018թ․ հայտնի դեպքերից և վերջին պատերազմից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների մասին մեր հարցի պատասխանը: Թերևս, սա մեր հղած հարցերից միակն էր, որի պատասխանն ուղղակի չէր առնչվելու Լիլիթ Մակունցին, ու հենց այս իմաստով պատասխանելի էր, իսկ մյուսները, կարելի է ասել, շրջանցվեցին նախարարի կողմից:
«Ձեր ուղարկած հարցման 4-րդ հարցի առնչությամբ հայտնում ենք հետևյալը.
Հայ-ամերիկյան հարաբերությունները, անկախ աշխարհաքաղաքական և ներքին քաղաքական համատեքստից, եղել են բարեկամական-գործընկերային, իսկ Արտաքին գործերի նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հետևողական աշխատանքի շնորհիվ, շարունակական ջանքեր է գործադրել երկու երկրների միջև համագործակցության զարգացման, բարեկամական կապերի ամրապնդման և երկկողմ օրակարգի թարմացման ուղղությամբ։
ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկկողմ հարաբերություններում նոր դինամիկայի մասին են վկայում աննախադեպ քանակի երկկողմ այցելությունները, հատկապես` Երևանից Վաշինգտոն: Մասնավորապես՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Վաշինգտոն, փոխվարչապետ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն /հրավիրված էր մասնակցելու House Democracy Partnership-ին, որի շրջանակներում հանդիպել է Կոնգրեսի երկու պալատների նախագահներին/, Բոստոն, Տիգրան Ավինյանի այցը Նյու Յորք և Բոստոն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանի այցերը Վաշինգտոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցերը Վաշինգտոն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի այցը Կալիֆոռնիա և Վաշինգտոն, ՀՀ-ԱՄՆ պատգամավորական բարեկամության խմբի այցը Վաշինգտոն, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի գլխավորած պատվիրակության, Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակության, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփըրի և ԱՄՆ կոնգրեսական երկու պատվիրակությունների այցերը Հայաստան և Արցախ։
2019 թվականը բացառիկ տարի էր հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների պատմության մեջ՝ պայմանավորված, նախ և առաջ, մայիսին Երևանում անցկացված Ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստով։ Ռազմավարական երկխոսությունը նշանավորեց հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում քաղաքական և որակական նոր, ավելի բարձր երկխոսության մակարդակ։ 2019թ․ նշանավորվեց նաև մեկ այլ պատմական իրողությամբ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի, իսկ այնուհետև՝ նաև Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունմամբ։ Ապակենտրոնացված համագործակցության տեսանկյունից շատ կարևոր էր ՀՀ վարչապետի այցելությունը Կալիֆոռնիա և համագործակցության հուշագրի ստորագրումը Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև: Հարաբերությունների ամրապնդման և զարգացման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն հայ- ամերիկյան մշակութային հարաբերությունները։
Մշակութային կապերի զարգացման առումով առանձնահատուկ կարևորություն ուներ 2018թ․ հունիս-հուլիս ամիսներին Վաշինգտոնում Սմիթսոնյան ինստիտուտի համակարգմամբ կայացած հայկական մշակույթին և արհեստներին նվիրված փառատոնը, որի անցկացումը մեծապես նպաստել է ամերիկացիներին հայկական մշակույթի հետ ծանոթացնելու և ՀՀ գրավչությունը բարձրացնելու գործին։
Մեկ այլ կարևոր միջոցառում էր 2020թ․ փետրվար-մարտ ամիսներին «Հայկական ոդիսական. Նռան գույնը» խորագրով մշակութային փառատոնը՝ նվիրված Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Փառատոնի կենտրոնական միջոցառումը տեղի է ունեցել Վաշինգտոնի Ազգային տաճարում՝ մարտի 4-ին, որին ներկա են գտնվել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, կոնգրեսականներ, ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ Մարտի 7-ին Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում տեղի ունեցած միջոցառմանը ներկայացվել են Մոմիկի՝ Նորավանքի խաչքարի և Տաթևի եկեղեցու խաչքարների կրկնօրինակները, ինչպես նաև Տաթևի վանական համալիրի մանրակերտը: Մեկնարկել են վերոհիշյալ թանգարանում հայկական Աստվածաշնչերի և հայկական քրիստոնեական ժառանգությանը նվիրված մեծ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները:
2020թ. նախատեսվում էր լինել ակտիվ տարի հայ-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից: Ծրագրված էին փոխայցելություններ, Ռազմավարական երկխոսության և Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի հիման վրա գործող խորհրդի (TIFA) նիստերը, մի շարք մեծածավալ մշակութային միջոցառումներ: Մարտ ամսվա սկզբից սկսած գրեթե բացառվեցին կամ խիստ նվազագույնի հասցվեցին ԱՄՆ վարչակազմի ու Կոնգրեսի ներկայացուցիչների հետ դեմառդեմ հանդիպումները, ինչն իր հերթին թելադրում էր նոր մոտեցումներ, գործելաոճ և լուծումներ` դեսպանընկալ երկրի իշխանությունների և Վաշինգտոնում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների միջև աշխատանքներում: Համավարակի պատճառով պարտադրված սահմանափակումները լուրջ փոփոխություններ մտցրեցին նաև հայ-ամերիկյան երկկողմ օրակարգում. ծրագրված միջոցառումների մի մասը հետաձգվեց, իսկ մյուս մասն էլ իրականացվեց առցանց ձևաչափով։ Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի հիման վրա գործող խորհրդի (TIFA) նիստն անցկացվեց առցանց ռեժիմով, ռազմավարական երկխոսության` արդարադատության ոլորտի և բազմաոլորտ համագործակցությանը նվիրված նիստերն անցկացվեցին առցանց ռեժիմով, իսկ պաշտպանական ոլորտում համագործակցության նիստը և ամփոփիչ նիստը հետաձգվեցին:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն իր ուղղումները մտցրեց թե՛ երկկողմ օրակարգում, և թե՛ դեսպանության աշխատանքներում: Հիմնական ջանքերն ուղղվեցին՝ հորդորելու ԱՄՆ վարչակազմին` ակտիվացնելու իրենց դերակատարումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, և ԱՄՆ Կոնգրեսին` դատապարտելու ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիան, պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի նկատմամբ, դադարեցնելու ռազմատեխնիկական օժանդակությունն Ադրբեջանին, ինչպես նաև ամերիկյան հասարակության շրջանում և ԶԼՄ-ներում Հայաստանի ու Արցախի դիրքորոշումն արժանվույնս ներկայացնելուն ու ադրբեջանաթուրքական քարոզչությանը հակազդելուն:
Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում կայացավ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի, իսկ այնուհետև՝ նաև եռակողմ Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ նախարարական հանդիպումը` պետքարտուղարի առաջին տեղակալ Ս. Բիգընի միջնորդությամբ: Վաշինգտոնում նախարար Մնացականյանը հանդիպումներ է ունեցել նաև անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայենի հետ, որոնց օրակարգում էին Ադրբեջանի ապօրինի գործողությունները կանխելու և ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հարցերը։ ԱՄՆ միջնորդությամբ հոկտեմբերի 25-ին ձեռք բերվեց Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կրակի դադարեցման թվով երրորդ համաձայնությունը։
Հունվարի 19-ին ԱՄՆ Սենատում կայացած լսումների ընթացքում պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի անդրադարձն առ այն, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ջանքեր գործադրել հակամարտության հարատև կարգավորման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԱՄՆ դերակատարության ակտիվացման ուղղությամբ, կարևոր քայլ է Ադրբեջանի և Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները զսպելու ուղղությամբ։ Ստեղծված իրավիճակում դեսպանությունն իր ջանքերն է ուղղել ԱՄՆ կառավարությունից ֆինանսա տեխնիկական օժանդակություն ստանալու ուղղությամբ: Այս առնչությամբ պետք է գոհունակությամբ արձանագրենք ՀՀ-ում համավարակի հետևանքների մեղմման նպատակով ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլարի տրամադրումը։ Նոյեմբերի 17-ին պետքարտուղար Պոմպեոն հայտարարեց հավելյալ 5 մլն ԱՄՆ դոլար Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանն ու այլ միջազգային ու ոչ կառավարական կազմակերպություններին հատկացնելու՝ ԱՄՆ Պետքարտուղարության և USAID-ի որոշման մասին։ Այս գումարից 2.4 մլն ԱՄՆ դոլարը հատկացվելու է Ղարաբաղյան պատերազմի արդյունքում տուժած բնակչությանը՝ որպես հումանիտար աջակցություն։ Ամերիկահայ համայնքի հետ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետևողական և նպատակաուղղված ջանքերի արդյունքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին են հանգանակվել ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար»,- մեզ ուղղված պատասխանում նշել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Կրկին անդրադառնալով Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու լուրերին, նշենք, որ տարբեր տեղեկություններով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան նախկին թիմն արդեն համակերպվել է իրերի այդ ընթացքին, իսկ Լիլիթ Մակունցի ագրեմանն արդեն ուղարկվել է ԱՄՆ, որպեսզի վերջինս այնտեղ նշանակվի ԱՍՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Հիշեցնենք` Վարուժան Ներսիսյանը 2018 թվականի հոկտեմբերին է նշանակվել դեսպանի պաշտոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով: Նկատենք՝ ավելի վաղ Վարուժան Ներսեսյանը զբաղեցնում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը: