«Չի բացառվում, որ սա ուղղորդվում է ՀՀ քաղաքական իշխանությունից՝ ամեն գնով վիժեցնելու Հայաստանից Արցախ զորակոչի գործընթացը». Տիգրան Աբրահամյանը՝ զորամասային միջադեպերի մասին
Հարցազրույց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
– Փետրվարի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում (Զոդի չաստ) տեղի է ունեցել միջադեպ, անկարգություն, որի ընթացքում մի խումբ զինվորներ, դրսում հավաքված ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, իսկ մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ինքնակամ լքել են զորամասի տարածքը։ Հիշեցնենք, որ 2019-ին միջադեպ էր տեղի ունեցել նաև Մեղրիի զորամասում, երբ մի ամբողջ զորամաս չէր ենթարկվել հրամանատարությանը, և զինվորները լքել էին զորամասը: Այս ամենն ի՞նչ ռիսկեր է իր մեջ պարունակում, ՊՆ ղեկավարությունն ի վիճակի՞ չէ կարգավորել, վերահսկել նմանօրինակ դեպքերը, թե՞ դիտավորությամբ բարձիթողի վիճակ է ստեղծվում:
– Զինված ուժերում համընդհանուր բարոյալքության ռիսկեր կան, որոնք անհրաժեշտ է հրատապ կարգով չեզոքացնել։ Ստեղծված իրադրությունը պայմանավորված է հետպատերազմական շրջանում ստեղծված բարոյահոգեբանական վիճակով, որից անմասն չէ նաև բանակը։ Սրան նպաստում է այն հանգամանքը, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը կամ ժամանակին անհրաժեշտ եզրահանգումներ չի արել, կամ արել է, սակայն դրանից բխող միջոցառումներ չի իրականացրել, արդյունքում՝ ականատես ենք դառնում միջադեպերի, որոնք ամենավատ սցենարների պարագայում չէինք կարող արձանագրել։
Չի բացառվում, որ սա ուղղորդվում է ՀՀ քաղաքական իշխանությունից և նպատակ ունի ամեն գնով վիժեցնելու Հայաստանից Արցախ զորակոչի գործընթացը։
Պատերազմական գործողություններից հետո պարզ դարձավ, որ բացի հրապարակված եռակողմ հայտարարությունից՝ կան նաև այլ պայմանավորվածություններ, որոնց մասին իշխանությունը ստիպված խոսեց, սակայն մինչև հիմա դրանց մանրամասները չեն հրապարակվել։ Հավանական է, որ Ադրբեջանի հետ կան պայմանավորվածություններ, որով Հայաստանն էականորեն սահմանափակելու է իր աջակցությունն Արցախի պաշտպանության բանակին, և տեղի ունեցող միջադեպերը այդ պայմանավորվածությունների շրջանակներում են։
– ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է. «Հայաստանում ռազմական ռեֆորմի անցկացումը ոչ միայն նախատեսվում է, այլև արդեն իսկ անցկացվում է, ընդ որում՝ տվյալ գործընթացում ամենաանմիջական կերպով ներգրավված են մեր ռուս գործընկերները»: Ի՞նչ ներգրավվածություն պիտի ունենա ռուսական կողմը:
– Ռուսական կողմի մասնակցությունը ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների գործընթացին կարող է դրսևորվել՝ ինչպես փաստաթղթերի համատեղ մշակման, այնպես էլ՝ իրականացման փուլում։
Առհասարակ, հատկապես հետպատերազմյան փուլում, ՌԴ-ի մասնակցությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում էականորեն աճել է, այս պահին էլ քննարկումներ են գնում Հայաստանի սահմանային պահպանության հարցերում ռուսական կողմի ներգրավվածության ընդլայնման հարցում, ինչը նշանակում է, որ ռուսական մասնակցությունը զինված ուժերի զարգացման և արդիականացման հարցերում կարող է էականորեն աճել։
– Նույն հարցազրույցում Պաշտպանության նախարարը նշում է, որ՝ հաշվի առնելով մարտական փորձն ու հայտնի իրադարձություններն Արցախում` մենք արմատապես կվերանայենք մի շարք հարցեր, մասնավորապես, կլինի մարտական և թվային կազմի օպտիմալացում և այնուհետ շարունակում՝ «հաշվի առնելով նպատակային խնդիրները, առաջին հերթին՝ մարտական բաղադրիչի ավելացման միջոցով»:
Ըստ Ձեզ՝ օպերատիվ և մարտական օղակներում ի՞նչ փոփոխություններ պիտի կատարվեն, առհասարակ, Զինված ուժերում՝ նկատի ունենալով պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և մարտահրավերները:
– Մի փոքր բարդ է ասել, թե ինչ փոփոխություններ են նախատեսել Պաշտպանության նախարարությունում՝ հաշվի առնելով ՊՆ-ի քչախոսությունն ու հանրության հետ շփվելու տարրական մշակույթի բացակայությունը։ Ամեն դեպքում, եղած տեղեկատվությունը դեռ որևէ լուրջ գործընթացի մասին չի հուշում։ Նկատելի իրադարձություններն էլ ավելի շատ կապված են ստեղծված նոր իրողությունների հետ։
– Վաղարշակ Հարությունյանը նույն հարցազրույցում հայտարարել է նաև, որ մեր հիմնական ջանքերն ուղղված են լինելու կառավարման, հետախուզության, ՌԷՊ-ի, ՀՕՊ-ի և անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ուղղության վրա պիտի շեշտը դրվի սպառազինության գնումների հարցում, ինչո՞ւ չէ՝ ռազմարդյունաբերության ոլորտում:
– Սպառազինությունների ներկրման կամ ռազմարդյունաբերության ուղղվածության առաջնահերթությունները կարելի է սահմանել այն պարագայում, երբ պարզ կլինի, թե ապագայում ինչ մոդելի բանակ ենք ունենալու, և զինված ուժերը ինչ բնույթի վերանայման են ենթարկվելու։ Դրանից է կախված ոչ միայն ներկրումների առաջնայնությունները՝ ըստ զորատեսակների, այլ՝ կոնկրետ սպառազինության մոդելների։ Երբ ընդհանուր գծերով կսահմանվի, թե ինչ բանակ ենք ունենալու 5-10 տարվա կտրվածքով, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի առավել առարկայական խոսել սպառազինության առաջնահերթությունների կամ ռազմարդյունաբերական համալիրի վրա իջեցվող խնդիրների մասին։
– Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» հետ կապված հայտարարությանը («Ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով») ռուսական կողմի բանավոր արձագանքներից բացի, ուրիշ ի՞նչ սպասել: Եվ նմանօրինակ հայտարարությունն անվտանգային ի՞նչ ռիսկեր է ստեղծում՝ հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված վիճակը, ռուս խաղաղապահների ներկայությունը, հայկական կողմի այսօրվա սպառազինական ռեսուրսները:
– «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրը ռուսական ռազմարդյունաբերական կայսրության խորհրդանիշներից է, և դրա դեմ ուղղված ցանկացած հայտարարություն ունի և՛ ռազմական, և՛ քաղաքական բաղադրիչ։ Բնականաբար, հետևանքները ևս լինելու են՝ ըստ այդ բաղադրիչների։
Ռուսաստանն այդ գերճշգրիտ համալիրը ոչ բոլոր երկրներին է վաճառում, և ժամանակին Հայաստանին դրա վաճառքը պայմանավորված էր երկկողմ հարաբերությունների ամենաբարձր մակարդակով։
Ցավոք, այսպիսի հայտարարությունները, որոնք հատկապես հնչեցվել են ամենաբարձր մակարդակով, էական վնաս են հասցնելու՝ ինչպես ՀՀ-ՌԴ քաղաքական, այնպես էլ՝ ռազմական համագործակցությանը։
Շատ կարևոր է հասկանալ, թե որոնք են նմանատիպ հայտարարությունների մոտիվացիան, ինչպես է դա ընկալվելու ռուսական վերնախավում, ըստ այդ էլ՝ հստակ կլինի, թե ինչ հետևանքներ կունենա այն վերջնարդյունքում։
– Որքանո՞վ եք հավանական համարում պատերազմական նոր գործողությունները, ո՞ր ուղղությամբ: Ի վերջո, վերջին պատերազմն ինչ-որ չափով նաև ՀՀ ղեկավարության արկածախնդիր հայտարարությունների հետևանք էր:
– Կարճաժամկետ կտրվածքով պատերազմական գործողություններ չեն ուրվագծվում, սակայն պետք է նշել, որ մեր տարածաշրջանում իրադարձությունների կտրուկ ակտիվացման ռիսկեր կան, որոնք նախընտրելի է պահել կառավարելիության շրջանակներում։ Իհարկե, դա միայն Հայաստանից ու Արցախից չի կախված, շատ բան կախված է տարածաշրջանային դերակատարներից, որոշակի առումով՝ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումից։
Այլ բան է, որ շարունակվում է բարձր մնալ սահմանային միջադեպերի հավանականությունը, որոնց վրա ազդող կամ առաջ մղող գործոնները հիմա էլ քիչ չեն։