«Այս քայլով նոր հնարավորություններ են ստեղծվում Իրանի ու Հայաստանի համար». Իրանցի վերլուծաբան
Նախապատրաստվում է Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Վերջին ամիսների ընթացքում իրանցի առանցքային պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Հասան Ռուհանին, հայտարարեցին, որ Իրանը ձգտում է ԵԱՏՄ-ում մշտական ներկայության: Օրերս Ռուհանին նշել էր, որ Թեհրանը մտադիր է «ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել»:
«Այդ միություններին անդամակցելը շատ կարևոր է»,- ասել էր Ռուհանին և ընդգծել, որ ԵԱՏՄ-ն արտահանման հարցում Իրանին շատ է աջակցել: Իրանի նախագահը նշել էր, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ Թեհրանը կկարողանա ակտիվ ներկայություն ապահովել տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս:
Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆն ավելի վաղ ասել էր, որ Իրանը բանակցություններ է սկսել միության մշտական անդամ դառնալու ուղղությամբ: Շուրջ մեկ տարի է, ինչ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը միտված ժամանակավոր համաձայնագիրն էր ուժի մեջ մտել, որով Իրանը բազմաթիվ արտոնություններ էր ստացել:
168.аm-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին պարզաբանեց, թե ինչպես Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում կփոխի ԵԱՏՄ կշիռը, հայ-իրանական քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունները և դրանց տարածաշրջանային ընկալումները:
Վերլուծաբանն ասաց, որ նախ վերջին մի մեծ ժամանակաշրջանում Իրանը սկսել է այլ ինտենսիվությամբ աշխատել թե հարևանության երկրների, թե իր ավանդական դաշնակիցների հետ, քանի որ Իրանի հանդեպ ևս քաղաքականությունը՝ թե հարևանության երկրների, թե Արևմուտքի, փոփոխվում է, նոր սպառնալիքներ են ի հայտ գալիս: Ըստ նրա՝ կա գիտակցում, որ շատ ժամանակ է Իրանը բաց թողել որոշ ուղղություններով ակտիվ աշխատելու համար և կենտրոնացած է եղել Մերձավոր Արևելքի հիմնախնդիրների վրա, կորցնելով հնարավորություններ այլ տարածաշրջաններում ու ստեղծելով դրանով իսկ նորանոր վտանգներ: Այս քաղաքականությանը, նրա խոսքով, նպաստել է նաև նոր վարչակազմի գալուստը ԱՄՆ նախագահություն:
«Այս որոշումը հետևանք էր քաղաքականության փոփոխության և ՌԴ-ի հետ ավելի խորը հարաբերությունների և համագործակցության հաստատման, որի արմատները գցվեցին Մերձավոր Արևելքում: Մեծ վստահություն է ձևավորվել Ռուսաստանի և Իրանի միջև, բնականաբար, առաջին կապող թեման հարաբերությունների խնդրահարույց բնույթն էր Արևմուտքի հետ, և այստեղից սկսվեց համագործակցությունը, որը, փաստորեն, կշարունակվի և ավելի կխորանա: Սա արտացոլում է Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների նոր փուլը և նոր մակարդակը, այս քայլը կնպաստի դրան, ինչպես նաև կակտիվացնի առևտրատնտեսական կապերը՝ ոչ միայն ՌԴ-ի, այլև՝ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ: Այստեղ առանցքային նշանակություն ունի Հայաստանը, որն Իրանին հարևան է և, միանալով ԵԱՏՄ-ին, Իրանի և Հայաստանի միջև կստեղծվի ԵԱՏՄ գոտի, Հայաստանն ու Իրանը կդառնան ԵԱՏՄ հարևաններ: Բնականաբար, սա էապես կխորացնի տնտեսական և առևտրային հարաբերությունները մեր երկրների միջև, հուսանք, որ այն բացը, որի մասին տարիներ շարունակ խոսում ենք, կլրացվի այս կառույցին անդամակցելու հետևանքով: Առևտրաշրջանառությունը կավելանա ինքնըստինքյան՝ առանց մեծ քաղաքական ջանքերի:
Ինչպես համոզվեցինք տարիների ընթացքում, Իրանի ու Հայաստանի միջև քաղաքական մակարդակում չի հաջողվում ստեղծել այն կապը, որը կապահովեր բոլոր հնարավորությունների օգտագործում: Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում, այսինքն՝ եվրասիական տարածաշրջանում, կավելացնի այդ տարածաշրջանում և Հարավային Կովկասում Իրանի դերակատարությունը, ինչին Իրանը ձգտում է հատկապես վերջին պատերազմից հետո, երբ էապես մեծացել է թուրքական դերակատարությունը մեզ հարակից տարածաշրջանում: Այսինքն՝ սա մեկ քայլ է բազմաթիվ նպատակներով և սպասվող թե քաղաքական, և թե տնտեսական արդյունքներով:
Հարկ է նշել, որ այս որոշման կայացման հարցում էական դերակատարություն է ունեցել Երևանը, որը մշտապես հայտարարում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև կամուրջ լինելու պատրաստակամության մասին: Ինչպես հասկանում ենք, սա ուղղված է ամրապնդելու Իրան-Հայաստան-Ռուսաստան վեկտորը՝ ի հակադրություն տարածաշրջանային այլ առանցքների, ինչը դրական կանդրադառնա տարածաշրջանում Հայաստանի ու Իրանի դերի վրա»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ Իրանի ԵԱՏՄ անդամակցությունը կաշխուժացնի ԵԱՏՄ-ն և օգուտներ կտա՝ ինչպես Իրանին, այնպես էլ Հայաստանին՝ հայ-իրանական նոր հարաբերությունների տեսքով:
«Այս քայլով նոր հնարավորություններ են ստեղծվում Իրանի ու Հայաստանի համար, Հայաստանն ու Իրանը կդառնան մի ընտանիքի մաս և կսկսեն նորովի համագործակցել՝ անկախ քաղաքական որոշումներից: Սա, կարծում եմ, կարևոր հանգամանք է: Հուսանք, որ հույսերը կարդարացնի այս որոշումը»,- ասաց վերլուծաբանը: