Իրականացվող միջոցառումները չեն հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց. ԱԳՆ-ի պատասխանը՝ քարտեզագրին

Քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանը նախորդ ամիս գրություններ էր ուղարկել պետական մի շարք ատյանների՝ խնդրելով տրամադրել փաստաթղթեր, կոորդինատներ, նկարներ, ինչ-որ հիմնավորում, թե ո՞րն է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը: Նաև հարցրել էր, թե ո՞ր թվականի քարտեզով է իրականացվելու սահմանազատումը:

Կադաստրի կոմիտեից քարտեզագիրը հունվարի 29-ին ստացել է պատասխան, որտեղ նշված է եղել, որ բարձրացված հարցադրումները Կադաստրի կոմիտեի իրավասությունների մեջ չեն մտնում, և հորդորել են դիմել ԱԳՆ:

Փետրվարի 2-ին ԱԳՆ-ից էլ արձագանքել են՝ մանրամասնելով.

«Պետական սահմանների սահմանագծումը և սահմանազատումը հաջորդաբար իրականացվող երկկողմ միջազգային գործընթացներ են, որոնք պահանջում են համատեղ հանձնաժողովի առկայություն և դրա շրջանակներում մասնագիտական քննարկումների և բանակցությունների անցկացում: Վերոնշյալ գործընթացների առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների առկայությունը: Միջազգային պրակտիկայում սահմանակից երկրների միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների իրականացման նպատակով ձևավորվում է համապատասխան երկկողմ միջկառավարական հանձնաժողով՝ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչների գլխավորությամբ, բաղկացած պետական շահագրգիռ մարմինների՝ արտաքին քաղաքական, պաշտպանության և անվտանգության ոլորտների ներկայացուցիչներից և փորձագետներից (մասնավորապես, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտից): Այս պահին պետական սահմանների երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է՝ կողմերի փաստացի վերահսկողության տակ գտնվող բնագծերում, որն անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև՝ զինված ուժերի կողմից օգտագործվող տեղագրական քարտեզների հիման վրա:

Հավելենք, որ իրականացվող միջոցառումները չեն հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց, չեն առնչվում կարգավիճակային հարցերին և չեն կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:

Միաժամանակ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ ՀՀ պետական սահմանի մասին տեղեկատվությունը (սահմանասյուներ, շրջադարձային կետերի կոորդինատներ, սահմանային գծեր և տեղադիրքի նկարագրություններ) պարունակում է գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ, կարգավորվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հիմնադրույթներով:

«Սա առավելագույն հնարավոր պատասխանն էր, որը նաև ԱԳՆ հաստատեց: Իմ գլխավոր նպատակը երկրին մասնագիտական գիտելիքներով աջակցելն է, և հույս ունեի, որ կգիտակցեն ու կփորձեն համագործակցել հանուն երկրի։ Սակայն, ինչպես տեսանք, անձնական էգոն հաղթեց պետական գործչի մտածելակերպին: Պետական համակարգում կան բազմաթիվ լավ մասնագետներ, չի կարելի բոլորին բնութագրել նույնությամբ, սակայն մի բան է՝ աշխատող, բանիմաց մասնագետը, մեկ այլ բան՝ աշխատող համակարգը, որտեղ ամեն մի բանիմաց մասնագետ կատարում է իր դերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քարտեզագիրը։

Տեսանյութեր

Լրահոս