«Այսուհետ ինձ իրավունք եմ վերապահում դիմել հստակ ու կտրուկ քայլերի»․ Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԵԹԵՐՈՒՄ ԿՐԿԻՆ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է․․․
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում համառ լռություն պահպանած Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը որոշել է զգացնել տալ իր գոյության մասին՝ թերևս համարելով, որ հանրային ինքնադրսևորման համար վտանգավոր շրջանն անցել է։ Արդեն վատ ու վտանգավոր օրինաչափություն է դարձել այն, որ Հ․ Մարությանի բոլոր հանրային ելույթներն ուղեկցվում են միտումնավոր ապատեղեկատվությամբ ու մանիպուլյատիվ ձևակերպումներով, որոնց արդյունքում բացասական մեծ լիցք է կուտակվել հանրության շրջանում, այդ թվում՝ Սփյուռքում։
Այս անգամ էլ Հ․ Մարությանը արջի ծառայություն է մատուցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որտեղ, իր խոսքերով, «հավանություն են տվել, որ ՀՑԹԻ-ում բացվի հատուկ բաժին, որը կազմված կլինի երեք գիտական աշխատողներից, որոնք կզբաղվեն Ադրբեջանում, Արցախում և Նախիջեւանում հայերի ցեղասպանության հարցերով»:
Հերթական ցինիկ գործելաոճի բացառիկությունն այն է, որ օրը ցերեկով Հ․ Մարությանը փորձում է ապակողմնորոշել նախարարությանը և հանրությանը, միտումնավոր կերպով կոծկելով այն փաստը, որ տողերիս հեղինակի կողմից դեռևս 2009 թ․ թանգարանում բացվել ու գործում է Արևելահայության ցեղասպանության ուսումնասիրության բաժինը՝ իր գիտաշխատողներով հանդերձ, իսկ հավաքչական աշխատանքների արդյունքում կազմակերպվել էր բացառիկ սկզբնաղբյուրներ պարունակող առանձին արխիվ, գրադարանային միավորներ։ Բացի այդ, թանգարանը այս թեմայով կազմակերպել էր երկու միջազգային գիտաժողով, հրատարակվել էին մի քանի հուշագրություններ ու մենագրություններ՝ այդ թվում օտար լեզուներով։
Կրկին եթերում ինքնահաստատվելու, վաղուց ստեղծածն ու գործողը քանդելու անհագ մոլուցքն է, որի արդյունքում Հ․ Մարությանը կրկին միտումնավոր սկանդալներ է հրահրում թանգարանի շուրջը։ ՀՑԹԻ-ում իր հայտնվելու մանրամասնություններն ու դրդապատճառները հանրությանը ներկայացնելու համար հանրային բանավեճի իմ հրավերից խուսափող այս անձը տակավին զբաղեցնում է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնը։
Նշեմ, որ բոլորովին վերջերս դատարանը անօրինական համարեց ՀՑԹԻ գիտաշխատողներից մեկի աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու Հ․ Մարությանի որոշումը, որի հիմքում գիտական ազատամտությունը ճնշելու ակնհայտ ու քստմնելի փորձն էր։
Հաշվի առնելով այս անձի գործելաոճի արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հեղինակությանը հասցված անվերականգնելի վնասը, ինչպես նաև հայոց ցեղասպանության ուսումնասիրության թեմային, իր իսկ խոսքերով, հասու չլինելու փաստը, ստիպված եմ հայտարարել, որ այսուհետ ինձ իրավունք եմ վերապահում դիմել հստակ ու կտրուկ քայլերի՝ այս խայտառակությանը վերջ տալու համար»։