Եթե զրահաբաճկոններ լինեին և գրագետ իշխանություններ ունենայինք, մենք այսքան զոհեր չէինք ունենա. ռազմական բժիշկ Տարոն Տոնոյան
«Պատերազմն այլ ելք կարող էր ունենալ: Դա արդեն ապացուցված բան է: Ես ինձ վրա եմ զգացել, ես մեր զորքին տեսնելով, անմիջապես շփվելով եմ զգացել, որ, այո, հնարավոր էր, որ այլ ելք ունենար, եթե մի փոքր կազմակերպվածություն, մի փոքր ավելի ճիշտ հրամաններ, և մենք կունենայինք բացարձակ այլ ելք: Այդ հանրաճանաչ հակահարձակման օրն արդեն Հադրութը տված էր, մենք Ազոխում էինք, մեր հոսպիտալն այնտեղ էինք տեղավորել: Մեզ ասացին, որ մերոնք հակահարվածի պետք է անցնեն: Առաջին հայացքից ուրախալի լուր է, չէ՞, որ պետք է հակահարված լինի, բայց շատերի համար, ովքեր հասկանում էին, դժվարությամբ դիմադրող բանակի հակահարվածն ինքնասպանության նման մի բան է»,- 168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ռազմական բժիշկ, վիրաբույժ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը:
Նրա խոսքով՝ եթե համեմատենք վիրաբուժության հետ, դա նույնն է, որ հիվանդն արյունաքամ է լինում, իսկ բժիշկը նրան ասում է՝ պետք է կրոս վազես, այսինքն՝ սպանում ենք նրան վերջնական, ոչ թե արյունահոսությունն ենք դադարեցնում:
«Մարտական ոգին պահելն այլ բան է, սուտը՝ բոլորովին այլ բան: Ստով ոգի պահել չէր կարելի: Մենք այնտեղ էինք, տեսնում էինք, որ Ջաբրայիլը հանձնված է, Արա լեռը, 9-րդ կիլոմետրը հանձնված են, բայց մեզ ասում էին՝ Ջաբրայիլի համար մարտերը շարունակվում են: Արդեն մենք ինքներս սկսում էինք չհավատալ՝ ինչի՞ համար է այս ամենն արվում: Այնտեղ գտնվողներն ասում էին՝ սա ի՞նչ խաղ է»,- ասաց ռազմական բժիշկը:
Տարոն Տոնոյանը նշեց, որ եղել են փախչողներ, և դա ամոթալի չէր այն պարագայում, երբ ռազմաճակատում խայտառակ անկազմակերպ վիճակ էր, իսկ բանակն ընդհանուր առմամբ հերոսական պայքար է մղել:
«Մահվան բարիեր հաղթահարելն ամեն մարդու բան չէ, և դա ամոթ բան չէ: Ամոթն ու խայտառակությունը նա է, որ այդ փախչողների միջից մարդիկ գալիս են այստեղ, հերոսանում են: Էն Թալինի ճանապարհին Փաշինյանին դիմավորողներից շատերին ես ճանաչեցի: Էդ որ ասում էին՝ պարոն Փաշինյան, թավիշին վերջ տուր: Ամոթը դա է: Նույն էդ խմբի մեջ ճանաչել եմ մարդկանց, ովքեր «Փարոս» են ստանում՝ օգնություն, և օգտագործվում են իշխանությունների կողմից: Չտեսա՞ք՝ ինչ խղճուկ տեսարան էր»,- ասաց բժիշկը:
Տարոն Տոնոյանի դիտարկմամբ՝ այս պատերազմում աննախադեպ մեծ թիվ էին կազմում ծանր վիրավորումները, և դրանք հիմնականում բեկորային վիրավորումներ են եղել:
«Բեկորային վնասվածքները, որպես կանոն, բազմաօրգան վնասվածքներ են լինում՝ սիրտ, թոք, լյարդ, փայծաղ, աղիներ, երիկամ: Շատ էին ծայրահեղ ծանր վիրավորները»,- նկատեց ՀՅԴ ԳՄ անդամը:
Անդրադառնալով պաշտպանիչ զրահաբաճկոնների պակասի խնդրին՝ միանշանակ ասաց, որ, եթե դրանք լինեին, մենք այսքան զոհ ու կորուստ չէինք կունենա:
«Պատերազմի առաջին օրերին, երբ դեռ մարտական գործողություններին կամավորները չէին մասնակցում, մեր վիրավորները հիմնականում գալիս էին ստորին և վերին վերջույթներով, այսինքն՝ որոնք պաշտպանված չէին զրահաբաճկոնով և սաղավարտներով: Երբ սկսեցին կամավորները գալ ու առանց ադապտացիայի մտնել կռվի մեջ, այդ ժամանակ մենք սկսեցինք ունենալ մեծ քանակի կրծքավանդակի և որովայնի խոռոչի վնասվածքներով վիրավորներ»,- ասաց Տարոն Տոնոյանը:
Վերջինիս խոսքով՝ երբ վիրավորներին բերել են հոսպիտալ, իրենք այդ զրահաբաճկոնները վերադարձրել են ռազմական ոստիկանությանը, որպեսզի բաժանեն ուրիշներին:
«Եթե զրահաբաճկոններ լինեին, և գրագետ իշխանություններ ունենայինք, մենք այսքան զոհեր չէինք ունենա»,- եզրափակեց Տարոն Տոնոյանը: