«Ինքն իրեն վերագրել է երկրի ղեկավարի դերը, իրականության մեջ մեր երկրի ղեկավարը Հանրապետության նախագահն է». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

-Պարո՛ն նախագահ, շատ է խոսվում այս պատերազմում Թուրքիայի դերակատարման մասին, Ձեր նախագահության օրոք Թուրքիան հանրային հարթակներում չի դիտարկվել իբրև պոտենցիալ սպառնալիք, իբրև պատերազմի աղբյուր, և չի ենթադրվել մի սցենար, որ մենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ կպատերազմենք, և Թուրքիան կդառնա հակամարտության կողմ: 2020-ի ամռանն էլ խորհրդարանական խմբակցության ղեկավարը մեզ ասում էր, որ Թուրքիան չի ներգրավվի այս պատերազմում, ինչո՞ւ, ըստ Ձեզ, Թուրքիան ներգրավվեց այս պատերազմում, որքան է եղել Թուրքիայի մասնակցության չափը, և ես ուզում եմ անհատականացված լսել Ձեր մոտեցումը, Դուք ընդունո՞ւմ եք Ձեր նախագահության շրջանի պատասխանատվությունը, միգուցե հանրային աշխատանք չի տարվել մարդկանց հետ, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, և այս պատերազմում մենակ չի թողնելու Ադրբեջանին:

-Ես այնքան էլ համամիտ չեմ Ձեր կարծիքի հետ, որ Թուրքիան միայն վերջին պատերազմի ժամանակ է աջակցել Ադրբեջանին: Թուրքիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին, միշտ: Այդպես է եղել 90-ականների սկզբին, կարող եմ օրինակներ բերել, այդպես է եղել 2000-ականների սկզբին ու 2008-ից հետո, և մշտապես հնարավոր թուրքական սպառնալիքը հակակշռվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով ու միջազգային հանրության հետ գրագետ աշխատանքով: Ապրիլյան պատերազմում Թուրքիան իր դերակատարումն ուներ, և որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ թուրքական հրահանգիչներն էին մարզել Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումները, բոլորի համար դա ակնհայտ է: Թե ինչու այս անգամ Թուրքիան այդպես անթաքույց ու համեմատաբար ավելի մեծ չափով իր մասնակցությունն ունեցավ, միայն մեկ բացատրություն ունի՝ այս ապիկար իշխանությունների դիվանագիտական ու անվտանգային քաղաքականության տապալմամբ: Արմատներն այդտեղ է պետք փնտրել: Ու նաև պետք է փնտրել, թե ինչո՞ւ ավելորդ լարվածություն ստեղծեցին մեր գլխավոր դաշնակցի հետ, և այդ հավասարակշռումը չեղավ, այդ հակակշիռը չգործեց այն աստիճանի, ինչ աստիճանի պիտի գործեր:

-Այսինքն՝ Թուրքիայի այսքան մեծ ակտիվությունը եղավ ի հաշիվ հայ-ռուսական վտանգված ռազմավարական հարաբերությունների՞:

-Վստահ եմ`այո, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ դա էլ տեղի ունեցավ, միգուցե ճիշտ բառը չեմ ընտրում, այն «սուտի» պատկերացմամբ, որ այդ լարվածությունը մեծացնում է մեր ինքնուրույնության աստիճանը: Մարդ պետք է հստակորեն գիտակցի, որ ինքը երկրի ղեկավար է, համենայն դեպս ղեկավարներից մեկը: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև ինքը իրեն վերագրել է երկրի ղեկավարի դերը, իրականության մեջ մեր երկրի ղեկավարը Հանրապետության նախագահն է: Ինքը պետք է հասկանա, որ դա տղայական մոտեցումներ չի սիրում, ինքը պետք է հասկանա, որ ինքը պատասխանատու է ոչ միայն իր արարքների համար, այլև պատասխանատու է ժողովրդի անվտանգության համար: Երբ դու, խախտելով բոլոր դիվանագիտական կանոնները, փորձում ես այսպես միանձնյա որոշում կայացնելու ճանապարհով վտանգել ՀԱՊԿ-ի հեղինակությունը, դու պետք է հասկանաս, որ վաղը, մյուս օրը խնդիրներ ես ունենալու:

-Գլխավոր քարտուղարի հետկանչի մասի՞ն եք ասում:

-Այո, երբ դու, խախտելով սեփական երկրիդ օրենքները, օդանավակայանում չես դիմավորում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրի ղեկավարին, ով նաև քո դաշնակիցն է, և այնուհետև ցուցում ես տալիս ֆեյքերին, անհայտ ծագումով կայքերին, որ գրեն, թե տես ինչ տղա է, ինչպես բարձրացրեց մեր սուվերենությունը, դու պետք է հասկանաս, որ վաղը, մյուս օրը դու դրա համար պատժվելու ես, սա ակնհայտ մի բան է: Դու պետք է հասկանաս, որ երբ ուրիշների թիկունքում գաղտնի բանակցությունների մեջ ես մտնում, այդ ուրիշները քո նկատմամբ վերաբերմունք են փոխելու, որովհետև նրանք իրենց գործողություններում ջանք են դնում, եռանդ են դնում, հեղինակություն են դնում, հասկանալի է՝ ունենալով իրենց շահերը: Այնպես որ, այստեղ բան չկա զարմանալու, թե ինչու որևէ մեկը այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանին` ռազմական գործողությունների վերսկսման համար:

Հիշո՞ւմ եք, չէ՞, թե ինչպես 2016 թվականի ապրիլին, երբ միջազգային հանրությունը միահամուռ կերպով դատապարտում էր Ադրբեջանի հարձակողական գործողությունը: Իսկ ինչո՞ւ մենք ժամանակին չպետք է ունենայինք, նույնիսկ եթե մենք չենք գիտակցել, որ պետք է ունենալ շատ լավ համապատասխան հակաօդային միջոցներ, ինչու մենք ժամանակին չպետք է ունենայինք: Ի՞նչ է նշանակում` Հայաստանի օդային տարածքը անհասանելի է, այսինքն՝ պարզ լեզվով ասված` մեզ արգելեցին Վրաստանի օդային տարածքով և կամ Իրանի օդային տարածքով տեղափոխել ռազմական բեռ: Երբևէ հիշո՞ւմ եք, որ լիներ դա Ապրիլյան պատերազմի օրերին, դրանից առաջ, կամ դրանից հետո, մենք խնդիր ունենայինք Վրաստանի օդային տարածքով ինչ-որ բան տեղափոխելո՞ւ, բա որտեղո՞վ էինք տեղափոխում S300-ները կամ Իսկանդերը և այլն: Այսինքն՝ դու բոլորի հետ փչացրել ես հարաբերությունները և ուզում ես քո նեղ պահին, քո օրհասական պահին նրանք ավելին անեն, քան կարելի՞ է:

Տեսանյութեր

Լրահոս