«Պատերազմի ընթացքում ինքնակամ շինություններ են ավելացել». Դավիթ Խաժակյան
«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Քաղաքապետարանի իրենց աղբյուրի փոխանցմամբ՝ պատերազմի շրջանում, երբ ողջ երկիրը զբաղված էր ռազմի դաշտում տեղի ունեցող իրադարձություններով և ոչ մի ուրիշ թեմա այդ շրջանում ոչ մեկին չէր հետաքրքրում, Երևանի քաղաքապետարանում բավականին աշխույժ եռուզեռ է եղել։ Մեծ թվով որոշումներ են կայացվել, օրինակ՝ գույքի օտարումների, վաճառքի, սեփականության ընդլայնումների՝ տարբեր թույլտվություններ, բարելավումներ։ Դրանց մեծ մասն արագացվել են, թե՝ շտապ է, հարկավոր է արագ ձևակերպել։ Որոշ որոշումների մասով անուններ են հնչել՝ այսինչինն է, այնինչինն է։
Քաղաքապետարանի կայքի 168.am-ի հետազոտությունը ցույց տվեց, որ իրապես պատերազմի օրերին քաղաքապետը մեծ թվով որոշումներ է ստորագրել հողամասերի, ավտոտնակների վարձակալության պայմանագրերի երկարաձգման, ինքնակամ կառույցների օրինականացման վերաբերյալ: Մեզ հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ շինթույլտվություններ մինչև դեկտեմբեր տրվել են մեծ քանակությամբ, սակայն հստակ թիվ ասել չի կարող:
«Գիտեմ, որ մինչև դեկտեմբեր մեծ քանակի տրամադրվել է, բայց հաշվի առնելով, որ դրանք չհրապարակվող փաստաթղթեր են, կդժվարանամ դրանց քանակի վերաբերյալ ճշգրիտ գնահատական տալ: Այստեղ այդքան քանակական չէ խնդիրը, որքան իմաստային, թե որքան խնդրահարույց շինթույլտվություներ են տրվել: Հետևել ենք, եղել են որոշումներ և՛ ընդլայնումների, և՛ տարբեր նման թույլտվություններ, բայց կոնկրետ շինթույլտվությունների մասով, դրանք չհրապարակվող փաստաթղթեր են: Ինքնակամ շինությունների օրինականացումը քաղաքապետի գործառույթն է, բայց թե այդ ինքնակամը կլինի մայթի վրա, թե չի լինի, դա մինչև որոշում առ որոշում չուսումնասիրվի՝ չենք հասկանա: Տարբեր բողոքներ ես ստացել եմ ընթացքում շինարարությունների վերաբերյալ, բայց դա արդեն 2 տարի շարունակվող, սովորական դարձած բան է: Այս ընթացքում դրանց քանակն ավելացե՞լ է, թե՞ չէ, պետք է հարցումներ անել և այդ հարցումների արդյունքներով նայել, բայց ես չեմ կարծում, թե թվային իմաստով մենք խնդրահարույց որոշումները կհասկանանք, որովհետև ամեն դեպքում պատերազմի ընթացքում քաղաքապետարանը դանդաղ է գործել: Այն որ բազմաթիվ ինքնակամ շինություններ են ավելացել պատերազմի ընթացքում, դա միանշանակ է: Ինքնակամ մեծ թվով շինարարություններ եղել են, և չեմ բացառում, որ դրանց զգալի մասի համար դիմում կա տրված, որ օրինականացնեն»,- ասաց Խաժակյանը:
Պատերազմի ընթացքում Երևանի ավագանու որոշմամբ՝ ավելի քան 49 մլն դրամ է տրամադրվել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար: Նույն ընթացքում քաղաքապետի կարգադրությամբ ավելի քան 4 մլն 600 հազար դրամ տրամադրվել է «Ձևավորում» ՓԲԸ-ին, որ Հայաստանի և Արցախի դրոշներով դրոշակազարդարում իրականացնի: Նպատակահարմա՞ր էր արդյոք պատերազմի ընթացքում նման ծախսեր անելը:
««Երևանտրանսի» ծախսի մասին ես խոսել եմ, դա համարում եմ ոչ արդյունավետ, որովհետև այն ընթացքում, որ քաղաքում կան բազմաթիվ խնդիրներ, այդքան գումար ծախսել սեփական ավտոպարկում կայանատեղի, լվացման կետ, մուտք, ելք, այսպիսի բաներ սարքելու համար, նպատակահարմար չէ: 10 տարուց ավելի է՝ «Երևանտրանս»-ը նույն վիճակում էր, որևէ մեկն այնտեղ ծախս չէր անում, որովհետև դա համարվում է ծախս սեփական գույքի վրա, թե հիմա դրանով իրենք ինչ օգուտ ստացան, ես կդժվարանամ ասել: Ինչ վերաբերում է «Ձևավորում» ՓԲԸ-ին, կդժվարանամ ասել, թե գումարն ինչի վրա է ծախսել, բայց տարբեր առիթներով կարելի է տեսնել, որ քաղաքապետի կարգադրություններով այս կամ այն ՓԲԸ-ին գումար է հատկացվում: Ես հիշում եմ, որ Արցախի և ՀՀ-ի դրոշներ կային փողոցներում, տեսել եմ, բայց թե քանակը պատվերի և կախվածի որքանո՞վ է համապատասխանում, չգիտեմ, բայց գիտեմ, որ այդ հոդվածով գումար տարեցտարի նախատեսվել է, և ենթադրում եմ, որ հենց այդ հոդվածով է գնումն իրականացվել»,- ասաց Խաժակյանը:
Ավագանու փետրվարի 12-ի արտահերթ նիստում նախորդ տարի չօգտագործված գումարի վերաբաշխում էր կատարվում: Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեցինք, թե ինչի՞ համար է նախատեսված եղել չծախսված գումարը, ինչո՞ւ չեն ծախսվել և արդյո՞ք նպատակային վերաբաշխում է կատարվել:
«Դրանք թերակատարումներով պայմանավորված՝ կուտակված միջոցներ էին: Թերակատարումը միշտ վատ է՝ անկախ նրանից՝ հանգամանքներն օբյեկտի՞վ են, թե՞ սուբյեկտիվ: Աբսուրդայինն այն է, որ մենք անգամ թերակատարում ենք ունեցել մայրաքաղաքում ասֆալտի վրա, որը, իհարկե, պայմանավորում եմ պատերազմի օրերին առգրավված բեռնատար մեքենաներով, բայց երբ ասֆալտապատումը մնում է մինչև սեպտեմբեր ամիս, դա այնքան էլ լավ երևույթ չէ: Մեծամասամբ ծախսերը թերակատարվել են, ծախսեր կան, որ առհասարակ մրցույթ չի հայտարարվել, որ կատարվեին, ուստի այդ վերաբաշխումը, ինչի վրա էլ որ արվի, ստացվում է, որ մի շարք կարևոր ծախսեր չեն իրականացվել: Վերաբաշխումը հիմնականում տարածվում էր ավտոբուսների գնման վրա: Մեզ անհրաժեշտ են ավտոբուսներ, բայց ես միշտ այդ մասին խոսել եմ, որ դա Քաղաքապետարանի անելիքը չէ, այն իմաստով, որ պետք է ներգրավել մասնավոր օպերատորի: Ինչքա՞ն կարող են իրենք համայնքային միջոցներից թերծախսեր թույլ տալ և հետո գնումներ անել, դա լավ կառավարման ձև չէ:
Սոցիալական բնակարանաշինության վերաբերյալ մենք ամեն տարի 300-400 միլիոնի մոտ գումար ենք տրամադրել, որ երկու երեք տարին մեկ կարողանանք գոնե մեկ բարձրահարկ շենք վեր խոյացնել, որ վթարային շենքերի վերաբնակեցում իրականացնենք: Այս տարի այդ գումարները չնչին էին, կարելի է ասել՝ նախատեսված չէին, ինչը ճիշտ մոտեցում չէ, և քաղաքապետը վերջին նիստին էլ շատ հստակ ասաց, որ, եթե Կառավարությունն այդ մասով գումար չի տրամադրում, ապա իրենք պարտավորված չեն զգում այդ խնդիրը լուծել, բայց մենք ունենք բազմաթիվ 4-րդ կարգի վթարային շենքեր, որոնց վերաբնակեցումը պետք է առանցքային խնդիր հանդիսանա իշխանության համար»,- ասաց Խաժակյանը: