Ֆինանսական միջոցների արտահոսքը շարունակվում է. Ինչքան փող է դուրս եկել Հայաստանից
Ֆինանսական միջոցների արտահոսքը Հայաստանից մեծ տեմպերով շարունակվում է։ Վերջին երեք տարիներին քաղաքացիների կողմից երկրից դուրս բերված գումարներն անցնում են տարեկան 1 մլրդ դոլարից։
2018թ. Հայաստանից դուրս է եկել 1 մլրդ 188 մլն դոլար։ Արդեն 2019թ. արտահոսքը հասավ ընդհուպ 1,5 միլիարդի։ Անցած տարի կազմեց 1 մլրդ 267 մլն դոլար։
Խոսքը բացառապես քաղաքացիների կողմից և միայն բանկային համակարգով գնացած գումարների մասին է։ Բայց գումարները դուրս են գալիս ոչ միայն ֆիզիկական անձանց կողմից և ոչ միայն բանկային համակարգի միջոցով։ Գումարները դուրս են գալիս նաև այլ ճանապարհներով, այդ թվում՝ տնտեսությունից։ Այդքան սպասված ներդրումների ներհոսքի փոխարեն՝ ունենք արտահոսք։ Գնում է ոչ միայն՝ օտարերկրյա, այլև՝ տեղական կապիտալը։ Կապիտալը Հայաստանում իրեն ապահով չի զգում։ Դրա համար էլ դուրս է գալիս երկրից։
Այնպես չէ, որ նախկինում ֆինանսական միջոցների արտահոսք չկար Հայաստանից։ Անշուշտ, կար։ Բայց ծավալներն անհամեմատ ավելի փոքր էին։
Վերջին տարիներին արտահոսքն ակտիվացել է։ Սպասվում է, որ առաջիկայում դեռ կշարունակի ակտիվանալ։
Իշխանությունները հասան նրան, որ ստեղծեցին բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի մարդիկ դուրս բերեն իրենց գումարները։ Միայն քաղաքական ու տնտեսական անկայունությունը, երկրի անվտանգության հետ կապված մարտահրավերները բավական են դրա համար։ Հայաստանը կանգնած է մեծ արտագաղթի ճանապարհին։ Մարդիկ պատրաստ են գնալ անվերադարձ՝ տանելով նաև իրենց ունեցվածքը։ Արտագաղթն իր հերթին՝ կարող է կապիտալի արտահոսքի լուրջ պատճառ դառնալ։ Սրա հետևանքներն առաջիկայում դեռ կտեսնենք։
Անցած տարի քաղաքացիները երկրից հանել են գրեթե 1,3 մլրդ դոլար։ Եղավ նույնիսկ մի պահ, երբ այս հատվածում ունեցանք ֆինանսական հոսքերի բացասական հաշվեկշիռ։ Աննախադեպ երևույթ, որը նախկինում երբևէ չէր դիտարկվել։ Առաջին անգամ ելքերը գերազանցեցին մուտքերը։
Այդպիսի պատկեր ունեցանք, մասնավորապես, նոյեմբերին. տրանսֆերտների տեսքով ավելի շատ գումարներ դուրս եկան երկրից, քան ստացվեց։
Հաջորդ ամիս, բարեբախտաբար, պատկերը փոխվեց։ Բայց այնպես չէ, որ այդ երևույթն առաջիկայում չի կարող կրկնվել։
Թե ինչո՞ւ և ո՞ւր են գնացել այդ հսկայական գումարները, դեռ մի կողմ թողնենք։ Բայց փաստ է, որ դրա հետևանքով տնտեսությունը մեծ ֆինանսական ռեսուրս է կորցրել։ Բարվոք պայմանների դեպքում այդ գումարները կարող էին մնալ ներսում և ծառայել մեր տնտեսությանը։ Այնինչ, նախընտրել են դուրս գալ։
Նախկինում տրանսֆերտային հոսքերից ստացվող գումարների մեծ մասը մնում էին ու մտնում ներքին տնտեսություն։ Հիմա գնում են ու ֆինանսավորում այլ երկրների տնտեսությունները։ Ներքին տնտեսության մեջ մնացող գումարները տրանսֆերտային հոսքերից էապես պակասել են։
Ոչ վաղ անցյալում արտաքին տրանսֆերտներից Հայաստանի տնտեսությունը հսկայական ֆինանսական ներարկում էր ստանում։ 2011-2014թթ. ֆիզիկական անձանց փոխանցումների մաքուր մուտքերն անցնում էին 1 մլրդ դոլարից։ 2013թ. այն ընդհուպ մոտեցել էր 1,5 միլիարդի։ Հիմա հազիվ 5-6 հարյուր միլիոնի է հասնում։ Ու հիմնական պատճառը ֆինանսական միջոցների արտահոսքի ակտիվացումն է։ Վերջին տարիներին արտահոսքն ավելի մեծ տեմպերով է ավելանում, քան ներհոսքը։
Անցած տարի դրսից մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստան է մտել ավելի քան 1,8 մլրդ դոլար։ Այնինչ՝ մաքուր հոսքը կազմել է ընդամենը 574 մլն դոլար։ 1,8 միլիարդից ընդամենը 574 միլիոնն է մնացել ներքին տնտեսության մեջ։
Դրսից փոխանցումներն անցած տարի նվազել են։ Բայց ոչ այնքան, որքան կանխատեսվում էր տարվա սկզբին՝ կապված տեղաշարժի սահմանափակումների ու դժվարությունների հետ, ինչի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ զրկվեցին արտագնա աշխատանքի մեկնելու և գումարներ վաստակելու հնարավորությունից։
Մասնավոր տրանսֆերտների տեսքով բանկային փոխանցումները դրսից նվազել են 5,9 տոկոսով։ Պակաս է ստացվել շուրջ 117 մլն դոլար։ Չնայած առանձին ամիսներին մուտքերը նույնիսկ գերազանցեցին նախորդ տարվա մակարդակը։
Դա նկատվեց հատկապես ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Հոկտեմբերին դրսից կատարված փոխանցումները տարվա կտրվածքով արձանագրեցին ամենաբարձր ցուցանիշը։ Այդ ամսին ֆիզիկական անձանց փոխանցումները Հայաստան գերազանցեցին 211 մլն դոլարը։ Այն 30 միլիոնով ավելի էր նախորդ տարվանից։ Նույնիսկ դեկտեմբերին, որը համարվում է տրանսֆերտային հոսքերի ամենաակտիվ ամիսը, մուտքերն այդքանի չհասան։
Հոկտեմբերին մուտքերի աճ ունեցանք անգամ Ռուսաստանից։ Տարվա ամբողջ ընթացքում ռուսական տրանսֆերտները նվազում էին, բայց հոկտեմբերին բավական կտրուկ ավելացան՝ ինչպես նախորդ ամսվա, այնպես էլ՝ նախորդ տարվա համեմատ։ Թեև դա էլ չօգնեց խուսափելու ռուսական տրանսֆերտների կրճատումից։ Տարվա կտրվածքով ունեցանք այս երկրից ֆիզիկական անձանց միջոցով Հայաստան փոխանցված գումարների բավական մեծ անկում։ Այն հասավ գրեթե 22 տոկոսի։
Անցած տարի Ռուսաստանից պակաս է ստացվել ավելի քան 231 մլն դոլար։ 2019թ. մուտքերը հասել էին 1 մլրդ 55 միլիոնի։ Այնինչ՝ անցած տարի կազմեցին հազիվ 824 մլն դոլար։
Սա այն ազդեցությունն է, որը Հայաստանի քաղաքացիները կրեցին արտագնա աշխատանքի չմեկնելու հետևանքով։ Բայց դա ամբողջ կորուստը չէ։ Դա այն կորուստն է, որը երևում է միայն բանկային համակարգի միջոցով։
Հայտնի է, որ Ռուսաստանից բավական մեծ ֆինանսական միջոցներ են գալիս Հայաստան նաև առձեռն կամ կանխիկով։ Փորձագիտական գնահատումներով՝ խոսքը բանկային համակարգով ստացվող գումարներին մոտ հոսքերի մասին է։
Անցած տարի, տեղաշարժի սահմանափակումների պատճառով, այդ գումարները հիմնականում չեն ստացվել։ Դատելով դրանց ծավալներից՝ դժվար չէ գնահատել այն սոցիալական ազդեցությունը, որը մարդիկ կրել են՝ արտագնա աշխատանքի չմեկնելու հետևանքով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ