Երբ տեսնեք, որ մի արտադրող օղի է արտադրել ու վրան չի գրել՝ 40 տոկոս, համաձակ կարող եք շիշը վերցնել, խփել գետնին. Ռուբեն Հայթյան
Որպեսզի սպառողը կաթնամթերք գնելիս մոլորության մեջ չհայտնվի, ապրանքը շուտով խանութներում կառանձնացվի: Անարատ կաթով ու փոխարինիչով պատրաստված մթերքը կլինի առանձին, և գնորդը կհասկանա, որ այս կամ այն ապրանքը ոչ թե պարունակում է բնական 100 տոկոսանոց կաթ, այլ պարունակում է բուսական յուղ:
ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության աշխատակից Մերուժան Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտնել է, որ այս պահի դրությամբ խոշոր առևտրային ցանցերից երեքում աշխատանքներն արդեն կատարված են, ևս չորսում աշխատանքներն ընթացքի մեջ են: Հետագայում տարբերակված դարակաշարեր կունենան նաև փոքր խանութները:
«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանի խոսքով՝ սա վաղուց պետք է արվեր:
Նրա փոխանցմամբ՝ կարևոր է նաև մակնշման խնդիրը:
«Գոյություն ունի մակնշման կարգ, չափս, գույն: Եթե ուշադիր լինեք՝ կաթնայուղի փոխարինիչներով արտադրված կաթնամթերքների դեպքում, օրինակ, մանր, կապույտ տառատեսակով կապույտ ֆոնի վրա է մակնշումը արված: Ես խոշորացույց եմ հետս տանում ու նոր կարդում եմ»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Ռուբեն Հայթյանը՝ շեշտելով, որ սպառողը պետք է իմանա, թե ինչ է գնում:
«Ժողովուրդն աչքերը փակ՝ գնում ու վերցնում է ապրանքը, որի վրա գրված է՝ «թթվասեր»: Մի անգամ հարցրեցի, թե այդ ի՞նչ եք գնել, մեկը պատասխանեց, թե՝ «թթվասեր», ասացի՝ սովորական կաթից պատրաստված թթվասե՞ր, թե բա՝ հա: Հորդորեցի կարդալ՝ տեսավ, որ գրված է՝ օգտագործվել է կաթնայուղի փոխարինիչ, այսինքն՝ բուսական յուղ: Լավ կլինի՝ նշեն, թե որ յուղով, որովհետև բուսական յուղ համարվում են զեյթունի, արևածաղկի, կոկոսի յուղերը: Եվ հիմա, երբ տարբերակում լինի՝ մրցակցություն էլ կլինի, ժողովուրդն էլ կհասկանա, որ կարող է կաթնայուղի փոխարինիչով կաթնամթերքը չգնել: Գրեթե նույն գներն են, 10-20 դրամի տարբերություն է:
Ցավոք, հայ գործարարների 70-80 տոկոսն ամեն կերպ ջանում է ոչ թե որակը բարձրացնել, այլ խորամանկել, որոշ չափով որակը, ինքնարժեքն իջեցնել ու խորամանկորեն նույնի տեղ մատուցել: Օրինակ՝ կարող են խոշոր տառերով գրել ոչ թե՝ թթվասեր, այլ՝ բուսական՝ կոկոսի կամ արմավի յուղով պատրաստված կաթնամթերք, ու սրա անունն ինչ կուզեն, թող դնեն՝ թեկուզ Կիկոս, բայց՝ ոչ թթվասեր:
Այսինքն, բացի դարակները փոխելուց, պետք է անուններն էլ փոխել: Թանն էլ մածունից է ստացվում, երկուսի դեպքում էլ չեն գրում, չէ՞, մածուն: Տեսեք, լինում է թթի, ծիրանի օղի, բոլորի վրա մենակ օղի գրե՞ն, ո՞նց կլինի: Դրա համար մեկին գրում են՝ թթի օղի, մյուսին՝ ծիրանի, և այլն: Իսկ եթե միայն օղի է գրված, ապա գիտենք, որ պատրաստված է էթիլ սպիրտից, կա 40 տոկոս թնդություն: Երբ տեսնեք, որ մի արտադրող օղի է արտադրել ու վրան չի գրել՝ 40 տոկոս, կոպիտ ասած՝ համաձակ կարող եք շիշը վերցնել, խփել գետնին ու ջարդել, որովհետև եթե օղի է, պետք է նշվի՝ 40 տոկոս: Իսկ մակնշումը պետք է սպիտակ ֆոնին մուգ տառատեսակով լինի, ոչ թե կապույտ ֆոնին՝ կապույտ, կարմիրին՝ կարմիր: Դա մոլորեցնելու միջոց է»,- նշեց Ռուբեն Հայթյանը: