Բաժիններ՝

Ազգային օպերայի ճարտարապետը։ Բեմական մարգարիտը, որ ծնվեց… ցնցոտիների մեջ

«1908 թվականն էր, երբ ես Ալեքսանդրապոլի դպրոցներից մեկում երգի եւ երաժշտության ուսուցիչ էի: Մի անգամ ինձ հրավիրեցին հայ գրականության դասի: Կարդում էին Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը: Հենց այստեղ ես առաջին անգամ լսեցի այդ հիանալի ստեղծագործությունը: Պոեմի երաժշտական խաղն ինձ չափազանց հրապուրեց: Շուտով այդ տպավորության տակ ես հորինեցի երաժշտություն «Համբարձում յայլայի» քառյակի վրա, որը եւ հետագայում իմ ամբողջ օպերայի հիմքում ընկավ որպես լեյտմոտիվ: Կարմիր թելի նման անցնելով օպերայի միջով՝ այն հանդես է գալիս մերթ խաղային եւ ուրախ գույներով, մերթ՝ թախծալի տոներով: Հենց սկզբից ինձ պարզ դարձավ, որ «Անուշ» պոեմը սքանչելի նյութ է օպերայի համար՝ գունեղ եւ կոլորիտային, որ բացառիկ հստակությամբ հաղորդում է անցյալի հայ գյուղի կյանքն ու կենցաղը…»:

Հայոց Շիրակ աշխարհը հնուց ի վեր հայտնի է եղել ժողովրդական ու գուսանական երաժշտության հարուստ ավանդույթներով: Այստեղ են իրենց աչքերը բացել հայ պոեզիայի և մշակույթի գագաթներ Ավ. Իսահակյանը, Հովհ. Շիրազը, գուսան Շերամը, Շարա Տալյանը, հայ մշակույթի ամենատարբեր բնագավառների մեծավաստակ շատ ու շատ այլ գործիչներ: Նրանցից մեկն է հայ օպերային արվեստի հիմնադիր սյունը՝ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Արմեն Տիգրանյանը:

Ծնվել է 1879 թ. դեկտեմբերի 26-ին, Ալեքսանդրապոլում: Հայրը՝ Տիգրանը, ուսյալ մարդ էր, մասնագիտությամբ՝ ժամագործ, ով հայրենի քաղաքի վանքին կից հոգաբարձուներից մեկն էր եւ նշյալ դպրոցում Ղազարոս Աղայանին աշխատանքի հրավիրող, բազմակողմանի ընդունակություններով օժտված անձը: Մայրը՝ Տիրունը, նույնպես հեռու չէր գիր-գրականությունից, երգարվեստից: Ինչպես հիշում է անվանի երաժիշտը՝ «Իմ մայրը սիրում էր երգել ժողովրդական, աշուղական եւ եկեղեցական երգեր, ինչպես նաեւ հայրենասիրական երգեր մեծ Վարդանի, նրա աղջկա՝ Շուշանիկի մասին: Երգեր, որ տարածվել էին անցյալ դարի 60-ական թվականներին: Նա արտասանում էր հայ բանաստեղծների ոտանավորները, որոնք, որպես ժամանակի կրթված կանանցից մեկը, լավ գիտեր: Եվ այս ամենը կատարում էր գործի ժամանակ, տնային տնտեսության սովորական պայմաններում, ոտքի վրա կամ նստած աշխատելիս»:

Դեռեւս պատանեկան հասակում էր երազում օպերա գրելու մասին, թեեւ այդ ժամանակ նրա երաժշտական գիտելիքները սահմանափակվում էին նոտագրով ֆլեյտա նվագելու կարողությամբ: «Տասներկու տարեկան էի, երբ Ալեքսանդրապոլի քաղաքային ուսումնարանում սկսեցի սովորել ֆլեյտայի վրա նվագել,- վերհիշում է Արմեն Տիգրանյանը:- Իմ ռեպերտուարում էին վալսեր, քայլերգեր, պապուրիներ եւ այլն: ժողովրդական երաժշտությունը, ժողովրդական եւ աշուղական երգերը, ինչպես եւ եկեղեցական եղանակները իմ մեջ էի ներծծում դպրոցից դուրս: Սիրում էի եկեղեցի գնալ, որպեսզի լսեմ այս կամ այն ձայնեղ հոգեւորականին կամ տիրացուին: Եկեղեցական արարողության որոշ մոմենտներ որոշակիորեն համընկնում էին թատերական մտքին եւ ինձ վրա խորը տպավորություն էին թողնում»:

Ապագա երաժշտի կյանքում մեծ նշանակություն ունեցան հայրական տանն հաճախակի անցկացվող գրական-երաժշտական երեկոները: Նրա ծնողները բարձրաձայն ընթերցում էին ռուս եւ արտասահմանյան գրողների ստեղծագործություններից՝ Դյումա, Հյուգո, ուրիշներ, իսկ իրենք՝ երեխաները, մոռացած դաս ու պարապմունք, ունկնդրում էին դրանք:

Տասնհինգ տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվում են հայ մշակույթի կենտրոններից մեկը՝ Թիֆլիս: Այստեղ էին հիմնվել Մակար Եկմալյանը, Կարա Մուրզան, իսկ ավելի ուշ՝ համերգներով հանդես եկել Կոմիտասը:

Ընտանեկան ծանր վիճակն ստիպում է ուսումնատենչ պատանուն աշխատել որպես գործակատար: Իսկ ավելի ուշ մեկնելու էր Տուապսե քաղաք՝ կամուրջների շինարարությունում աշխատելու: Բարեբախտաբար, դա կարճ է տեւում՝ ընդամենը մեկ տարի: 1899 թ. մրցութային քննություն տալով, որպես կրթաթոշակառու, ընդունվում է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի դասարան, այստեղ ծանոթանում այն ժամանակվա երաժշտական բարձրագույն կրթություն ստացած միակ հայ կոմպոզիտորի՝ Մակար Եկմալյանի հետ: «Գտնելով, որ հայ կոմպոզիտորը ինձ կարող է ճանապարհներ ցույց տալ ընկալելու ազգային երաժշտության հիմունքները,- վերհիշում է Արմեն Տիգրանյանը,- ես նրան դիմեցի՝ խնդրելով, որ ինձ հետ պարապի: Նա համաձայնեց պարապել, ընդ որում՝ անվճար: Սակայն իմ եւ իմ հեռանկարի նկատմամբ նա այն տեսակետին էր, որ ինձ հարկավոր է պատրաստել իր ծրագրով խմբավար կամ հայ եկեղեցական երգչախմբի ռեգենտ դառնալու համար: Ահա թե ինչ մոտեցում ուներ նա: Իսկ ինձ դիտել որպես ապագա կոմպոզիտորի կադր, նա բացառում էր»:

Սակայն ի վերուստ տրված շնորհքն ու տաղանդը վաղ թե ուշ պիտի բացահայտվեին: Դրան էապես նպաստելու էր օպերային արվեստը: Առաջին անգամ դիտելով Շառլ Գունոյի «Ֆաուստը»՝ այնքան է ոգեւորվում, որ միանգամից որոշում է օպերա գրել՝ անկախ այն հանգամանքից, որ չուներ երաժշտական լուրջ գիտելիքներ: Այդ տարիներին Թիֆլիսի օպերային թատրոնի խաղացանկում Չայկովսկու եւ Վերդիի օպերաներն էին, որոնց ազդեցությամբ էլ երիտասարդ երաժշտի մեջ ամրապնդվում է հայկական օպերա գրելու բուռն ցանկությունը:

Ա. Տիգրանյանի ստեղծագործական եւ երաժշտահասարակական գործունեությունն սկսվում է 1902-ից, երբ ավարտում է ուսումնառությունը եւ վերադառնում հայրենի քաղաք: Դպրոցներում երաժշտության դասեր է տալիս, կազմակերպում դպրոցական եւ ժողովրդական քառաձայն երգչախմբեր, նրանց հետ համերգներով շրջագայում Թիֆլիսում, Բաքվում, Կարսում: Այդ շրջանին են վերաբերում նրա առաջին ստեղծագործությունները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ, իմ ճամփեն», «Սեւ աչերեն», «Սիրտ իմ, լռիր», «Մնաք բարով» երգերը՝ Ավ. Իսահակյանի եւ Հովհ. Հովհաննիսյանի խոսքերով, հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումները:

Խորապես մտահոգ նոր սերնդի կրթման ու դաստիարակման խնդրով, մանկավարժ-երաժիշտը համոզված էր, որ այդ գործին պետք է կցվի նաեւ երաժշտական դաստիարակությունը: «Դրա համար,- իր հոդվածներից մեկում գրում է նա,-հարկավոր է դպրոցում երաժշտության ավանդումը ճանաչել նույնքան անհրաժեշտ, որքան մայրենի լեզվի ավանդումը»: Ապա շարունակում. «Պետք է բարձրացնել երաժշտական դպրոցների որակը… Դպրոցը պիտի ունենա կահավորված հատուկ դասարան: Պետք է մտցնել պարտադիր խմբական երգեցողություն, ուսումնասիրել եւ մշակել երգ-երաժշտության ծրագիր… Մեր ռադիոն, ակումբները, ինքնագործ խմբերը, անսամբլներն ու ճաշարանները, նույնիսկ դպրոցները վարակված են վատառողջ, հակամանկավարժական, ճաշակը բթացնող երգերով, որոնք ունեն նույնքան անհանդուրժելի տեքստ, որքան եւ երաժշտություն… Ահա պայքարը պետք է ուղղել սրանց դեմ եւ գեղարվեստական առողջ երաժշտության միջոցով դուրս հանել այն ամենը, ինչը վատ է, վուլգար եւ վարակիչ…»: Ճիշտ մեր ժամանակների իրողությունների վերաբերող մտահոգություններ…

1912 թ. օգոստոսի 17. Ալեքսանդրապոլի քաղաքային ժողտանն առաջին անգամ կատարվում է «Անուշ» օպերան ամբողջությամբ: Այն բեմադրվում է հեղինակի ստեղծած եւ սովորեցրած սիրողական խմբակի ուժերով: Այն օրերի երաժշտագետ Ալեքսանդր Շահվերդյանը գրում է. «Հիրավի, կլասիկական օպերան ծնվեց ցնցոտիների մեջ: Բավական է ասել, որ նվագախումբը կազմված էր միայն 12 երաժշտից: Կատարողների մեջ թե բեմում եւ թե մենակատարների մեջ գերակշռում էր դպրոցական հասակի երիտասարդությունը, որը երգում էր անկեղծ ոգեւորությամբ եւ ջանասիրությամբ, բայց զուրկ էր անհրաժեշտ փորձառությունից եւ պրոֆեսիոնալ վարպետությունից: Շենքի անհարմարություն, միջոցների ծայրահեղ սահմանափակություն, հագուստների եւ դեկորների աղքատություն… Ահա այսպիսի պայմաններում իրագործվեց «Անուշի» առաջին բեմադրությունը: Եվ, այնուամենայնիվ, ներկայացումն ունեցավ անօրինակ հաջողություն…»:

Հավելենք, որ Սարոյի առաջին դերակատարը Շարա Տալյանն էր, Անուշինը՝ Թիֆլիսի Սուրբ Գեւորգ եկեղեցու քահանայի դուստր Աստղիկ Մարիկյանը, Մոսիինը՝ նույն քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու տիրացուի որդին՝ Ներսիսյան դպրոցի շրջանավարտ Վարդան Մարտիրոսյանը:

Իսկ մայրաքաղաքի օպերային թատրոնում այն առաջին անգամ ներկայացվում է 1935 թ.: Արմեն Տիգրանյանի հաջորդ օպերան՝ «Դավիթ Բեկը» ծնվելու էր ավելի ուշ, որի բեմականացումը տեսնելու բախտը վիճակված չէր մեծանուն երաժշտին: Նա վախճանվում է 1950 թ. այս օրը՝ միանալով հայ անմահ երախտավորների փաղանգին…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս