Երկրաշարժի հետևանքով ՀԱԷԿ-ի հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի առաջացել
Հայաստանի տարածքում տեղի ունեցած 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի առաջացել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:
«Խնդիրներ չեն առաջացել, քանի որ երկրաշարժի ուժգնությունն ատոմակայանի տարածքում կրկնակի ցածր է եղել անվտանգության համակարգի միացման համար թույլատրելի սանդղակից: Կայանը շարունակում է աշխատանքը իր բնականոն ռեժիմով՝ թույլատրելի ամբողջ հզորությամբ»,- նշեց Մուրադյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կոնկրետացնում է փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք․ Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս:
«Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)։
Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ»,-հայտնում է ԱԻՆ-ը: