«Սա շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ եթե ասում են այսքան բալ, ինչ է դա նշանակում»․ Նիկոլայ Գրիգորյան
Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սա պետք է իմանան բոլորը
Արտակարգ Ալիքի՝՝ Որ փորձությունը փորձանք չդառնա գրքից
Երկրաշարժի մագնիտուդ և ուժգնություն
Դեռ հարյուրամյակներ առաջ մարդիկ փորձել են որոշել երկրաշարժերի ուժը` ելնելով դրանց պատճառած վնասներից: Եթե մի երկրաշարժ ավերել է ավելի շատ շենք, քան մյուսը, ապա այն համարվել է ավելի ուժգին: Թեև նման մոտեցումը թվում է տրամաբանական, սակայն այն չի կարող համարվել բացարձակ ճիշտ: Ավերածությունների չափերը կախված են ոչ միայն երկրաշարժի ուժից, այլև շինությունների որակից և դրանց հիմնատակի ապարների հատկությունից: Բացի դրանից, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, հզոր երկրաշարժը կարող է ավելի քիչ վնաս պատճառել, քան թույլը:
Այս «հանելուկը» բացատրելու համար հիշենք, որ տատանումների մեծությունը մակերեսի վրա կախված է երկու գործոնից` հիպոկենտրոնից ճառագայթվող էներգիայի քանակից և երկրաշարժի օջախի խորությունից:
Կարող է լինել այնպես, որ ճառագայթվող էներգիայի քանակը լինի շատ, բայց այն անջատվի մեծ խորությունում, այսինքն` օջախը խոր լինի: Այս դեպքում սեյսմիկ ալիքները, մինչև երկրի մակերես հասնելը, զգալիորեն մարում են, թուլանում, ցնցումներն էլ, բնականաբար, լինում են թույլ:
Մի այլ երկրաշարժի դեպքում կարող է անջատվել ավելի քիչ էներգիա, բայց փոքր խորություններում:
Սեյսմիկ ալիքներն այդ դեպքում քիչ թուլանալով կհասնեն երկրի մակերես և, հետևաբար, կառաջացնեն ուժեղ ցնցումներ:
Ուստի երկրաշարժերի ուժի հարցում շփոթությունից խուսափելու համար հարկավոր է հստակ գիտենալ, որ երկրի մակերեսին տեղի ունեցող ցնցումների ուժգնությունը կախված է ոչ միայն օջախում անջատված էներգիայի քանակից, այլև օջախի խորությունից և վերը նշված այլ հանգամանքներից:
Անջատված սեյսմիկ էներգիայի մեծությունը սեյսմոլոգները գնահատում են մագնիտուդով: «Մագնիտուդ» հասկացությունը 1935 թ. գործածության մեջ դրեց Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Ռիխտերը: Նա էլ մշակեց երկրաշարժերի մագնիտուդների սանդղակ, որն այժմ կրում է «Ռիխտերի սանդղակ» անունը: Այդ սանդղակի ամենաբարձր աստիճանը համապատասխանում է 9 մագնիտուդի, որի էներգիայի մեծությունը կարելի է համեմատել ջրածնային ռումբի պայթյունից անջատված էներգիայի հետ:
Այլ բան է երկրաշարժի ուժգնությունը, որը որոշվում է շինություններում` ցնցումների հետևաքնով առաջացած վնասվածքների և ավերածությունների աստիճանով: Ամենաուժեղ ցնցումները, բնականաբար, տեղի կունենան էպիկենտրոնում և նրա մոտակա տարածքում: Ինչքան հեռու է տեղանքը էպիկենտրոնից, այնքան փոքր է այնտեղ երկրաշարժի ուժգնությունը: Ի տարբերություն մագնիտուդի, ուժգնությունը անմիջականորեն չափվող մեծություն չէ: Այն որոշելու համար հարկավոր է ուսումնասիրել վնասված տեղանքը, բնակավայրերը, տեսնել, թե ցնցումների հետևանքով ինչ վնասվածքներ են ստացել շենքերը, շինությունները և տեղանքի ռելիեֆը: Երկրաշարժի ուժգնության որակական գնահատման համար մշակված է 12 բալանոց սանդղակ (MSK-64), որի պարզեցված տարբերակը բերվում է ստորև:
Սա շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ եթե ասում են այսքան բալ, ինչ է դա նշանակում:
Երկրաշարժի ուժգնությունը.
12 բալանոց (MSK-64) սանդղակ
1 բալ – Մարդիկ այն չեն զգում. գրանցվում է միայն սեյսմոգրաֆների կողմից:
2 բալ – Զգում են շատ քչերը, եթե նրանք գտնվում են բարձրահարկ շենքերում, հանգիստ վիճակում:
3 բալ – Զգում են նրանք, ովքեր գտնվում են շինություններում, հատկապես վերին հարկերում: Դրսում գտնվողների մեծամասնության կողմից այն որպես երկրաշարժ չի ընկալվում: Նկատվում է վիբրացիա և առարկաների թույլ ճոճում:
4 բալ – Շենքի ներսում զգում են գրեթե բոլորը, դրսում` քչերը: Գիշերը ոմանք արթնանում են, ամանեղենը զրնգում է: Լսվում է պատուհանների և դռների դռռոց: Կահույքը ցնցվում է, կախված առարկաները նկատելիորեն ճոճվում են:
5 բալ – Զգում են բոլորը, շենքերը ցնցվում են ամբողջությամբ: Գիշերը շատերն արթնանում են, ամանեղենի մի մասը և պատուհանների ապակիները կոտրվում են, պատերի ծեփի մեջ տեղ-տեղ ճաքեր են առաջանում: Կախված առարկաներն ուժեղ ճոճվում են:
6 բալ – Զգում են բոլորը, ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում: Շատերը վախից դուրս են վազում: Չամրացված կահույքը տեղաշարժվում է: Որոշ տեղերում պատերի ծեփը թափվում է: Ծխնելույզները թեքվում են: Ավերածությունը քիչ է:
7 բալ – Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները քիչ են, տիպային լավ կառույցներում` թույլից-չափավոր, վատ նախագծված կամ վատ կառուցված շինություններում` զգալի:
Շենքերի ծխնելույզները շարքից դուրս են գալիս:
8 բալ – Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները թեթևակի են, տիպայինում` նշանակալի, վատ կառույցներում տեղի են ունենում ավերածություններ: Թեքվում և ընկնում են վառարանային և գործարանային ծխնելույզները, սյուները և հուշարձանները: Հորատանցքերում և ջրհորներում փոխվում է ջրի մակարդակը: Երկրի մակերեսի վրա երբեմն առաջանում են ճեղքեր:
9 բալ – Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները լուրջ են, մյուսներում նկատվում են զանգվածային փլուզումներ: Երկրի մակերեսին առաջանում են բազմաթիվ ճեղքեր:
10 բալ – Երկրի մակերեսին առաջացած ճեղքերի լայնությունը հասնում է մինչև 1 մետրի: Ավերվում է նույնիսկ լավ կառուցված փայտե և քարե տների մեծամասնությունը: Ծռվում են երկաթգծի ռելսերը: Գետերի ափերի և սարալանջերի հողն սկսում է սահել:
11 բալ – Կանգուն են մնում միայն շատ քիչ երկաթբետոնե կառույցներ, փլվում են կամուրջները: Երկրի մակերեսին առաջանում են բազմաթիվ ճեղքեր: Փլուզումները համատարած են:
12 բալ – Հիմնահատակ կործանում: Երկրի մակերեսին առաջանում են լայն և երկար ճեղքեր: Գետերը փոխում են հուները: Փլուզվում են լեռները, լանջերի վրա առաջանում են բազմաթիվ սողանքներ, որոնց հետևանքով երբեմն առաջանում են արհեստական լճեր:
Այսպիսով, յուրաքանչյուր երկրաշարժի հզորության համար գոյություն ունի ընդամենը մեկ մագնիտուդ, սակայն այդ նույն մագնիտուդի երկրաշարժը կարող է երկրի մակերեսի վրա առաջ բերել տարբեր ուժգնության ցնցումներ, ամենաուժեղից (էպիկենտրոնի տարածքում) մինչև ամենաթույլը` էպիկենտրոնից մեծ հեռավորության վրա:
Հետևաբա՝ր երկրաշարժի ուժգնությունը երկրի մակերեսի տվյալ շրջանում հիմնականում կախված է մագնիտուդից, այսինքն` անջատված էներգիայի մեծությունից, օջախի խորությունից և էպիկենտրոնից նրա ունեցած հեռավորությունից»: