«Նույնիսկ լավ բանն այս իշխանությունն այնպես է կազմակերպում, որ վատ է ստացվում». Դավիթ Ափոյան

ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի կարծիքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում բազմաթիվ վիճահարույց կետեր կան:

«Նախնական քննարկումներ շահառու կողմերի հետ չեն եղել, տվյալ պարագայում՝ բուհերի կարծիքները, մեծ հաշվով, տեղ չեն գտել նախագծում: Այս օրենքի նախագիծը մշակվել է նեղ խմբի կողմից, որն ունի իր քաղաքական նպատակները, որոնց օրենքի նախագծի ընդունումից հետո բոլորս ականատես կլինենք: Օրենքն ունի մի շարք վիճելի կետեր, նախ՝ այն ոչ թե տալիս է ինքնավարություն բուհերին, ինչպես սահմանված է Սահմանադրության 38-րդ կետով, այլ սահմանափակում է բուհերի ինքնավարությունը: Հոգաբարձուների խորհուրդը, եթե այս պահին գործող օրենքով բաղկացած է 32 անդամից՝ 8 ուսանող, 8 դասախոս, 8 կառավարության և 8 լիազոր մարմնի ներկայացուցիչներ համամասնությամբ, իսկ նոր օրենքի նախագծով ամբողջությամբ փոխվում է, և որևէ հիմնավորում չի տրվում: Նոր օրենքով կառավարման խորհուրդը պետք է բաղկացած լինի 9 անդամից, որից 5-ին ներկայացնելու է լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ ներկայացուցիչներից, իսկ 4-ին ներկայացնելու է բուհը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դավիթ Ափոյանի խոսքով՝ եթե գործող նախագծով հոգաբարձուների խորհրդում կային 16 արտաքին և 16 ներքին ներկայացուցիչներ, ապա այս օրենքի նախագծով՝ իշխանության ներկայացուցիչներն ունեն մեծամասնություն.

«Սա այն հիմքով է հիմնավորվում, որ քանի որ կառավարությունն է հիմնադիրը, նա էլ պետք է կառավարի բուհը, հիմնական մեծամասնություն կազմի կառավարման խորհրդում. Հարգելիներս, այդ դեպքում ո՞ւր մնաց ինքնավարությունը, որը Սահմանադրությամբ է սահմանվում»:

Նա համոզմունք հայտնեց, որ այս ամենն ուղղված է ռեկտորի ընտրություններին. «Վերջին 2.5 տարվա ընթացքում ի՞նչ տեսանք՝ գործող ռեկտորներին վարկաբեկելով՝ հրաժեշտ տվեցին, փորձեցին կազմակերպել նոր ընտրություններ, ու բոլոր տեղերում, որտեղ, թերևս, կարողացան ընտրությունները կազմակերպել՝ ուղեկցեցին վիճահարույց հարցերով, օրինակ՝ Տնտեսագիտական համալսարանը: Սա խոսում է իշխանության տկարության մասին, որովհետև պարզից էլ պարզ է, որ փորձում են իշխանություն հաստատել բուհի վրա: Քանի որ չեն կազմակերպում, նշանակում է՝ չունեն հավատարմության երդում տված անձ՝ որպես ռեկտորի թեկնածու»:

Հարցին՝ այդ դեպքում իմաստը ո՞րն է փոփոխություն անելու, եթե ռեկտորի թեկնածու, այսպես թե այնպես, չունեն, նա պատասխանեց. «Այս սկզբունքով ևս մեկի ֆիլտր են ավելացնում, որպեսզի կարողանան հավատարմության երդում կորզել նոր ռեկտորից: Նոր օրենքի նախագծով ասվում է, որ հերիք չէ՝ կառավարման խորհրդում մոտավորապես 60 տոկոս ձայներ ունեն, մի հատ էլ՝ ավելացրել են մի խողովակ, որ հոգաբարձուների խորհուրդը պետք է առաջադրի մինչև 3 թեկնածուի, որոնցից նախարարը պետք է որոշից, թե ով լինի ռեկտոր: Այստեղ ընդհանրապես ոչնչացված է բուհական ինքնավարությունը»:

Դավիթ Ափոյանը նկատեց, որ նույնիսկ հիմա հոգաբարձուների խորհրդի նիստերի ժամանակ, երբ օրակարգային առաջին հարցը վերաբերում է որևէ ընտրության, ապա խորհրդի 32 անդամները ներկա են լինում, բայց երբ այլ հարց է քննարկվում, կառավարության ներկայացուցիչները դուրս են գալիս. «Օրակարգը երբ սպառվում է, արդեն ներկա են լինում միայն 8 դասախոսները և 8 ուսանողները: Վառ օրինակը  հոգաբարձուների խորհրդի վերջին նիստն էր՝ 18 անդամ էին մնացել, որից 16-ը բուհի ներկայացուցիչներն էին: Նրանք հիմնավորում են, որ՝ զբաղված էինք. Եթե ունեք զբաղմունք, մի՛ եկեք, դա անհարգալից վերաբերմունք է բուհի հանդեպ, երբ դու գալիս ես մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստին, որտեղ որոշվում է բուհի ճակատագիրը, արհարամարհական դուրս ես գալիս, ուրեմն՝ դու իրավունք չունես այդտեղ գտնվելու, էլ չեմ ասում՝ ռեպլիկներ թողնելով ես դուրս գալիս»:

Անդրադառնալով պատերազմին մասնակցած անձանց երեխաներին և պատերազմի մասնակից ուսանողներին տրվող փոխհատուցումներին՝ նա հետևյալն ասաց. «Տպավորություն է, որ նույնիսկ լավ բանն այս իշխանությունն այնպես է կազմակերպում, որ վատ է ստացվում: Այն քաղաքացիները, ովքեր մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը, պետք է գնահատված լինեն մաքսիմալ՝ հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով:

Ուսանողների պարագայում մշակվեց աջակցության ծրագիր, որը սահմանեց մի չափանիշ, ըստ որի՝ այն ուսանողները, ովքեր մասնակցել են ռազմական գործողություններին, պետք է ունենան համապատասխան նշում զինվորական գրքույկներում, որի համար կստանան ուսման վարձի 1 կիսամյակի համար նախատեսված ամբողջական փոխհատուցում:

Նախ սկսենք այնտեղից, որ՝ ինչո՞ւ մեկ կիսամյակի համար:

Տեսեք՝ ես անձամբ մասնակցել եմ պատերազմական գործողություններին, ու այն ուղղությամբ, որում մասնակցել եմ, զորամասը, ցավոք, մնաց թշնամու տիրապետության տակ: Այն ամբողջ թղթաբանությունը, որը կարող էր հավաստել, որ ես եղել եմ այս մարտական գործողությունների մասնակից, մնաց զորամասի տարածքում կամ ընթացքում վերացվեց: Հիմա արդյո՞ք արդար պատասխան է ինձ ու իմ նման կարգավիճակ ունեցող մարդկանց հանդեպ, երբ չկա հավաստող փաստաթուղթ, ինչի հիման վրա զինվորական գրքույկում նշում չի լինի, ինչը նաև հետագայում արտոնություններ չի տա: Ես հուսով եմ, որ այդ հարցը կկարգավորվի, որովհետև տվյալ զորամասի ղեկավար կազմը նվիրված աշխատանքներ է կատարում»:

Նա նշեց, որ նման կարգավիճակ ունեցող ուսանողների բողոքները հիմա շատ չեն բարձրաձայնվում, որովհետև բուհի հետ պայմանավորվածություն ունեն, որ մինչև մարտ ամիս ուսման վարձերի հարցով հիմնական շահառուներին չեն անհանգստացնի. «Մինչ այդ այդ հարցը կլուծվի՞, թե՞ ոչ, Աստված գիտի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս