«Արի ու տես, որ չճշտված սահմաններով արդեն խոսում են կոմունիկացիաների մասին. Սա իրավունքների և օրենքների ոտնահարում է անգործությամբ». Սյունիքի մարզում «ցավոտ իրավիճակներ»-ի պակաս չկա
Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում, առանց հրապարակված դելիմիտացիայի պայմանագրի, սկսվեցին դեմարկացիայի աշխատանքները: Այս սահմանազատումների հետևանքով Սյունիքի մարզի մի շարք գյուղեր հայտնվեցին հենց թշնամու թիրախում:
Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով տեղի ունեցողին՝ դեռ դեկտեմբեր ամսին կառավարության նիստում հարկ էր համարել նշել.
«Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»:
Ցավոտ իրավիճակները չուշացան նախ՝ դեկտեմբերի 28-ին Կապան-Գորիս միջպետական ճանապարհին հայտնվեց «Բարի Գալուստ Ադրբեջան» ցուցանակը, ապա նաև՝ Որոտան ու Շուռնուխ գյուղերում հայտնվեցին ադրբեջանցիները՝ «էս սարն իմն է, էս ձորն իմն է» բանավոր պահանջով:
Ի վերջո, GPS համակարգի կամ Գուգլ քարտեզի կիրառության հետևանքով այս գյուղերից անգամ թաղամասեր անցան Ադրբեջանին, ու արդեն հայտնվեցին ադրբեջանական նոր ցուցանակներ:
168.am-ի հետ զրույցում Գորիսի տարածաշրջանի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն այսօր գյուղում առկա իրավիճակի մասին պատմեց. «Գյուղում ընդհանուր մանթրաշ վիճակն է, որ կոնկրետ եթե համոզված ենք, որ հողը մերն է, տարածքը մերն է, ինչի՞ պիտի մենք մեր տարածքից զրկվենք»:
Հակոբ Արշակյանը պատմում է, որ նոր անհանգստություններ են նաև առաջ եկել. «Երեխա է, կարող է անընդհատ ուշադիր ես, ուշադիր, մի անգամ էլ անուշադրության մատնես-անցնի այն կողմը. մայրուղին է բաժանում ընդամենը»:
Սակայն այս ամենը սկիզբն է երկանց. հունվարի 22-ին Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող, այսինքն՝ խաղաղ բնակավայրերն իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները տեղադրեցին «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, իսկ դրանից առաջ` նաև ադրբեջանական դրոշներ:
«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես վերջին օրերին զայրույթի ու անհանգստության ահազանգեր է ստանում Կապան քաղաքի, ինչպես նաև Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ գյուղերի բնակիչներից՝ կապված այդ ցուցանակի հետ: Նույնը վերաբերում է նաև դրոշների տեղադրմանը ճանապարհի այդ հատվածներում: Պաշտպանին անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացրել նաև Կապան համայնքի ղեկավարը»,- ասվում էր պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ՝ նշելով, որ այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին (անհրաժեշտ ապացույցներով), առանձին հաղորդումներ՝ նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին:
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան գրառմամբ վերահաստատեց՝ իր այն դիրքորոշումը, որ Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից:
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ սահմանային վերջին «ճշգրտումներից» հետո 16 գյուղ դարձել է սահմանամերձ:
Թե ինչպե՞ս են համայնքի բնակիչներն արձագանքել տեղադրված ցուցանակին, մեր հարցին ի պատասխան, Գևորգ Փարսյանը հայտնեց, որ եղել են դեպքեր նաև, որ փորձել են վնասել՝ ներկ լցնել, այրել, ապա հավելեց. «Բնական էր, որ նման բաներ պիտի տեղի ունենային, ամեն ինչ էլ սպասելի էր. ադրբեջանցիները հենց այդ սադրիչ նպատակով էլ ցուցանակը տեղադրել էին: Ցուցանակի տեղադրելը սադրիչ բնույթ ուներ, նրանք լավ էլ պատկերացնում էին, որ մեր քաղաքացիները պարզապես հանգիստ այդ ցուցանակի մոտով չեն անցնելու»:
Կապան համայնքի ղեկավարը դրական է գնահատում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունը. նշում է, որ պաշտպանը շատ հետաքրքրված է Սյունիքի մարզի խնդիրներով.
«Ինքը կապ պահում է, ամեն հարցով անհանգստացած է, և իրենց կախված ամեն ինչ անում է, որ ինչ-որ մի չափով էս ժողովրդի խնդիրները թեթևացնի»:
Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք բացի պաշտպանի գրասենյակից՝ տեղի ունեցողի վերաբերյալ տեղեկացրել են պետական պատկան կառույցներին, և նա զայրույթով արձագանքեց.
«Ինչի իրենք չգիտե՞ն՝ այստեղ ինչ է կատարվում, ինչ վիճակ է: Բա իրենց մարզպետարանն ինչի՞ համար է այստեղ»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը մեր խնդրանքով անդրադարձավ Սյունիքում առկա խնդիրներին ու նաև իշխանությունների կողմից դրան ոչ համարժեք «ձեռքերը լվանալու» քաղաքականությանը:
Նա տեղի ունեցողը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում և պետության անվտանգության դեմ հանցագործություններ որակեց.
«Այն, որ բոլորը խոսում են Սովետական Միության վարչական սահմանների մասին, և դրանք նույնացնում են պետական սահմանների հետ, դա ոչ միայն անգրագիտություն է, դա հանցագործություն է մարդու իրավունքների դեմ: Կարելի է այդ հարցով դիմել մինչև անգամ Եվրոպական դատարան, որովհետև բոլորս ենք տեսել, որ գյուղում երեխան պատուհանից նայում է և շատ մոտ տեսնում է իրենց թշնամի դրսևորող պետության ներկայացուցիչներ:
Դա, անշուշտ, մարդու անձնական կյանքի վտանգ է, այսինքն՝ դա անմիջապես կոնկրետ մարդու իրավունքների դաշտից է, ինչը և վերաբերում է պետության անվտանգության հարցերին: Եվ դրա համար, դա և հանցագործություն է ՀՀ Քրեական Օրենսգրքի 28-րդ գլխում նախատեսված մի շարք հոդվածներով: Այդ գլուխն այդպես էլ կոչվում է՝ Սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ հանցագործություններ»:
Իսկ թե ինչու է որակում հանցագործություն, նշեց.
«Երբևիցե այնպես չի լինում, որ ուղղակի նյութական այն սահմանը, ինչպես եղել է մի պետության մեջ, հանկարծակի դառնա միջպետական սահման՝ առանց նախնական մասնագիտական հանձնաժողովի ստեղծման (եթե չի ստացվում երկկողմանի, երրորդ կողմի մասնակցությամբ՝ շատ անգամ, դրա մեջ կարող են ընդգրկվել և ՄԱԿ-ի ներկայացուցիչները)»:
Նա շեշտեց՝ միջպետական սահմանը պետք է պաշտպանված լինի, պաշտոնապես հաստատված լինի, և ոչ թե՝ Ադրբեջանի քաղաքացին գա բանակցելու Հայաստանի քաղաքացու հետ:
Իրավապաշտպանը պարզաբանեց, որ ասվածը վերաբերում է սեփական պետության ղեկավարությանը, քանի որ նրանց կողմից տեղի է ունենում նորմի, օրենքի և իրավունքի ոտնահարում՝ անգործությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացին նախ և առաջ պետք է իր հարցերը լուծի սեփական պետության հետ, ինչո՞ւ, որովհետև հենց մեր պետությունը՝ հանձինս իշխանությունների, միանալով մարդու իրավունքների միջազգային պայմանագրերին, պարտավորվել է՝ ինչպես միջազգային հանրության առջև պաշտպանել մարդու բոլոր իրավունքները, մասնավորապես, նրա կյանքի իրավունքը, և սահմանադրական նորմի մեջ տեղադրելով այդ հոդվածները՝ նա պարտականություն է վերցնում իր քաղաքացու առաջ»:
Լարիսա Ալավերդյանը հակիրճ սահմանում է, թե որոնք պետք է լինեին գործող ղեկավարության անելիքները.
«Քանի որ հիմա միջնորդ պետությունը Ռուսաստանն է, նախ և առաջ՝ պետք է դիմեին Ռուսաստանին՝ ստեղծելու հենց այդ սահմանների հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողով. արի ու տես, որ չճշտված սահմաններով արդեն խոսում են կոմունիկացիաների մասին, այսինքն՝ ստեղծվում է հատուկ հանձնաժողով, իսկ սահմանների գծով չի ստեղծվել, ես դրա համար եմ շատ պարզ արտահայտվում, որ սա իրավունքների և օրենքների ոտնահարում և անտեսում է անգործությամբ»: