Որոտանի և Շուռնուխի սահմանային հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել. Փաշինյան

Կառավարության այսօրվա՝ 2020 թվականի վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի մարզի սահմանային, ինչպես նաև սահմանազատման աշխատանքներին՝ նշելով, թե այդ աշխատանքները որոշակի բարդություններ են պարունակում:

«Սյունիքի մարզում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ: Եվ այդ տեղորոշման աշխատանքներն ունեն որոշակի նրբություններ և որոշակի բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա և այդ աշխատանքն անհրաժեշտ է Սյունիքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման տեսանկյունից:

Համենայն դեպս մեր, և այդ թվում՝  Պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ մենք այս գործունեությամբ, որոնք կարող են ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, և Սյունիքի անվտանգության և Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում:

Իհարկե, այնտեղ կարող են… երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը Սյունիքի մարզի Որոտան համայնքի, գյուղի, բնակավայրի մասին է, երկրորդը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի, որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,- ասաց Նիկոլ փաշինյանը:

Ապա նա հայտնեց, որ, եթե մեր քաղաքացիների մոտ որոշակի հարցեր կառաջանան, ապա կառավարությունը «լիարժեքորեն և միարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա» ու, Փաշինյանի խոսքով, մեր քաղաքացիների շահերը լիարժեք կլինեն պաշտպանված:

Ինչպես բոլոր հարցերին, այդ հարցին անդրադառնալիս ևս՝ Նիկոլ Փաշինյանը չմոռացավ, իր խոսքով, ապատեղեկատվություններն ու մի դեպքի վերաբերյալ հարյուրավոր հրապարակումները:

«Մի դեպքի վերաբերյալ կարող են լինել հազարավոր հրապարակումներ, 4 դեպքի վերաբերյալ կարող են լինել 4 հազարավոր հրապարակումներ, բայց դա չի նշանակում, թե մենք գործ ունենք 4 հազար կամ 5 հազար կամ 10 հազար տարբեր դեպքերի հետ: Մենք հստակ գիտենք, ընդ որում՝ սանտիմետրի ճշգրտությամբ գիտենք, թե որտեղ է, որ մենք կարող ենք խնդիր ունենալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, թե դեռ 10 օր առաջ խորհրդակցություն է եղել և հանձնարակական է տրվել նախնական կոմունիկացիա վարել այդ հատվածների բնակիչների հետ, տեղեկատվություն տրվի նրանց ընթացող գործընթացների վերաբերյալ ու վստահեցվի, որ այդ քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի:

«Էլի ուզում եմ կրկնել, որ Սյունիքի և, ընդհանրապես, ՀՀ միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել: Մյուս կողմից՝ սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա և սահմանների դելիմիտացիա: Դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակը, օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է: Այսինքն՝ տեղորոշումներն իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի և այդ անվտանգության համակարգը լինի գործուն: Եվ սա արվում է, էլի կրկնում եմ, անվտանգությունը ապահովելու համար:

Իհարկե, մենք ունենք նոր իրավիճակ, և էդ նոր իրավիճակը, նոր իրադրություն, և էդ նոր իրադրությունը նոր որոշակի էմոցիաներ է առաջացանում, բայց էլի եմ ասում՝ մենք պետք է մաքսիմալ հանդարտ այս փուլը հաղթահարենք, որպեսզի արձանագրենք անվտանգության այն նոր համակարգի լիարժեք գործունեությունը, որը մենք այսօր կառուցում ենք, ստեղծում ենք, կամ արդեն իսկ տեսականորեն ստեղծել ենք, մնում է դա գործնականում իրականություն դարձնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս նաև նշեց, թե առավոտյան քննարկում է ունեցել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել է պրոցեսը կառավարելու կոնկրետ հանձնարարականներ: Հավելեց, որ այդ թեմայով քննարկում ունեցել է  նաև փոխվարչապետի, ՊՆ-ի, ԱԱԾ տնօրենի, ԳՇ պետի հետ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս