«Խաղահրապարակը չե՛ն քանդելու, կծեծենք բոլոր դռները, որպեսզի իմ երեխան, իմ թոռը, իմ հարևանի թոռը խաղա այս բակում». Երևանի բնակիչ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկում երեկ ոչ միայն բակի երեխաներն էին, այլև նրանց ծնողները, լսել էին, որ իրենց բակի խաղահրապարակի տարածքը սեփականատեր ունի, և հիմա ուզում են այն քանդել:

«Երեխաների տարածքն է, հիմա ուզում են ապամոնտաժել ու սարքեն ինչ-որ գրասենյակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից մեկը, ապա հավելեց, որ նախկինում տարածքն այսպես մաքուր չի եղել, և չի կարելի երեխաներին զրկել իրենց մանկությունը վայելելուց.

«Երևանի բնակիչը արթնանում էր աքլորի կանչից, կովի բառաչից. Մաքրվել է, թող թողեն երեխեքն այս տարածքը վայելեն»:

Բնակիչները նշում էին, որ դեռ ամռանն էին լսել խաղահրապարակի ապամոնտաժման մասին, ստորագրահավաք էին կազմակերպել՝ այդկերպ արտահայտելով իրենց բողոքը:

«Լավ, բա այս երեխեքը որտե՞ղ գնան խաղան, այս տարածքում սա միակ խաղահրապարակն է: Մի կերպ, բոլորիս ջանքերով, համատիրության աջակցությամբ, բավականին ծախսեր ենք արել, ինչի՞ են այս երեխեքին մանկությունից զրկում: Շենքում մեծամասնությունն անապահով ընտանիքներ են՝ խուլ ու համրերի շենքն է, 3 շենք, որ ամենքը մի գյուղ կարելի է համարել: Խաղահրապարակը չե՛ն քանդելու, նման բան չի՛ լինելու, կծեծենք բոլոր դռները, որպեսզի իմ երեխան, իմ թոռը, իմ հարևանի թոռը խաղա այս բակում»,- ասացին շենքի բնակիչները:

Խնդրին տեղում ծանոթանալու համար ժամանել էին նաև Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Արմեն Ներսիսյանը և Մարկոս Հարությունյանը: Վերջինը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի և՛ սեփականատերը չտուժի, և՛ երեխաները չզրկվեն խաղահրապարակից:

«Հողատարածքն ունի սեփականատեր, նաև ունի դատական վճիռ, որ հարկադիր աշխատողները պետք է ազատեն իր տարածքը, փորձեցինք սեփականատիրոջ հետ կապվել, կոմպրոմիսային տարբերակի գալ, որպեսզի ոչ բնակչությունը բողոք ունենա, ոչ էլ սեփականատիրոջ իրավունքները խախտվեն: Բանակցությունները շարունակվում են, հուսանք՝ լավ արդյունք կունենանք: Խնդիրն ունի 5 տարվա վաղեմություն, սակայն անհասկանալի է, թե քաղաքապետարանն ի՞նչ գործառույթներ է արել նախկինում, ինչո՞ւ չի բողոքել, չի պաշտպանել բնակիչների շահերը, որովհետև հստակ երևում է, որ հողատարածքը բնակիչների սեփականությունն է՝ կանաչ գոտում է ընկնում խաղահրապարակը, և բնակիչների իրավունքները խախտվել են: Փորձենք նաև քաղաքապետարանից հասկանալ, թե ի՞նչ գործառույթներ է արել քաղաքապետարանը»,- ասաց Մարկոս Հարությունյանը:

Ավագանու անդամի խոսքով՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար կդիմեն քաղաքապետին, որպեսզի ավագանու նիստին ներկայացվի նմանատիպ հողատարածք, որով կփոխհատուցեն սեփականատիրոջը, և խաղահրապարակը կշարունակի ծառայել՝ որպես այգի:

Տեսանյութեր

Լրահոս