«Պարզվեց, որ Մհեր Սեդրակյանն ու Առաքել Մովսիսյանը սրանցից հազար գլուխ կարգին մարդիկ էին». Բորիս Մուրազին՝ ԱԺ միջադեպի մասին
«Այս իշխանությունը վախենում է անգամ 1000-2000 ակտիվ մարդկանցից, ովքեր կարող են գնալ գործողությունների». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց politik.am-ի կայքի խմբագիր Բորիս Մուրազին՝ անդրադառնալով երեկ կայացած «Հայահավաքի» ժամանակ ակցիայի կազմակերպիչներին՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Իսրայել Հակոբկոխյանին ձերբակալելու փաստին:
«Իրենց նկատմամբ որևէ գործողություն տեղի չէր ունենում, մինչև նրանք չորոշեցին գնալ դեպի կառավարության շենք: Այսինքն՝ իշխանությունը վախենում է անգամ փոքրաթիվ այն խմբերից, որոնք կարող են ակտիվ գործողություններ անել, և այս դեպքում տրամաբանական էր նրանց ձերբակալումը: Մյուս կողմից, ես կարծում եմ, որ դատարանները, որոնք կարծես թե հնարավորինս անկախ են գործադիր իշխանությունից, կալանավորման անօրինական որոշում չեն կայացնի, այսինքն՝ չեն թույլատրի այդ մարդկանց կալանավորել, ինչպես շատ դեպքերում մենք տեսել ենք, բայց բացառել ոչինչ չի կարելի։ Ի վերջո, մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, այստեղ պետք է հասկանալ, որ իրենք պատրաստ են ամեն տեսակ գործողության»,- ասաց Բորիս Մուրազին՝ ավելացնելով, որ կան նաև դատավորներ, որոնք կատարում են քաղաքական պատվերներ:
Նա անդրադարձավ նաև հունվարի 15-ին ՀՌՀ-ում անցկացված Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթին, որի արդյունքում Հ2 հեռուստաընկերությունը չստացավ համապետական սփռում, իսկ մայրաքաղաքային սփռման համար չէր դիմել:
«Իշխանության համար խնդիր են այն լրատվամիջոցները, որոնք, բացի նրանից, որ պատրաստ են իրենց խոսքը հրապարակել, պատրաստ են նաև հարթակ տրամադրել այն մարդկանց, ովքեր չեն ընդունում այս իշխանություններին, ովքեր կարող են նաև օբյեկտիվորեն, արդարացի այս իշխանություններին պատերազմից հետո անվանել դավաճաններ: Այսինքն՝ այս առումով մենք ունենք խնդիր լրատվամիջոցների մասով, որոնք չեն խորշում ճշմարտությունն ասողներին հարթակ տալ: Այս իշխանությունների համար խնդիր են այն լրատվամիջոցները, որոնք, բացի նրանից, որ ստող իշխանություններին են հարթակ տրամադրում, հարթակ են տրամադրում նաև ճշմարտությունն ասողներին: Հ2-ը համապետական սփռում ունի, իսկ իշխանություններն իրենց արդեն դեբիլության աստիճանի հասած այդ ֆեյքերով և յութուբյան ալիքներով հիմնականում մարզերի վրա են աշխատում, որտեղ մարդիկ ավելի կտրված են կենտրոնից, ուղիղ տեղեկատվություն ստանալուց, պարզ է, որ այստեղ Հ2-ի հետ կապված խնդիր էին ունենալու»,- ասաց Մուրազին:
Օրեր առաջ պարզ էր դարձել, որ ԱԺ-ն որոշել է Yerevan Today կայքի լրագրող Սյուզի Բադոյանին զրկել ԱԺ հավատարմագրումից: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ միջադեպ էր տեղի ունեցել լրագրողի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև․ վերջինս, չպատասխանելով լրագրողի հարցերին, վերցրել էր նրա խոսափողը և տարել իր սենյակ:
politik.am-ի կայքի խմբագիր Բորիս Մուրազիի խոսքով՝ այս իշխանության ներկայացուցիչները չեն տարբերվում այն մարդկանցից, որոնց դեմ պայքարում էին:
«Դուք հիշում եք Մհեր Արշակյանի և Մհեր Սեդրակյանի միջև տեղի ունեցած միջադեպը, որտեղ այդ պատգամավորը շատ տհաճ պահեց իրեն: Ես կարծում եմ, որ այդ «շիշ բռնող» պատգամավորը որևէ լավ բանով չի տարբերվում Մհեր Սեդրակյանից, եթե ոչ բացասական իմաստով, որովհետև Սեդրակյանն անցած ճանապարհ ուներ, նաև ինքն իրենով որոշակի շրջանակում հեղինակություն էր վայելում: Նա արեց նույն բանը, ինչ ՀՀԿ-ական նախկին պատգամավորը տարիներ առաջ, բայց արեց շատ ավելի վատ։ Այսինքն՝ իշխանություններն առաջին անգամ զոռբայությամբ ուղղակի արգելեցին լրագրողին մտնել ԱԺ: Սա նշանակում է՝ պարզվեց, որ Մհեր Սեդրակյանն ու Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, որոնք շատ հաճախ լրագրողների հետ կոնֆլիկտ էին ունենում, սրանցից հազար գլուխ կարգին մարդիկ էին ու քինախնդրություն չունեին: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը քինախնդրություն ունի այն լրագրողների նկատմամբ, ովքեր չեն խորշում իրենց դժվար հարցեր տալ: Գուցե գա ինչ-որ ժամանակ, որ քրեական պատասխանատվություն սկսեն կիրառել»,- ասաց Մուրազին:
Նրա խոսքով՝ լրատվամիջոցները, որոնք կարծում են, որ տեղի ունեցածն արդարացի չէ, պետք է ուղղակի հարթակ չտրամադրեն այն մարդկանց, ովքեր իրենց սխալ են դրսևորում:
«Երբ ասում եմ՝ հարթակ չտալ, նկատի ունեմ՝ իրենց ուղիղ խոսքը չհրապարակել, բայց իրենց արած քայլերի մասին կարելի է գրել անընդհատ և կարելի է նաև ցույց տալ, թե ինչ ճոխությունների մեջ են ապրում, երբ իրականում մինչև իշխանության զավթումը ուղղակի տարբեր փաբերում, պարտքով՝ նիսյայի տետրում գրվելով, ինչ-որ բան էին խմում»,- ասաց Մուրազին:
Նա պնդեց, որ պետք է ստեղծված իրավիճակը համարժեք արձագանք ստանա.
«Եթե ԶԼՄ-ները չպատժեն իրենց գործընկերոջ նկատմամբ այս քայլը, հերթով գալու են բոլորի հետևից, կամ բոլորը պետք է հարմարվեն նրանց, իսկ քանի որ դավաճանության հետ դժվար է հարմարվել, ապա ենթադրում եմ, որ գալու են բոլորի հետևից»: