Բաժիններ՝

6 անգամ թշնամու 200 հոգանոց զորք է հարձակվել մեզ վրա, բայց ոչ մի անգամ չեն կարողացել ճեղքել մեր հատվածը. Մերօրյա հերոսը՝ մերձամարտի ու հատուկ նշանակության ջոկատայիններին ոչնչացնելու մասին

«Ավելի լավ է մեռնել այն բանի համար, որի համար արժե ապրել, ու ապրել այն բանի համար, որի համար արժե մեռնել»,- արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի այս խոսքով է առաջնորդվել վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած նորօրյա գոյապայքարի առաջամարտիկներից մեկը՝ Մարգար Սարիբեկյանը:

«Մեր մեռնելով՝ կարող էինք մարդկանց կյանք տալ, որ ապրեին: Մենք ապրում ենք, քանի որ մարդիկ են կյանք տվել, որ ապրենք: Հայը պետք է հայրենասեր լինի: Կռվի ժամանակ պետք է գիտակցես, որ հողից մի քիչ զիջես՝ այդպես քիչ-քիչ մի օր էլ տունդ են մտնելու: Շատ տեղեր այդպես եղավ, իսկ մենք այն հոգեբանությամբ, սկզբունքով ենք մինչև վերջ կանգնել, որ ոչ մի թիզ չպետք է տանք, որպեսզի ոչ մեկի տանը չկարողանան մոտ գնալ: Ու այդ ամբողջ հարվածը վերցրել ենք մեր ստորաբաժանման վրա և մինչև վերջ պահել ենք դա: Մի փոքրիկ զիջում մեր կողմից, և Մարտակերտը չէր լինի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարգարը:

Ասացի՝ Նժդեհը մի լավ խոսք էլ ունի՝ «Ժողովուրդները չեն պարտվում, եթե չեն ուզում պարտվել», ու հարցրեցի՝ մեր դեպքում ո՞րն է պատճառը՝ չուզեցի՞նք հաղթել, նա պատասխանց.

«Մարտակերտի այն հատվածում, որտեղ ես ու իմ ստորաբաժանումն ենք եղել, դա անառիկ է մնացել: Ես ինձ պարտված չեմ համարում: Իմ հնարավորությունը հերիքե՞լ է, որ, օրինակ, 10 մետրի համար պատասխան տամ, դրա համար պատասխան կարող եմ տալ՝ ինքն իր տեղում է: Ես չեմ կարող ասել, թե Ջաբրայիլի, Մատաղիսի, Հադրութի դեպքում ինչու այդպես չեղավ: Միայն իմ հատվածի մասին կարող եմ խոսել, որը մինչև վերջ անառիկ է մնացել: Թող ոչ ոք չկանգնի, ասի՝ այս հարմարությունը չկար, այն հարմարությունը չկար: Կռվի ժամանակ սովորական պարկով ու անվադողերով ես իմ տեղն ամրապնդել եմ: Այն, որ ասում են՝ մարդուն գցում ես 4 պատի մեջ, մեկ է՝ դուրս գալու համար մի հնար գտնում է, մեր դեպքում էլ էր այդպես:

«Սմերչի» արկն իմ կողքին տրաքում էր, ես վիրավոր անգամ չէի տալիս: Եթե մարդ ցանկություն ունենար, պատրաստ լիներ կռվելու, անգամ մեռնելու՝ հաստատ այսպես չէր լինելու»:

Հրամանատարը հերքեց լուրերը, թե զենքի խնդիր է եղել՝ նշելով. «Ես ընդհանրապես զենք-զինամթերքի խնդիր չեմ ունեցել: Այն ահավոր շատ է եղել, ինչքան ուզել ենք՝ կրակել ենք: Մեկ էլ շատ են ասում, թե ավտոմատի կռիվ չէր. ցանկացած հրետակոծությունից հետո թշնամին սկսել է հարձակվել: Եթե այդ հրետակոծություններին դիմանում ես ու մնում ես քո տեղում, գիտես, որ թշնամին գալու է՝ սպասում ես, ու սկսվում է իրական կռիվը: Հիմա բոլորը հերոս են դարձել, բայց երբ հարցնում ես՝ մեկ անգամ գոնե թուրք տեսե՞լ ես, այդ հարցին չի կարողանում պատասխանել, որովհետև չի տեսել, իսկ ես իմ ստորաբաժանումով երկու անգամ տանկերի գրոհ եմ կանգնեցրել, 6 անգամ 200 հոգանոց զորք է հարձակվել մեզ վրա, բայց ոչ մի անգամ չեն կարողացել ճեղքել մեր հատվածը: Ատամներով պահել ենք մեզ վստահված հատվածը: Իմ տղերքն են իրական հերոսները:

Շատ կամավորներ էլ են եղել, որ մինչև վերջ մնացել են, շատերը՝ ոչ: Ջոկատներից, որ մեզ մոտ եկել են՝ կառանձնացնեմ «Արաբո» ջոկատին: Անչափ գոհ եմ իրենցից: Եղել են, որ հարյուրներով տղերքը զենքերը շպրտել՝ փախել են ու նման արտահայտություններ են արել, թե՝ հո չէի՞նք մնալու «Սմերչի», ՏՕՍ-ի տակ, ասեմ՝ իմացեք. մեր հատվածի վրա լիքը «Սմերչ» էլ է կրակել, ՏՕՍ էլ: Չի՛ եղել մի զինատեսակ, որ իմ հատվածում չկիրառվեր: Ցանկացած բացթողնման արդյունքում չէինք ունենա Մարտակերտը: Այո՛, մեզ մոտ էլ էր ահավոր, բայց մինչև վերջ մենք մեր տեղում ենք մնացել»:

Նա կարևորեց դպրոցում և ընտանիքում ճիշտ դաստիարակությունը:

«Չափազանց մեծ հայրենասիրությունն առաջին հերթին կապում եմ դաստիարակության հետ, շատ եմ սիրում պատմական գրքեր կարդալ: Դպրոցից սկսած՝ թշնամուն իրենց չունեցած պատմությունն են զոռով սովորեցնում, իսկ մեր դպրոցներում ի՞նչ է կատարվում: Երբ 18-ամյա նորակոչիկը գալիս է, պատմությունից մի երկու հարց ես տալիս, զգում ես, որ գիտելիք չունի: Բայց երբ խոսում ես խաղերից կամ հեռախոսներից, մեքենաներից կամ աղջիկներից՝ ամեն ինչ գիտեն: Ու սա է արդյունքը:

Սակայն, փառք Աստծո, իմ հրամանատարությունը՝ սկսած զորամասի հրամանատարից մինչև վերջինը, ինձ օգնել է: Իմ ստորաբաժանումում չի եղել զուտ սպա ու զինվոր շփում, ու արդյունքն այն եղավ, որ մինչև վերջ իմ կողքին մնացին պատերազմի ժամանակ: Շատեը վիրավորվել են, բացի երկու հոգուց: Երկու զինվոր և մեկ սպա զոհվել է: Ես միշտ իրենց ասել եմ, որ այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, որ ցանկացած պահի կարող է կռիվ լինել, իսկ այն խաղ ու պար չէ, բայց մենք պետք է կարողանանք կատարել մեր խնդիրը: Ասել եմ, թե մեր հողերի համար ինչքան արյուն է թափվել, ինչքան ջահել կյանքեր են մարել: Եվ եթե զինվորը հարգեց քեզ՝ կյանքն էլ կտա ու կռվի դաշտում քեզ մենակ չի թողնի: Մեկ բան էլ կա՝ եթե սպան մինչև վերջ չկանգնի իր խրամատում՝ զինվորը չի կանգնի: Փոխադարձ հարգանք, վստահություն է եղել, ու բոլորն էլ գիտեին՝ ոչ մեկը կռվի դաշտում չի թողնի իր ընկերոջը՝ անգամ վիրավոր: Ինձ համար նաև կարևոր ու սկզբունքային է եղել, որ հանկարծ իմ սխալ հրամանի պատճառով որևէ զինվորի մի բան չլինի»,- նշեց վաշտի հրամանատարը:

Գոյապայքարի առաջամարտիկը հպարտությամբ է հիշում, թե ինքն ու իր ստորաբաժանումն ինչ ջանքերով էին հակառակորդին բազմաթիվ մարդկային կորուստներ պատճառում:

«Հատ առ հատ ոչնչացրել ենք թշնամու զորքը: 18-20 տարեկան մեր զինվորներն իրենց խնդիրը 100 տոկոսով կատարել են: Նրանք ոչնչից չէին վախենում, անգամ ՄՈԲ-երին իրենք էին դուխ տալիս: «Հոկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 5-ից հակառակորդը ծանր հրետանի էր կիրառում, առավոտ ժամը 06։40-ին նկատել եմ՝ խումբն ինչպես է իջնում, հրաման եմ տվել՝ կրակ ենք բացել նրանց վրա, մոտեցել ենք խմբին, կոտորել ենք, հետո դիմացից են փորձել հարձակվել մեզ վրա, նորից նույն ձևով հակառակորդը մոտ 200 հոգանոց խմբով հարձակվում էին, ոչնչացրել ենք, շարունակվել է հրետակոծությունները: Իրենց նպատակն էր՝ խմբով ներխուժել, անցնել մեր թիկունքը, մեզ թիկունքից ու ճակատից գցեն ծուղակի մեջ, ոչնչացնեն մեզ, վերցնեն մեր դիրքերն ու շարժվեն առաջ, բայց մենք տապալել ենք իրենց պլանները»,- պատմեց մերօրյա հերոսը:

Մերձամարտը տեղի է ունեցել երբեմն 15-20 մետր հեռավորության վրա։ Մարգարն իր տղաների հետ ոչնչացրել է դիրք ներխուժած բոլոր հատուկ նշանակության ջոկատայիններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս