Մենք հանդիպել ենք երկրի ղեկավարի հետ, որի ժամանակ մտահոգություն ենք հայտնել, որ «Մեղրիի միջանցք» երբևէ չլինի. Վազգեն Սաֆարյան
«Մեղրու միջանցքը, իմ կարծիքով՝ Ադրբեջանի համար ավելի շուտ քաղաքական նշանակություն ունի, քան տնտեսական: Միջանցքն ուզում են օգտագործել, որպեսզի Նախիջևանը կապվի Ադրբեջանին»,- ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ կարևորելով իշխանությունների կողմից ճկուն և հմուտ բանակցություններ վարելը:
«Մենք հանդիպել ենք երկրի ղեկավարի հետ, որի ժամանակ մտահոգություն ենք հայտնել, որ «Մեղրիի միջանցք» երբևէ չլինի, այլ ուղղակի լինի երկաթգծային անցում: Սրան զուգահեռ՝ ուզում եմ ասել, որ խորհրդային տարիներին Նախիջևանի ճանապարհով Հայաստան մտնում էր օրական 25-30 գնացք, և օրական Երևանի կայարանում 2000 վագոն բեռնաթափվում էր: Սա բավականին լուրջ տնտեսական խթան էր մեր երկրի զարգացման համար»,- նշեց նա:
Հանրային խորհրդի անդամը հիշեցրեց՝ 2009 թվականից Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման համար պետք է աշխատանքներ տարվեին: Ճանապարհը մոտ 400 կիլոմետր է եղել, որի 70 կմ-ն պետք է Իրանի տարածքով անցներ: Սակայն այն չի կառուցվել, ու այդ ժամանակահատվածն իրենք համարում են կորսված հնարավորությունների ժամանակ:
Ասուլիսին ներկա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյան էլ անդրադարձան ճանապարհների անվտանգության խնդրին:
«Կարծում եմ, որ այդտեղ էլ լուծում կգտնվի. տարբեր ձևեր կան: Կլինեն ապահովագրական ընկերություններ, որոնք կզբաղվեն բեռների տեղափոխման հարցով, կամ կողմերից յուրաքանչյուրը պարտավորություն կվերցնի իր վրա: Անվտանգային այդ խնդիրները, բարեբախտաբար, կապված չեն լինի մարդկային կյանքերի հետ: Կլինեն ապահովագրական ընկերություններ, որոնք մեր երկրի սահմաններում կերաշխավորեն բեռների տեղափոխման անվտանգությունը, կլինեն ապահովագրական ընկերություններ, որոնք կերաշխավորեն հարևանների բեռների անվտանգությունը: Կարող է լինել մեկ ապահովագրական ընկերություն՝ և՛ այնտեղ, և՛ այստեղ»,- նշեց Հովիկ Աղազարյանը:
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավարն էլ հավելեց. «Պետք է տարանջատել ուղևորների և բեռների տարանջատման հարցը: Երկաթուղիով բեռների փոխադրումը բավականին անդեմ է: Վագոնը գնում է, նրան ոչ ոք չի ուղեկցում: Որ օրը որ ապահովագրական ընկերություններն ապահովագրություն իրականացնեն, կարող են վստահ լինել, որ բեռը կհասնի տեղ»:
Մանրամասները՝ տեսանյութում