«Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների և ձախողումների շարքը մշտական է լինելու». Սեյրան Օհանյան

«Ինչպես 1988թ․՝ ազգային ազատագրական Արցախյան շարժման ակունքներում կանգնած էին մեր մտավորականներն ու մեր կամավորականները, այնպես էլ այսօր մտավորականներն ու զինվորականները կարող են այս իրավիճակում մտահոգված լինեն և մեր երկիրը շարժեն դեպի առաջ, որոնք էլ, կարծում եմ, լուրջ աշխատանքի արդյունքում, համագործակցված, միասնական փոխգործակցության արդյունքում կարող են հետագայում դառնալ հայ ազնվականության հիմքը»,- «Ձայն հայրենյաց» նախաձեռնության 3-րդ ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանի խոսքով՝ այսօր մեծարանքի տեղ ունի ոչ միայն բանակի հրամանատարական կազմը, այլև հայ զինվորը, մարտավարական օղակի հրամանատարը, ովքեր մարտնչել, պայքարել, կռվել են, հերոսության բազմաթիվ դրվագներ են ցուցաբերել՝ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:

Երկրում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին, անվտանգային միջավայրին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շուրջ, ինչպես նաև տարածաշրջանում առկա սպառնալիքներին Սեյրան Օհանյանն անդրադարձավ պետական կառավարման, ռազմաքաղաքական ու ռազմական ղեկավարման տեսանկյունից:

«Ես գտնում եմ, որ դրանք են եղել այն հենասյուները, որոնք բերել են այս ձախողումներին»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը:

Խոսելով բանակի անցած ճանապարհի մասին՝ Սեյրան Օհանյանն անդրադարձավ 2008 թվականի բարեփոխումների ծրագրին, 2011-2015թթ․ և 2016-2020թթ․ զարգացման ծրագրերին, որոնցում հստակ դերակատարում ունեին առաջին գծի ամրապնդումը, բարձր մակարդակի զորավարժությունները, սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներդրումն ու որոշակի չափով տեղական արտադրանքի իրականացումը:

«Վերջին տարիներին բանակի գործունեությունը, այսինքն՝ պաշտպանական քաղաքականության իրականացումը մենք ավարտել ենք պետական մակարդակի զորավարժություններով, այսինքն՝ պետությունը խաղաղ պայմաններից պատերազմական պայմանների տեղափոխման մեր հնարավորություններով՝ ռազմական դրության տեսանկյունից…

Ինչո՞ւ եմ այս բանակի կարճ ընթացքն ավարտում պետական մակարդակի զորավարժություններով, որպեսզի կապ հաստատեմ նաև այն բացով, որն այս պատերազմի ժամանակ ես տեսել եմ հենց պետական մակարդակի որոշում ընդունելու մեջ»,- նշեց Օհանյանը:

Խոսելով երկրում իրականացվող փոփոխությունների մասին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ փոփոխությունները պետության շարժիչ ուժն են, որ բերում են զարգացման: Բայց վերջին 2.5 տարիների պետական կառավարումն այլ բան ցույց տվեց:

«Յուրաքանչյուր քաղաքական ուժի մեծահոգությունն է և հնարամտությունն է տեսնել այն լավը, տեսնել այն հիմքը և այդ հիմքի վրա կառուցել քո տունը, ոչ թե հիմնահատակ քանդել և հիմնահատակ քանդելուց հետո, առավելևս՝ չիմանալով, թե ինչպես են այդ պետական տունը կառուցում, սկսել անկազմակերպ քայլեր իրականացնել բոլոր ուղղություններով…

Ինչպե՞ս կարելի է գոնե Արցախյան բանակցային գործընթացի շրջանակներում ամեն ինչ մի կողմ դնել՝ և՛ անձնական, և՛ խմբակային շահերը, չխոսել այն մարդկանց հետ, որոնք այս ամբողջ 30 տարիների ընթացքում այդ բանակցային գործընթացն առաջ են տարել, ինչ-որ մի բանի հասել են, ինչ-որ մի արդյունք է եղել, որ մենք կարողացել ենք թեկուզ փխրուն, բայց ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը պահպանել: Ինչպե՞ս կարելի է խոսել թավշյա ժողովրդավարության և մնացած այլ խնդիրների մասին, բայց հասարակությունը բաժանել մի քանի մասերի: Պետության առաջնորդը պետության հոր նման մեկը պետք է լինի: Իսկ հայրը, երբ իր չարաճճի զավակին օրվա ընթացքում ինչ-որ վատ բաների համար ապտակ է հասցնում, միևնույն է՝ երեկոյան ընթրիքի ժամանակ ասում է՝ «արի նստիր և միասին ընթրենք»»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ փոխադարձ համերաշխության ու միասնականության կարող են հասնել մարդիկ, ովքեր ունենք պետական կառավարման ու կյանքի փորձ: Հակառակ դեպքում անփորձ մարդիկ գնում են մանրախնդրության, որը, ըստ Օհանյանի, այս 2.5 տարում արտահայտվել է կառավարման բոլոր օղակներում:

«Ես կարող եմ ասել, որ նախապատերազմյան ժամանակաշրջանում այսօրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, պատերազմ լինի, ամեն ինչ արեցին: Միգուցե չգիտակցելով: Բայց շատ վատ կլինի, եթե նրանք այդ ամենն իրականացրել են գիտակցելով»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում էլ պետական կառավարման ու ռազմական կառավարման մի շարք խնդիրներ են եղել, որոնք բերել են պարտության:

Ըստ նրա՝ պետական կառավարման թերություններից էին գերագույն հրամանատարի՝ ռազմական որոշումներ կայացնելուց ու ռազմական գործողությունների մեջ խորանալուց խուսափելը, ասելը, թե կայացնում է միայն քաղաքական որոշումներ, ԱԺ հնարավորությունները չօգտագործելը, կառավարության՝ պատերազմական ժամանակահատվածում այդ ընթացքին ոչ համապատասխան գործելաոճը: Ըստ Օհանյանի՝ պետական կառավարման մեջ եղել է նաև «չափազանց ցածր կարգապահություն», «ոտքի վրա կառավարում»:

«Մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմ լինի, ամեն ինչ արել ենք, որ պատերազմում հստակ պետական կառավարում չլինի, և նաև խրախուսել ենք այդ ամբողջ նահանջը: Ահա սա է այն ճանապարհը, որ այս պատերազմի ժամանակ մենք տեսել ենք…

Պետության մեջ ձախողումը եղել է: Ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է, որ պետք է այսօրվա իշխանությունները, որոնք ցույց են տվել իրենց պետական կառավարման անկարողությունը, բազմաթիվ տեղերում է սա արտահայտվել՝ նախապատերազմյան ժամանակ, իրենց կադրային նշանակումներում, ո՞նց կարելի է գնդապետին նշանակել գեներալ-գնդապետի պաշտոնում, ո՞նց կարելի է փողոցից մեկին բռնել, ասել՝ «դու փոխմարզպետ ես», ո՞նց կարելի է տարբեր անձնավորություններ վերցնել, ոչ մասնագետի և ասել՝ «դու գնում ես այս կամ այն երկիր դեսպան, երկիր ես ներկայացնելու»: Նույնիսկ այս դժվար իրավիճակում այս ամենը շարունակվում է…

Այս իշխանությունների առկայության պայմաններում պարտությունների և ձախողումների շարքը մշտական է լինելու, մշտական է լինելու: Եվ սա է պատճառը, որ մենք պետք է ինքներս մեզ հարց տանք՝ մենք ուզո՞ւմ ենք մշտական այսպիսի ձախողումներ ունենալ, թե՞ ոչ: Իհարկե ոչ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս