ԱՀԿ-ն կսկսի քննարկել ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի տվյալները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին կսկսի կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի տվյալների քննարկումը, այն կարող է տեւել մի քանի օր: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) հաղորդել է, որ խոսքը ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցումային հայտի նախահանձնման ընթացակարգի մասին է: Պատվաստանյութի արտադրողներն անցյալ տարվա վերջին հավաստագրման հայտ են ներկայացրել ԱՀԿ-ի կենտրոնակայան:
ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարիսը հունվարի 19-ին ասել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը թույլատրվածների ցուցակում ընդգրկելու շուրջ բանավեճերը կարող են տեւել մի քանի օր: «Այն, որ այդ բանավեճերն անցկացվելու են, խոսում է այն մասին, որ մենք գտնվում ենք բավականին լավ փուլում: Բայց պարտադիր չէ, որ այդ բանավեճերն ավարտվեն հենց այդ օրը: Օգտագործման համար պատրաստուկների ցուցակում ընդգրկելու թույլտվությունը փորձագետների կողմից կտրվի միայն այն ժամանակ, երբ նրանց բավարարեն բոլոր տվյալները (պատվաստանյութի վերաբերյալ)»,-նշել է նա:
«Սպուտնիկ V» պատվաստանյութն արագացված ընթացակարգի շրջանակներում գրանցվել է ԱՄԷ-ում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Հունգարիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում եւ Թուրքմենստանում: Այն նաեւ գրանցվել է Ռուսաստանում եւ Բելառուսում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել է 2020 թվականի օգոստոսին, որը մշակել է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ն՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն դարձել է COVID-19-ի կանխարգելման՝ աշխարհում առաջին պատվաստանյութը, որի կարեւոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը 90 տոկոսից բարձր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: