Խորհրդարանական երկրում՝ Ազգային ժողովի վերահսկողությունը սահմանափակելու փո՞րձ
Այս շաբաթ՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովը յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց Հակակոռուպցիոն կոմիտեի մասին ՀՀ օրենքի նախագիծը: Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծվում է իշխանությունների մշակած բարեփոխումների ծրագրի շրջանակներում, ու, ինչպես մի քանի օր առաջ հայտնեց ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը, 2021թ. աշնան վերջից հակակոռուպցիոն մարմինները կգործեն՝ ընդհանուր փաթեթով:
Օրենքի նախագծի հիմնական խնդրահարույց կետը, որի մասին ահազանգում են խորհրդարական ընդդիմության, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության և նշանակման հարցն է:
Օրենքի նախագիծը սահմանում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվելու է մրցութային խորհուրդ՝ Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նշանակված մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության 2 ներկայացուցչից: Մրցույթում հաղթող ճանաչվածների ցանկից վարչապետը նշանակելու է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների կարծիքով՝ նման ընթացակարգով նշանակման դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակումից կարճ ժամանակ անց կարող է քաղաքականացվել ու դառնալ գործիք գործող իշխանության համար: Նրանք առաջարկում են կատարել փոփոխություն, այսինքն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ընտրի ոչ թե վարչապետը, այլ ԱԺ-ն, ինչը հնարավորություն կընձեռի, որպեսզի մարմնի գործունեությունը վերահսկի երկրի ժողովրդի ընտրած ներկայացուցչական մարմինը՝ խորհրդարանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է նաև գրավոր առաջարկ ներկայացնել՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունն ԱԺ-ին վերապահելու վերաբերյալ:
«Առհասարակ հակակոռուպցիոն մարմինների փորձագիտական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նման վատ փորձ ունեցել է Լեհաստանը, որի հակակոռուպցիոն մարմինը, որն ունիվերսալ տեսակ էր, բայց որի ղեկավարին նշանակում էր վարչապետը, կարճ ժամանակահատվածում կուսակցականացվել է, դարձել է գործադիրի գործիքը, իսկ այդ դեպքում, Դուք գիտեք, չէ՞, երբ որևէ մարմին դառնում է գործադիրի գործիքը կամ տվյալ իշխանության գործիքը, դա ում դեմ է աշխատում. քաղաքական ընդդիմախոսների: Հետևաբար, որպեսզի մեզ մոտ տպավորություն չստեղծվի, որ Դուք ստեղծում եք հերթական մարմինը քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու համար, և որը կաշխատի նրանց դեմ, մենք առաջարկում ենք, որպեսզի մեխանիզմը փոխվի»,- հարցի քննարկման ժամանակ ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ նշելով, որ միայն խորհրդարանի կողմից Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունը կլինի այդ մարմնի անկախության երաշխիքը:
«Ցավոք սրտի, Սահմանադրությունը սահմանափակել է Ազգային ժողովի լիազորությունները, և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին չի կարող Ազգային ժողովը նշանակել, բայց մրցութային խորհրդում նաև ԱԺ խորհուրդն է առաջարկություն ներկայացնելու մրցութային խորհրդում թեկնածության ընդգրկման մասով…
Ես շատ եմ ցավում, որ այն մեծ առաջընթացը, որը մեր կողմից արձանագրվել է, այսինքն՝ մրցութային խորհրդի ձևավորում, որտեղ ոչ գործադիրը, ոչ օրենսդիրը չունեն որևէ կերպ ու չեն կարողանում ձևավորել մեծամասնություն, և հենց դա է երաշխիք, որ քաղաքական մեծամասնությունը չի նշանակի իր ցանկալի անձին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, անտեսվում է, փոխարենն առաջարկվում է մի բան, որն ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը»,- ի պատասխան հնչող դիտարկումներին՝ ԱԺ-ում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հիշեցնենք, 6 ամիս առաջ՝ 2020թ.-ի հունիսի 22-ին, ինչպես այն ժամանակ պնդում և հիմնավորում էին ոչ իշխանամերձ իրավաբանները, Ազգային ժողովը հակասահմանադրական ճանապարհով նախաձեռնեց և նույն մեթոդով ԱԺ քվեարկությամբ ընդունեց Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխությունները: Ինչի արդյունքում դադարեցվեցին Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները՝ որպես ՍԴ անդամ կամ դատավոր, իսկ Հրայր Թովմասյանի լիազորությունը՝ որպես ՍԴ նախագահ: Այն ժամանակ իշխանությունն ու նրանց հարող իրավաբանները չէին պնդում, թե հակասում է Սահմանադրությանը:
Այդ օրերին իշխանությանը, ինչպես շատերն էին պնդում, անհրաժեշտ էր ՍԴ կազմի փոփոխությունը, հետևաբար՝ կարելի էր, մի բան էլ ավելի, պետք էր փոխել Սահմանադրությունը:
Իսկ այսօր, երբ շատ հավանական է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, որը նախ կընտրվի մրցութային խորհրդում, որի կազմում առկա 7 անդամներից, ի թիվս այլ անդամների, լինելու են Կառավարության, Գլխավոր դատախազի ներկայացուցիչները, ինչպես նաև Ազգային ժողովի խորհրդի ներկայացուցիչը, որը, շատ պատահաբար կարող է լինել իշխող ուժի ներկայացուցիչ, իսկ վերջնական ընտրությունն էլ կկատարի կրկին իշխող ուժը ներկայացնող վարչապետը: Այսինքն՝ շատ մեծ է հավանականությունը, որ Կոմիտեի նախագահը կդառնա կուսակցականացված գործիք իշխանության ձեռքում: Իհարկե, կա նաև այլ տարբերակ, եթե ի վերջո օրինագծի հեղինակները չընդունեն ընդդիմության առաջարկը և ընդունեն իշխանության ներկայացրած տարբերակը, սահմանադրականության հարցը պարզել Սահմանադրական դատարանում: Միայն, թե այս դեպքում էլ, թերևս, միանշանակ չեն կարող պնդել, որ այս իշխանության ցանկալի կազմով ՍԴ-ն օրենքի տառին հավատարիմ որոշում կկայացնի, կամ էլ իշխանությունը նորից Սահմանադրությունը փոխելու նախաձեռնությամբ հանդես չի գա: