«Վարչապետի նշանակումից հետո այդ մարդը կարող է դառնալ քաղաքական գործիք». Սամսոնյանը՝ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մասին

Կոռւպցիայի դեմ պայքար ծավալելու նպատակով, նախատեսված  բարեփոխումների շրջանակներում կառավարությունը սկսել  էր  մի քանի կառույցի ձևավորման գործընթաց: 2019 թվականի նոյեմբերից գործում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը,  հակակոռուպցիոն կոմիտեն և դատարանը ձևավորված փուլում են:

ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանի խոսքով՝ այս պահին հիմնական խնդիրը հակակոռուպցիոն կոմիտեն և դատարաններն են, որոնց թե՛ շենքային պայմանների, թե՛ աշխատակազմի համալրման գործում մեծածավալ աշխատանքներ դեռ պետք է առաջիկայում իրականացվի:

«Նախատեսում ենք, որ 2021թ.-ի աշնան վերջ մենք կունենանք հակակոռուպցիոն մարմինները ընդհանուր փաթեթով և արդեն կկարողանան ամբողջական համակարգով աշխատել»,- Հակակոռուպցիոն բարեփոխումների արդյունավետության և խնդիրների թեմայով քննարկման ժամանակ ասաց Մարիամ Գալստյանը:

ԱՆ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի վարչության պետի խոսքով՝ նախատեսվում է, որ ստեղծումից հետո առաջիկա 3 տարին կլինի պիլոտային շրջան, և այլ մարմիններ ևս հնարավորություն կունենան քննել արդեն իրենց վարույթում եղած կոռուպցիոն հանցագործությունները, իսկ կոմիտեին կփոխանցեն միայն նոր գործերը, բայց բացառություն են սահմանել օրենքում՝ թույլատրելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին համաձայնություն տալ, որպեսզի հասարակական հնչեղություն ունեցող գործերը ևս այդ  փուլում փոխանցվեն կոմիտեին:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ ստեղծվող մարմինը պետք է լինի պառլամենտական մարմին և պետք է լինի պառլամենտական վերահսկողության տակ:

«Սա մի մարմին է, որը ստեղծվում է մրցութային հանձնաժողովի, վարչապետի նշանակման և պառլամենտական վերահսկողության խառը մեխանիզմների համադրմամբ, բայց միևնույն ժամանակ՝ վարչապետը կարող է նշանակել այն մարմինների ղեկավարներին, որոնք իր անմիջական ենթակայության տակ են գտնվում»,- ասաց Սամսոնյանը՝ նշելով, որ իրենք պատրաստվում են  առաջարկներ ներկայացնել ու պնդել, որ մրցութային հանձնաժողովը հակակոռուպցիոն կոմիտեի  ընտրված նախագահի թեկնածուին ներկայացնի ոչ թե վարչապետի, այլ խորհրդարանի հաստատմանը, որպեսզի տվյալ անձը հաշվետու լինի խորհրդարանին:

Ըստ ԱԺ պատգամավորի՝ ժամանակը ցույց է տվել, որ այն մարմինները, որոնք ստեղծվում են պառլամենտական վերահսկողության ներքո, պաշտպանված են սահմանադրական ամուր երաշխիքներով, և նրանց վրա քաղաքականապես դժվար է ազդել:

«Այո, մրցութային հանձնաժողովը միգուցե կընտրի համապատասխան թեկնածու՝ մասնագիտական բոլոր կարողություններով, արժանի թեկնածու, բայց վարչապետի նշանակումից հետո այդ մարդը շատ կարճ ժամանակում կարող է քաղաքականացվել և դառնալ քաղաքական գործիք ցանկացած գործող իշխանության համար, որովհետև մրցութային հանձնաժողովը մի մարմին է, որը ստեղծվում է ժամանակավորապես, ընտրում է մարդ, որին պիտի նշանակի վարչապետը, բայց այդ մարմինը ինստիտուցիոնալ մարմին չէ, որպեսզի հետագայում նաև հետևողական լինի իր ընտրած մարդու, այսպես ասած, աշխատանքային գործունեությանը»,- ասաց պատգամավորը:

Սամսոնյանի խոսքով՝ խնդրահարույց է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագիծը, որի 11-րդ հոդվածը կարող է դառնալ շատ լուրջ ճնշման գործիք կառույցի ցանկացած ծառայողի համար: Հոդվածը սահմանում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն իրավասու է ներքին անվտանգության ստորաբաժանման միջոցով պարբերաբար իրականացնել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաքինության ստուգում, այդ թվում՝ պրովոկացիոն եղանակներով: Իսկ թե ինչ եղանակներ են դրանք, անհայտ է:

«Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ նախագծերի հիմնական խնդիրը դրանց քաղաքականացված լինելն է: Ըստ նրա՝  նման պայմաններում այդ գործելաոճով քաղաքականություն իրականացնելն առավել քան տարակուսելի է:

«Այն պետք է լինի հաշվետու Ազգային ժողովի առջև, և ԱԺ-ն պետք է հնարավորություն ունենա անվստահություն հայտնել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, սա միանշանակ է… Եթե մենք նույնիսկ պառլամենտական համակարգերում զրկում ենք երկրի պառլամենտին այս լիազորությունից, սա նշանակում է մեկ բան՝ մենք ճանաչում ենք, որ օրենսդիր և գործադիր իշխանությունները միաձուլված են, չկա իշխանությունների տարանջատման սկզբունք, և վերահսկողական լիազորություններ, ըստ էության, չեն կիրառվում»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս