«Ինձ էլ թվում է, որ վարչապետի պաշտոնը լրջություն է պահանջում, և պետք չէ նստել կործանիչ ինքնաթիռի ղեկին, հրճվել, լուսանկարվել ու հարստացնել ֆեյսբուքյան ալբոմը». Անի Սամսոնյան

Հունվարի 15-ին ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ, իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանն իր՝ «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում ազմաթիվ աղմկահարույց մտքեր ու ձևակերպումներ կատարեց:

Դրանց շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:

– Իր հարցազրույցում Լենա Նազարյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ են արտահերթ ընտրություններ անցկացնելուն, որովհետև վստահ չեն, որ կանցնեն ԱԺ կամ նույնքան մանդատներ կունենան, որքան հիմա: Նկատեց, որ բոնուսներով եք ստացել այս քանակի մանդատներ, և հիմա նման բարեբախտություն էլ որտեղի՞ց կլինի:

– Լենա Նազարյանը կրկնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի անհաջող մտքերը։ Ի պատասխան դրա՝ ես խնդրել եմ տիկին Մակունցին, հիմա  կարող եմ նաև խնդրել տիկին Նազարյանին՝ իրենց՝  քաղաքական պատմություն դառնալու կոլեկտիվ վախը խորհրդարանական ընդդիմության վրա չպրոյեկտել։ Անհարմար է։

– Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ նոր ընտրությունները նոր ճգնաժամի պատճառ կարող են դառնալ: Նման վտանգ տեսնո՞ւմ եք:

– Այսպիսի իշխանություն ունենալու պարագայում ավելի վատ ճգնաժամ չենք կարող ունենալ։ Հատուկ տաղանդ է հարկավոր պետությունը հիմնահատակ քանդելու համար։ Իմքայլականների կառավարման ամեն օրը յուրօրինակ ճգնաժամ է, իսկ իրենց չկշռադատված, պարզունակ ու պոպուլիստական հայտարարությունների ամեն նախադասությունը մի նոր ճգնաժամի սկիզբ է։

– «Ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ, բայց չեմ կարծում, որ պետք է բղավենք՝ Իսկանդեեեե՜ր, ու ռազմական օդանավեր հանենք օդ ցուցադրությունների ժամանակ»,- ասում է Լենա Նազարյանը: Համաձա՞յն եք այս պնդման հետ:

– Ինձ էլ թվում է, որ վարչապետի պաշտոնը լրջություն է պահանջում, և պետք չէ նստել կործանիչ ինքնաթիռի ղեկին, հրճվել, լուսանկարվել ու հարստացնել ֆեյսբուքյան ալբոմը։ Ամոթ եմ զգում իրենց փոխարեն։

– Բացի վերոնշյալից, Լենա Նազարյանի կարծիքով՝  հետադիմական ու վնասակար է այն մոտեցումը, որ ասում են՝ հզորանանք, հետ բերենք մեր հողերը:  «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,- մասնավորապես ասաց ԱԺ փոխխոսակը: Այս մոտեցումն արդյո՞ք կենսունակ է ստեղծված իրավիճակում:

– Իսկ ո՞ւմ 18 տարեկան տղաներին զոհեցին այս պատերազմում, որպեսզի դավաճանի պիտակը չվնասի իրենց իմիջին։ Ինչպես արդեն նշեցի՝ երկար չեն մտածում խոսելուց առաջ։

– Լենա Նազարյանի խոսքով՝ միգուցե պարտված ղեկավարն ավելի լավ է պատկերացնում իրերի իսկական վիճակը, ոտքերը երկնքում չեն, ավելի ամուր է ու ավելի լավ կհասկանա՝ ինչպես պետք է այս իրավիճակը ծառայեցնել մեր շահերին: Ձեր կարծիքը՝ այս պնդման վերաբերյալ:

– Պարտված ղեկավարը պարտավոր է հեռանալ։ Ինչպես որ երկու տարի առաջ պետության մասին պատկերացում չունենալով՝ եկան իշխանության, այսօր էլ պատկերացում չունենալով՝ շարունակում են ամեն գնով պահել իրենց իշխանությունը։ Ոչ հասունացել են՝ որպես քաղաքական ուժ, ոչ էլ՝ իմաստնացել։

Տեսանյութեր

Լրահոս