ՌԴ-ն Անդրկովկասում ահաբեկչական ճամբարներ թույլ չի տա, քանի որ, բացի Անդրկովկասից, այդ վտանգը կարող է շարժվել դեպի Հյուսիս. ռուս թուրքագետ

«Վարձկան ահաբեկիչների ներկայությունն Անդրկովկասում տարածաշրջանը կգցի անկայունության անվերջանալի շղթայի մեջ՝ բոլոր երկրներին կանգնեցնելով ահաբեկչական վտանգի առջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Թուրքիան ահաբեկիչներին ցանկանում է հաստատել Ադրբեջանում և Արցախյան պատերազմում Ադրբեջանի գրաված տարածքներում։

Ռուս վերլուծաբանն ասաց, որ կան միայն խոսակցություններ այդ մասին, ինչը հավանական է, սակայն լի վտանգներով՝ ինչպես հարևան բոլոր երկրների, այնպես էլ՝ հենց Ադրբեջանի համար։

Նրա որակմամբ՝ դրանք հեշտ կառավարելի ուժեր չեն, եթե չլինի նրանց աշխատանքին բնորոշ խնդիր և վարձատրություն, նրանք չեն մնա, առավել ևս, ընտանիքներին չեն բերի, կմեծացնեն ահաբեկչական վտանգը նաև Ադրբեջանում, թեև, ըստ ամենայնի, Թուրքիան ու Ադրբեջանը կարծում են, որ վերահսկում են նրանց՝ զրկելով կապի և այլ միջոցներից։

«Կարծում եմ՝ սա հասկանում են Ադրբեջանում, Թուրքիայում, Իրանում ու ՌԴ-ում, որոնցից որոշներն ահաբեկչության դեմ սկսել են պայքարել Սիրիայում նրանց մուտքն իրենց գոտիներ սահմանափակելու համար։ Իրանի դեմ գործողությունների դեպքում և Ադրբեջանում ձևավորվող թուրքական բազայում նրանք կարող են օգտագործվել, սակայն բնակեցում ընտանիքներով ռուսական խաղաղապահներից քիչ հեռու բարդ է պատկերացնել։

Ենթադրում եմ՝ նման իրական ծրագրերի վտանգն այնքան ահռելի է, որ ՌԴ-ն ինչ-որ կերպ դրան պետք է արձագանքեր, եթե չկա արձագանք, այդ թվում՝ Սիրիայում, ուրեմն սա համակարգված բնույթ չի կրում, և կոնկրետ ծրագրեր չկան։

Նրանց ներկայությունն Անդրկովկասում տարածաշրջանը կգցի անկայունության անվերջանալի շղթայի մեջ, բոլոր երկրներին կանգնեցնելով ահաբեկչական վտանգի առջև»,- ասաց Նադեին-Ռաևսկին՝ շարունակելով, որ նրանց ներկայությունն անհնար կդարձնի տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը։ Նրա կարծիքով՝ ՌԴ-ն նման բան թույլ չի տա, քանի որ, բացի Անդրկովկասից, այդ վտանգը կարող է շարժվել դեպի Հյուսիս։

«Թուրքիայի հետ ռուսական օրակարգի մի զգալի մասն ահաբեկչության հարցի կարգավորումն է, դա Թուրքիայի արտաքին քաղաքականության ժամանակակից գործիքն է նաև ՌԴ-ի դեմ։ Հասկանում ենք, որ Էրդողանը Թուրքիայի անվտանգության նպատակով պետք է անընդհատ գործով ապահովի և վճարի վարձկաններին։ Այս ամենի ուղղությամբ ՌԴ-ն բազմակողմանի աշխատում է, և քանի որ վտանգը մոտեցել է ՀՀ սահմաններին, ՀՀ-ն ևս թե առանձին, թե ՌԴ-ի հետ ՀԱՊԿ շրջանակում պետք է համապատասխան դիվանագիտական և անվտանգային քայլեր ձեռնարկի անհապաղ, ինչը պատերազմից հետո ստեղծված իրավիճակի ֆոնին բարդ է, բայց կենսապես կարևոր»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս