Այս ճանապարհները քաղաքական նպատակներ ունեն, և քաղաքական տեսանկյունից պետք է դիտարկել. Տնտեսագետ

«Պետք է հասկանանք, որ տնտեսությունն աճում է, եթե կա արտադրելու բան, եթե կա արտադրող: Ես էլի եմ ասում՝ մենք այս պատերազմի հետևանքով կորցրեցինք հսկայական հնարավորություններ, հզորություններ, և տնտեսական աճն էապես նվազելու է երկարատև կտրվածքով, երկարատև՝ նկատի ունեմ տասնամյակներ:

Երկրորդը՝ թուրքական և ադրբեջանական շուկաները, ես պնդում եմ, որ մեզ համար բաց շուկաներ չեն, և ցանկացած պահի կարող են փակվել և փակվելու են այն ժամանակ, երբ որոշվի, որ ՀՀ-ի վրա քաղաքական ճնշում պետք է գործադրվի»,- «Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ նկատելով, որ ոչ միայն նման փորձ կա, այլև նման փորձ կրկին ունենալու ենք:

Հակադարձելով քննարկման ընթացքում հնչած այն դիտարկմանը, թե հայկական շուկայում թուրքական ապրանքների էքսպանսիա արդեն եղել է, տնտեսագետը նկատեց՝ թուրքական ապրանքների ներկայությունը հայկական շուկայում կարող է 4 անգամ աճել, կամ գուցե նույնիսկ ավելի շատ. ««Բեռլին էկոնոմիկս»-ով մոտավորապես ակնկալում են մինչև 13.3 տոկոս թուրքական ապրանքների կշռի աճ՝ ի հաշիվ մեր այլ գործընկեր-երկրների: Բացի այդ՝ Թուրքիան փորձ ունի՝ պետական միջոցներով կազմակերպելու որոշ շուկաների գրավում, և այդ փորձը կիրառվելու է: Այսինքն՝ մենք խոսում ենք ոչ թե հնարավորություններից, այլ պրակտիկայից, որը լինելու է:

Հաջորդը՝ մենք հաճախ խոսում ենք, որ այդ ճանապարհները պետք է բացվեն. տեսականորեն՝ այո, բայց մենք պետք է խոսենք կոնկրետ շահերից՝ ի՞նչ է շահում, օրինակ, Հայաստանը, այլ ոչ թե՝ դե հիմա մեզ ստիպում են, էդպես ենք գործում և փորձում ենք դրա մեջ լավը գտնել:

Այսպիսով, երեք-չորս ամիս առաջ Արցախի դեմ իրականացվել է լայնամասշտաբ ագրեսիա բոլոր հարթակներով, և մենք հիմա դա մոռանում ենք, և խոսում ենք՝ այ հիմա հնարավորություններ են բացվում, ես արդեն ասացի՝ որևէ հնարավորություն այստեղ չեմ տեսնում՝ նույնիսկ այն մեկ-երկու տոկոս տնտեսական աճն իրականում չեմ կարծում, որ լինելու է, որովհետև այս դիրքերը թուրքական և ադրբեջանական շուկայում, չպետք է ակնկալենք, որ կաճի, իսկ իրանական և ռուսական շուկաներ մուտքը մենք առավել լավ ունեինք մինչև այս պատերազմը:

Ես ուղղակի, առհասարակ, այս հեռանկարները, որոնք բացվում են, տեսնում եմ այն դաշտում, որ ուղղակի այդ հիմքով փորձում ենք արդարացնել այն, որ Հայաստանի համար ոչ բարենպաստ որոշում է ընդունվում, ավելին՝ շահագրռվածությունը գալիս է Ադրբեջանից. Ադրբեջանը շատ է ուզում Մեղրիով ճանապարհը բացվի՝ իր քաղաքական պատճառներով: Այս ճանապարհները քաղաքական նպատակներ ունեն և քաղաքական տեսանկյունից պետք է դիտարկել:

Եթե մեզ վրա հարձակումից հետո Ադրբեջանը կարողանում է թելադրել իր պայմանները, ապա ստացվում է, որ Հայաստանի հետ ուժի լեզվով կարելի է խոսել,  և ոչ միայն կարող է, այլև այդ խոսակցությունն անցնում է և բերում է արդյունքների:

Սա էլ պետք է դիտարկել՝ որպես նորից շատ երկարատև գործոն, որն ազդելու է նաև ապագա սերունդների կյանքի վրա»,- եզրափակեց Հրանտ Միքայելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս