Երկաթգծի գոյության պայմաններում՝ դրա տեղափոխման ինքնարժեքը ոչ թե տոկոսներով է նվազելու, այլ անգամներով. Հայկ Գևորգյան

«Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը,  անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք մեր տնտեսությունը պատրաստ է թուրքական տնտեսական էսքսպանսիային, նշեց.

«Այդ էքսպանսիան վաղուց արդեն եղել է, ու մեր շուկաներում, եթե մենք ուսումնասիրենք լայն սպառման ապրանքների տեսականին և ծագումը, կհամոզվենք, որ այդ էքսպանսիան արդեն տեղի է ունեցել:

Դա միայն հայկական ֆենոմեն չէ. աշխարհի շատ երկրներում թուրքական ապրանքները դոմինանտ են դարձել՝ մանավանդ աշխարհագրորեն Թուրքիային մոտ գտնվող երկրներում, և փակ սահմանները դրան որևէ կերպ չեն խոչընդոտում»:

Անդրադառնալով քննարկման ընթացքում հնչած՝ Ագարակից մինչև Հորադիզ երկաթգծի կառուցման  և Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման միջև տարվող համեմատություններին, պատգամավորը նկատեց. «Դրանք տարբեր բաներ են, քանի որ երկաթգծի կառուցման հիմնական բարդությունը թե՛ ֆինանսական, թե՛ ժամանակային առումով՝ հողային աշխատանքներն են՝ թունելներն են, կամուրջներն են, հիմքի նախապատրաստումն է՝  մինչև բուն երկաթգիծը տեղադրելը:

Կարս-Ախալքալաք հատվածում նման աշխատանքներ արվել են զրոյից, իսկ Հորադիզից մինչև Ագարակ՝ այդ հիմքը կա, ուղղակի վրայի բուն երկաթգիծը չկա, որը շատ ավելի արագ է տեղադրվում»:

Դիտարկմանը, թե Խուդաֆերինի ջրամբարը, որը ժամանակին չի եղել, և այժմ կա՝ ենթադրում է, որ պետք է նոր լուծումներ տրվեն, արձագանքեց. «Այսինքն՝ միայն այդ հատվածում է, որ պետք է խոշորածավալ աշխատանքներ տանել»:

Խոսելով նախկինում այս հարցով արված հաշվարկների մասին՝ Հայկ Գևորգյանն ասաց, որ այդ ուսումնասիրություններում չի եղել երկաթգծի Կարս-Ախալքալաք հատվածը:

«Այդ առումով, մեր երկաթգիծն  ավելի կորցրել է իր մրցունակությունն այդ հատվածով,- ասաց նա, ապա հավելեց,- Շատ գործոններ կան, որոնք այսօր հաշվի չեն առնվել:  Կարող եմ մի քանի փաստ բերել, որ իրանական պտուղ-բանջարեղենի տեղափոխումը, եթե նախկինում արվում էր միայն Ադրբեջանով, ապա արդեն մի քանի ամիս է՝ մեր գործարարները պիլոտային փորձարկումներ են արել՝ այդ տեղափոխումն իրականացնել Սյունիքով (այսինքն՝ նախկինում գործող և մինչև հիմա էլ գործող այդ ճանապարհով), և նույնիսկ այդ պայմաններով պտուղ-բանջարեղենի տեղափոխումը դեպի ՌԴ բավականին շահեկան է գործարարների համար, և եթե օգտագործվի ավտոճանապարհը Նախիջևանի միջով, որը մոտ 3.5 ժամով կրճատում է բեռի տեղափոխման տևողությունը, ավելի ձեռնտու կդառնա:

Օրինակ՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրանքը, որոնք Սյունիքի ճանապարհներով դանդաղ բարձրանալով բերում-հասցնում են մինչև Երևան, ինչը և՛ ճանապարհների,  և՛ ժամանակային առումով վատ ազդեցություն է ունենում. երկաթգծի գոյության պայամաններում՝ դրա տեղափոխման ինքնարժեքը ոչ թե տոկոսներով է նվազելու, այլ անգամներով»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս