«Ադրբեջանի կողմից ապաշրջափակումը մեզ ոչինչ չի տալիս». Նորայր Գևորգյան

«Սպիննակեր Գրուպ» ՍՊԸ համահիմնադիր,  բեռնափոխադրումների ոլորտի մասնագետ Նորայր Գևորգյանն անհավանական է համարում ադրբեջանական կողմի հավաստիացումը, թե երկաթգծի  գործարկման համար անհրաժեշտ է երկու տարի:

«Երկու տարին անհավանական է, որովհետև այն կիլոմետրաժը, որտեղ գոյություն չունի երկաթգիծ (եթե սկսենք  Հայաստանի արևմտյան սահմանից մինչև Հորադիզ, մոտ 120-130 կմ մասին է խոսքը), երկու տարում անհնար է սարքել, որովհետև կա պրակտիկա՝ նույն թուրք-ադրբեջանական նմանատիպ Կարս-Ախալքալաք երկաթգծի առումով, որովհետև նրանք հինգ տարի էին խոստանում, բայց սարքեցին 15 տարում»,- մանրամասնեց բեռնափոխադրումների ոլորտի մասնագետը՝  «Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ:

Նրա համոզմամբ՝ ապաշրջափակման մասին խոստումներն ավելի շատ քաղաքական բնույթի են. «Ես հիմա նկատի ունեմ թուրք-ադրբեջանական տանդեմին, որովհետև ինչո՞ւ են իրենք ուզում Երևանից՝ Նախիջևանով գնալ Բաքու, կամ՝  հետո ուղարկել ՌԴ, եթե կա մյուս տարբերակը՝ Կարս-Ախուրյան, հետագայում՝ նաև Վանաձոր-Ղազախ, որը ճանապարհը  գրեթե 250 կմ-ով  կրճատում է,  և բացի այդ՝ Հայաստանի տրանզիտը մեծացնում է 2-3 անգամ:  Այստեղ կա մի պատասխան՝ իմ կարծիքով, դա նա է, որ, եթե այդ ճանապարհը վերագործարկեն, Հայաստանի դերն ավելի է մեծանում. իրենք տալիս են ՀՀ-ին ավելի շատ վճար (բնական է՝ բեռնափոխադրման այդ ճանապարհի՝ տրանզիտի համար գումար է վճարվում), և երկրորդը՝ դա ավելի կարճ է մեզ համար, բնականաբար, ավելի օգտակար, որովհետև մենք այդ ճանապարհն արդեն ունենք»:

Անդրադառնալով այդ ապաշրջափակման արդյունքում փոխադրողների հնարավոր օգուտներին՝  Նորայր Գևորգյանը նկատեց՝  Հայաստանն առանց այդ էլ ունի բեռնափոխադրումների շատ քիչ քանակը, որն ապահովում է  Հարավկովկասյան երկաթուղին. «Եթե վերցնենք Հարավկովկասյան երկաթուղու բեռնաշրջանառությունը, դրան գումարենք ավտոբեռնաշրջանառությունը, ինչ Հայաստանի Հանրապետություն մտնում և դուրս է գալիս, Ադրբեջանի կողմից ապաշրջափակումը մեզ ոչինչ չի տալու, որովհետև մեզ համար երկաթուղով այն, ինչ որ գալիս է, ուղարկել Մոսկվա՝ ավելի թանկ է նստելու, քան Հարավկովկասյան երկաթուղով անել այն, ինչ որ անում են: Դրան գումարած՝  Ադրբեջանի տարածքը, որպես միջանցիկ  ճանապարհ, երբեք ավելի էժան չի լինի, քան Լարսով՝ բացառությամբ այն դեպքերի, այն  սեզոնի, երբ մի քանի օրով փակվում են ճանապարհները, բայց դա տարվա մեջ կարող է մի անգամ լինել: Ես դեռ ռիսկերի ու մենթալիտետային հարցերի մասին չեմ խոսում, թե ովքեր դրան կգնան սկզբնական շրջանում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս