Կան մի քանի կոնկրետ հարցեր, օրինակ, ավտոճանապարհները կբացվեն ավելի շո՞ւտ, թե՞ կսպասենք երկաթգծի գործարկմանը. Հայկ Գևորգյան
«Բուն գործընթացը կսկսվի այս ամսվա վերջին, երբ աշխատանքային խումբն արդեն կսկսի աշխատել: Այն աշխատանքային խմբի մասին է խոսքը, որի համանախագահն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այստեղ կլինեն արդեն դետալային քննարկումներ՝ թե՛ ժամկետների հետ կապված, գուցե ժամանակային քարտեզը կդրվի, թե կոնկրետ ո՞ր ուղղություններով ինչպիսի զարգացումներ կլինեն»,- «Տարածաշրջանն ապաշրջափակվում է. ռի՞սկ, թե՞ հնարավորություն Հայաստանի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ի հայտնի եռակողմ հանդիպմանն ու դրա օրակարգին, ինչպես նաև՝ ինչ է սպասվում ապաշրջափակում ասվածի շրջանակներում Հայաստանին:
Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման մանրամասների մասին հարցին ի պատասխան՝ պատգամավորը վստահեցրեց՝ ամբողջ ինֆորմացիան պաշտոնական խողողովակներով փոխանցվել է.
«Այն, ինչ դուք գիտեք, այդքանն է և ոչ ավելին: Նորությունները, կարծում եմ, մենք կիմանանք արդեն այդ աշխատանքային խմբի հանդիպումներից հետո»:
Հայկ Գևորգյանը նկատեց՝ կան մի քանի կոնկրետ հարցեր. «Օրինակ՝ ավտոճանապարհները կբացվեն ավելի շո՞ւտ, թե՞ կսպասենք երկաթգծի գործարկմանը: Խնդիրն ինչ է՝ որ Ագարակից մինչև Հորադիզ, այն հատվածում, որը մեր վերահսկողության տակ էր, երկաթգիծ գոյություն չունի, հիմա էլ՝ Մեղրիի տարածաշրջանում՝ Սյունիքում, երկաթգիծ, ըստ էության, գոյություն չունի, և դա պետք է կառուցվի: Ադրբեջանական կողմի հաշվարկներով, դա կտևի մոտ երկու տարի, մինչ դա, կարծում եմ, պետք է քննարկվի ավտոճանապարհների բացման հարցը: Արդեն կերևա քննարկումների ընթացքում:
Հետո՝ այստեղ կա մի հարց, որն ինձ անձամբ հետաքրքրում է՝ արդյո՞ք խոսքը Հայաստան-Թուրքիա երկաթգծի վերաբացման մասին է, թե՞ առայժմ այս պահին այդ հարցը չի քննարկվում: Անորոշությունները դեռ շատ են՝ թե՛ ժամկետների, թե՛ տեխնիկական մի քանի հարցերի հետ կապված:
Ընդհանուր առմամբ, գլոբալ իմաստով երկաթգիծը պետք է գործի ամբողջությամբ՝ առանց սահմանափակումների, խնդիրն այստեղ ժամկետների հարցն է, որովհետև, ինչպես ասացի, այդ երկաթգծի զգալի մասն ուղղակի գոյություն չունի այս պահին»: