«Եթե այդ միտքն արտահայտած լիներ որևէ անհատ իրավաբան, ես կհասկանայի, բայց դա բարձրաձայնում է ԲԴԽ նախագահը». Գագիկ Ջհանգիրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումների շրջանակում հանդիպում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ կարճ զրույցում Գ. Ջհանգիրյանն  ասաց, որ կարևոր հայտարարություն ունի անելու:

«Ես ուզում եմ մեկ լուրջ թեմայի շուրջ հայտարարություն անել՝ կապված ԲԴԽ արտահայտած կարծիքի հետ, ըստ որի՝ իրավաբանա-գիտնականը այս օրենքով սահմանափակումների տակ է ընկնում։ Դրա հետ կապված՝ ես երեկ ասել եմ, 86-րդ հոդված, 112 և այլն, բայց դա զուտ իրավաբանների քննարկելու խնդիրն է: Ձեզ համար այլ խնդիր եմ ասում։ Հիմա այս հայտարարությամբ կոչ եմ անում ԲԴԽ անդամներին հավաքվել և այդ խնդիրը իրավաբանական տեսանկյունից քննարկել, որովհետև եթե իրենք այսօր հայտարարում են, որ նախորդ նախագահ Գագիկ Հարությունյանի այդ պաշտոնում ընտրությունը հակասահմանադրական է եղել, հակասել է «Դատական օրենսգրքի» դրույթներին, դա նշանակում է, որ ԲԴԽ-ի կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման միջնորդությունները հակասահմանադրական են։ Ավելին, այդ դատարաններն ու դատավորները ոչ պատշաճ դատարաններ ու դատավորներ են, և հետևաբար՝ դրանց կողմից այս երկու տարվա ընթացքում արձակված բոլոր միջանկյալ, վերջնական դատական ակտերն ու որոշումները բեկանելի են և ապօրինի են։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արվել»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նա կոչ արեց մեկ անգամ ևս այդ խնդրին անդրադառնալ և որպես անաչառ, կողմնակի դիտորդ իրավաբաններ՝ քննարկել խնդիրը:

«Դրանք Եվրոպական դատարանի համար շատ վտանգավոր արգումենտներ են: Եթե այդ միտքն արտահայտած լիներ որևէ անհատ իրավաբան, ես կհասկանայի, բայց դա բարձրաձայնում է ԲԴԽ նախագահը»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ ինքը փարատել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կասկածները:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց նաև, որ դիմել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը հանդիպման խնդրանքով, սակայն դեռ պատասխան չի ստացել:

«Դատական օրենսգիրքն այնպես է գրված, որ եթե որևէ իրավաբան ցանկություն է հայտնում ԲԴԽ իրավաբան-անդամի պաշտոնում ընտրվելու, անպայմանորեն նրան պետք է առաջադրի որևէ խմբակցություն: Որևէ իրավաբան համաձայնում է թվապես մեծ խմբակցության առաջարկին համաձայնել, որպեսզի ձայներն ապահովվեն: Մանավանդ քաղաքական այս սուր իրավիճակում, երբ ԱԺ-ում նույնպես բևեռներ են են ձևավորվել: Այսինքն՝ եթե Ջհանգիրյանը ցանկություն ուներ դառնալ ԲԴԽ անդամ, ուրեմն նա պետք է առաջադրվեր թվով մեծ խմբակցության կողմից»,- եզրափակեց Գագիկ Ջհանգիրյանը:

Տեսանյութեր

Լրահոս