Չի կարելի լինել գյադա և գյադայի նման պահել. Թաթուլ Հակոբյան
Հունվարի 11-ին 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը: Նրանք քննարկել էին տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրը:
Հարավային Կովկասում, համաձայն ՌԴ նախագահ Պուտինի հայտարարության, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ:
Միևնույն ժամանակ անհայտ է մնում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և ձերբակալված անձանց ճակատագիրը:
Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ 100 տարի առաջ կատարված ողբերգությունից մենք դասեր չքաղեցինք:
«Մինչև 2020թ. սեպտեմբերի 26-ը երբ ասում էին, թե Կարսը ոնց ենք կորցրել՝ չէինք պատկերացնում: Ցավոք, հիմա արդեն պատկերացնում ենք, և ամբողջ ազգը մտել է այս ողբերգական շղթայի մեջ և չի կարողանում դուրս գալ: Իսկ թե ինչու այդպես եղավ Մոսկվայում՝ շատ պարզ պատճառով. եթե դու կապիտուլյացիայի ես ենթարկվում՝ այլևս չես բանակցում: Աշխարհում ո՞վ է տեսել՝ կապիտուլյացված կողմը բանակցի: Լավագույն դեպքում քո առջև թուղթ են դնում, որը ստորագրում ես: Ահա, այս ողբերգական իրավիճակն է, որում հայտնվել է հայ ժողովուրդը՝ իր ընտրած առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Չհաջողվեց հաջողության հասնել, որովհետև Ալիևն ուզում էր ստանալ ամեն ինչ: Այսինքն, սա զրո վերջնարդյունքով խաղ է, որին ծանոթ ենք 1994 թվականից, երբ այն ավարտվեց մեր հաղթանակով»,- ասաց Թաթուլ Հակոբյանը՝ հավելելով, որ այս իրավիճակից դուրս գալու համար քայլեր պետք է կատարվեն:
«Առաջինը` Նիկոլ Փաշինյանը հեռանում է, ձևավորվում է նոր իշխանություն, նոր բանակցողներ, և փորձ է արվում Ադրբեջանի, Ռուսաստանի հետ որոշակի համաձայնությունների հասնել: Հայաստանի մեջքն այնպես է ջարդվել, ու Հայաստանն այնպիսի հոգեվիճակում է հայտնվել, որ չի կարող շատ բան անել: Պետք է փորձենք լավ աշխատել, խաղաղ ժամանակն օգտագործել ու զրո վերջնարդյունքով խաղը փոխել, եթե միջնորդ պետությունը և հակառակորդ Ադրբեջանը իրենց շարունակեն պահել այնպես, ինչպես տավուշյան արկածախնդրությունից հետո իրեն պահում էր Նիկոլ Փաշինյանը՝ ստորացնելով կամ փորձելով ստորացնել Ալիևին, որի դեմքին երեկ չէր կարողանում նայել»,- նշեց վերլուծաբանը:
Ինչ վերաբերում է գերիների հարցին, ապա, Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ այն կլուծվի, եթե կառուցողական մթնոլորտ ստեղծվի բանակցություններում, և երկրների առաջնորդներն իրենց ավելի պատշաճ պահեն:
«Հիշում եմ՝ 1994թ., երբ մայիսյան անժամկետ զինադադարից հետո Մոսկվայում տեղի ունեցավ հանդիպում Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալիևի հոր միջև, կողմերն արժանապատիվ կեցվածք էին դրսևորում: Չի կարելի լինել գյադա և գյադայի նման պահել: Ցավոք, հայկական և ադրբեջանական կողմերը տարբեր ժամանակներում իրենց պահում են գյադաների, այլ ոչ թե՝ առաջնորդների նման: Երեկ այդ գյադայի դերում Իլհամ Ալիևն էր, իսկ տավուշյան արկածախնդրությունից հետո՝ մեկ այլ մարդ էր: Հուսով եմ, որ Հայաստանում կլինի իշխանության փոփոխություն, կգան նոր մարդիկ, նոր բանակցողներ ու ավելի անկաշկանդ կկարողանան բանակցել Ադրբեջանի հետ: Եվ եթե ստեղծվի կառուցողական ֆոն՝ վստահ եմ, որ գերիների հարցը կարելի է լուծել: Վստահ եմ, որ Ադրբեջանը շարունակելու է փորձել զիջումներ կորզել Հայաստանից՝ մի քանի պատճառներով, որովհետև դա դուր է գալիս Ալիևին: Նա փորձում է ստորացնել Փաշինյանին, ինչպես նա Ալիևին՝ տավուշյան դեպքերից հետո: Եվ ժամ առաջ աթոռից հեռանալը, պետք է հասկանան, որ բխում է հայ ժողովրդի, ռազմագերիների շահերից»,- ասաց վերլուծաբանը: