Այն գործընթացը, որ հիմա սահմանին կատարվում է, սահմանազատում չէ, ժամանակավոր սահմանների, դիրքերի տեղակայման պրոցես է, բայց այն, թե մեկնարկի հրամանը ո՞ր պաշտոնյան է տվել, մեզ հայտնի չէ. քարտեզագիր
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, որից հետո Հայաստանի Հանրապետության սահմանների հետ կապված խնդիրներ սկսեցին առաջանալ:
Հանրությանը շարունակում է հուզել՝ որտե՞ղ են գծվում երկրի նոր սահմանները, և ովքե՞ր են իրականացնում Հայաստան-Արցախի Հանրապետություն-Ադրբեջան սահմանազատման աշխատանքները:
Քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանը նոյեմբերի 23-ին բաց նամակ է հղել ՀՀ վարչապետին ու Արցախի նախագահին՝ նշելով, որ մտահոգված է այս պահին Արցախի սահմանների որոշման գործընթացներով։ Նա անհրաժեշտ է համարել այս աշխատանքներում գեոդեզիստների, քարտեզագիրների և այլ մասնագետների ներգրավումը՝ կարևորելով սահմանազատումից առաջ ուսումնասիրել նախկինում գոյություն ունեցած բոլոր նյութերը, քարտեզները, տեքստային և այլ տիպի տվյալները, որոշել, թե որ կոորդինատային համակարգում են որոշվելու սահմանների կոորդինատները և ի՞նչ ճշտություն (թույլատրելի շեղում) են ունենալու, ի՞նչ սարքավորումներով, սկզբունքներով և մեթոդներով են իրականացվելու սահմանազատման (դեմարկացիայի) կամ անգամ ժամանակավոր սահմանների որոշումը։
Նամակին արձագանք եղել է, ու քարտեզագիր Շահեն Շահինյանի փոխանցմամբ՝ ակնհայտ է եղել, որ կառավարությունը խորհրդակցելու ոչ մի ցանկություն, նպատակ չունի, քանի որ և՛ համագործակցության առաջարկին, և՛ մյուս հարցերին պատասխանել են, որ առաջարկները չեն ընդունվել:
«Տարեվերջին կրկին գրություն եմ ուղարկել Կառավարություն, և իմ մատնանշած կետերի հիմքում սա էր՝ քանի որ Կառավարության ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ Հայաստանի պետական, միջազգայնորեն ճանաչված սահմաններից ոչ մի զիջում չի արվելու, խնդրել եմ տրամադրել փաստաթղթեր, կոորդինատներ, նկարներ, ինչ-որ հիմնավորում, թե ո՞րն է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը, որպեսզի մենք էլ կարողանանք հասկանալ, թե սահմանը որտեղո՞վ է անցնում: Նաև հարցման մեջ եղել է, թե ո՞ր թվականի քարտեզով է իրականացվելու սահմանազատումը: Դեռևս պատասխանելու օրենքով սահմանված ժամկետը չի լրացել, հույս ունեմ, որ կարձագանքեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շահեն Շահինյանը:
Իսկ, այսպես կոչված, սահմանազատումը, որ կատարվում է, որքանո՞վ է օրինական՝ հարցին ի պատասխան՝ քարտեզագիրն ասաց.
«Այն գործընթացը, որ հիմա սահմանին կատարվում է, Կառավարության կողմից ևս հայտարարվել է, որ դա սահմանազատում չէ, ժամանակավոր սահմանների, դիրքերի տեղակայման պրոցես է։ Բայց այն, թե այս գործընթացի մեկնարկի հրամանը ո՞ր պաշտոնյան է տվել, ի՞նչ հիմքեր է ունեցել նման հրաման տալուց, կա՞ արդյոք գրավոր հրաման՝ մեզ հայտնի չէ, ու ըստ այդ հրամանի՝ կարող են դատել՝ այդ գործընթացն օրինակա՞ն է, թե՞ ապօրինի»:
Կարևորելով մասնագետների համագործակցությունը՝ քարտեզագիրն ասաց, որ սահմանից ստանում ենք արձագանքներ այն մասին, որ հայ մասնագետների ներկայությունը չեն տեսնում:
«Չեմ բացառում, որ ՊՆ-ից կան մարդիկ, որոնք մասնակցում են, բայց նրանց թվաքանակի, հագեցվածության, որակավորման վերաբերյալ տեղեկություն չունենք: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք իրենց թիկունքին կանգնել և մեր երկրի սահմանները պահել»,- եզրափակեց մեր զրուցակիցը: