Հայաստանից թուրքերի և ադրբեջանցիների համար կարող են պահանջել մաքսային արտոնություններ. Վահե Դավթյան

Այսօր Մոսկվայում կայացավ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև եռակողմ հանդիպումը, որի ժամանակ ՌԴ նախագահն անդրադարձավ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ նշելով. «Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների բացումը: Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետին անվտանգության փորձագետ, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը, անդրադառնալով տրանսպորտային կոմունիկացիաների արգելափակման հարցին շեշտեց, որ դրանք Հայաստանի համար լի են անվտանգային խնդիրներով։

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը Հայաստանով կյանքի է կոչվում Հայաստանի կառավարության ապազգային կեցվածքի պատճառով։ Մասնավորապես, կուզեմ անդրադառնալ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակված անձի այն հայտարարությանը, թե այս ամենի արդյունքում նպատակ է հետապնդվում գնալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ առևտրատնտեսական ինտեգրմանը։ Սա, իհարկե, կարող է հրապուրիչ լինել էլեկտորատի համար, սակայն լուրջ աշխարհատնտեսական խնդիրներ ասվածն է իր մեջ պարունակում, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդումը բերելու է Հայաստանի տնտեսության ագրեսիվ էքսպանսիայի»,- ասաց Դավթյանը։

Ըստ նրա՝ Թուրքիայի տնտեսության պես ագրեսիվ շուկային ինտեգրվելու մասին կարելի էր խոսել միայն այն ժամանակ, երբ մեր երկրում մոդեռնիզացվեր մեր տնտեսությունը, իսկ արտադրվող ապրանքների ինքնարժեքն էլ նվազեցվեր։

«Մեր մոտ դա չարվեց, որովհետև գործող Կառավարությունը չունի էլեմենտար պատկերացում պետական կառավարման մասին, դրան գումարած՝ չի կարողանում տարանջատել ընթացիկ բիզնես շահն ու անվտանգային խնդիրը»,- ասաց Դավթյանը՝ շեշտելով, որ Կառավարությունն առհասարակ անվտանգային բաղադրիչը դուրս է մղել կառավարման համակարգից և ընդհանրապես ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր ոլորտներից։

«Երբ դու բացում ես միջանցքներ, հանդես ես գալիս՝ որպես տարանցիկ գոտի, պետք է գոնե նվազագույնը խոսես մաքսավճարների մասին, սակայն այդ հարցը հիմա օրակարգում չկա, ուստի ստացվում է հետևյալը՝ ասում ես՝ բաց տարածք ենք, եկեք իրականացրեք ձեր պանթուրքական ծրագրի տնտեսական բաղադրիչը, իսկ Ադրբեջանը կարող է նաև Հայաստանի առաջ նախապայմաններ դնել՝ իր ճանապարհներից օգտվելու դիմաց։ Չի՛ բացառվում, որ Հայաստանից պահանջեն մաքսային արտոնություններ թուրքերի և ադրբեջանցիների համար»,- ասաց Դավթյանը։

Նա անդրադարձավ նաև Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդրին՝ նշելով, որ այդ առումով կանգնած ենք ճգնաժամի առաջ, քանի որ Հայաստանն այլևս չի ստանալու Արցախից 330 մլն կվ էներգիա, չգիտենք նաև, թե ինչ գումարով է վերազինվելու ատոմակայանը, ձախողված է նաև էներգիայի արտահանման ողջ գործընթացը՝ հատկապես Վրաստանի հետ։

«Կանգնած ենք էներգետիկ խորքային ճգնաժամի առաջ. մենք մտնելու ենք փակուղի, կնքելու ենք էներգետիկ անվտանգության մահկանացուն»,- ասաց Դավթյանը՝ նկատելով, որ էներգակիրների խնդրին զուգահեռ՝ կանգնած ենք Հայաստան մատակարարվող գազի թանկացման խնդրի առաջ։

«Քանի որ գազը գնում ենք դոլարով, իսկ ակնհայտ է, որ «Գազպրոմ Արմենիան» հայտնվել է հերթակական ռիսկի առաջ, ուստի այս ընկերությունը կարող է դիմել ՀԾԿՀ՝ գազի սակագինը բարձրացնելու համար. ի դեպ, այստեղ հատկանշական է, որ Ռուսաստանը, որը մշտապես գազ գնող երկրների հետ կնքում էր 1 տարով պայմանագիր, Հայաստանի հետ այս անգամ կնքել է պայմանագիր ընդամենը 3 ամսով։ Հոսանքի և գազի գնի բարձրացման և շարունակաբար աճող պետական պարտքի պայմաններում ՀՀ-ի տնտեսությունը կանգնած է խորքային ճգնաժամի առաջ, իսկ եթե 1 միլիարդ 150 միլիոն դոլարի վարկային պայմանագիրն էլ ստորագրվի, ապա արտաքին պարտքը կհատի 9.8 միլիարդը»,- ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս