Մտավորականության պարտքն այն է, որ կարողանա ճշմարիտ գաղափարներ հասցնել հասարակությանը՝ առանց ատելության քարոզի, ժխտողական մոտեցման. Սերժ Սրապիոնյան
Մշակույթի մի խումբ գործիչներ՝ անհանգստանալով երկրի ապագայով, «Ձայն հայրենյաց» շարժում են նախաձեռնել:
«17 ընդդիմադիր կուսակցությունների շարժումը, որն ունի ընդգծված քաղաքական մոտեցում, և որի պահանջների զգալի մասը մենք կիսում ենք, դա գործող վարչակարգի հեռացումն է, և այսօր այն կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար, ուստի որոշեցինք «Ձայն հայրենյաց» բարձրացնել՝ հասկացնելու համար, որ այստեղ կուսակցականություն, քաղաքականություն, աթոռակռիվ արտահայտությունները բոլորովին տեղին չեն: Այսօր, դժբախտաբար, կշեռքին դրված է մեր հայրենիքի գոյության-չգոյության և հետագա մեր ընթացքի խնդիրը, այդ պատճառով մտավորականների մի ստվար խումբ, որն անհանգստացած է երկրի գալիքով՝ այսպիսի շարժում է նախաձեռնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
Նրա փոխանցմամբ՝ «Ձայն հայրենյաց» անունը պատահական չի ընտրվել:
«Այն հնչել է Խրիմյան Հայրիկի շուրթերից, և երբ նրան Երուսաղեմում հարցնում են, թե ինչո՞ւ աքսորվեց Երուսաղեմ՝ լինելով Կ. Պոլսի հայոց պատրիարքը, նա պատասխանում է՝ նրա համար, որ իմ հայրենիքի ձայնն եմ բարձրացրել: Կարծում եմ, որ այսօր որոշ ընդհանրություն կարելի է գտնել. նրանք, ովքեր իրենց ձայնը բարձրացնում են՝ ենթարկվում են անհայտ ծագման և անհայտ գաղափարաբանություն դավանող մարդկանց հարձակումներին:
Ցանկացանք մեր մտավորականների, մշակութային գործիչների խոսքը հասցնել մեր ժողովրդին:
Կան մոլորյալներ, ինչպես նաև մարդիկ, ովքեր ծայրահեղ, իրար հակասող կարծիք ունեն խնդրի վերաբերյալ, և մտավորականության պարտքը նախևառաջ այն է, որ կարողանա ճշմարիտ գաղափարներ հասցնել հասարակությանը՝ առանց ատելության քարոզի, ժխտողական մոտեցման, ծայրահեղականությունների: Ներողություն եմ խնդրում ժողովրդի լայն մասսայից, բայց համոզված եմ, որ զգալի մասը, հատկապես հիմա, երբ թաղված է հետպատերազմյան հուսահատական վիճակի մեջ, շատ ծանր խնդիրների առջև է կանգնած նաև կենցաղում, այս ժողովուրդը՝ խոսքս միջին մտածողության խավի մասին է, չի կարող հստակ պատկերացնել այն արհավիրքը, որը մեզ սպասում է շատ մոտ ապագայում, և մտավորականի պարտքը այդ արհավիրքի ճշմարիտ դիմագիծը ժողովրդին ներկայացնելն է, եթե դա թմբիր է՝ այդ թմբիրից արթնացնելն է: Մեր գործունեությունը ծավալելու ենք այդ ուղղությամբ՝ ատելություն չքարոզելով որևէ մեկի նկատմամբ, բայց նաև չխուսափելով սխալները ճակատին ասելուց»,- հավելեց գրականագետը:
Կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը, շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ասաց, որ մշակույթի գործիչները պարտավոր են մասնակից լինել պետության մեջ կատարվող իրադարձություններին:
«Կարծում ենք, որ իրավունք չունենք մասնակից չլինել այն վերջին իրադարձություններին, որոնք կատարվում են մեր հայրենիքում: Որքան էլ ուղղվածությունը գնահատվի քաղաքական, բայց մենք գիտենք, որ որևէ ակնկալիք որևէ հարցում չունենք: Նպատակը մեկն է՝ ստեղծված իրավիճակում առողջացնենք մեր ուժերը, համալրենք և կարողանանք դուրս գալ այս ծանր բարոյահոգեբանական վիճակից»,- նշեց կինոռեժիսորը:
Մշակութաբան Սամվել Հարոյանի փոխանցմամբ էլ՝ իրենց շարքերը բավականին արագ համալրվում են, ավելին, ոչ միայն մշակույթի գործիչները, այլև տարբեր բնագավառում աշխատող քաղաքացիները ևս կարող են միանալ շարժմանը, որը հունվարի 12-ից ավելի լայն թափ կստանա: