Ի պատասխան խմբագիր-վարչապետի «դժգույն ու թշվառ» հոդվածի

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  • ԼՂ հարցի վերաբերյալ ստացած ժառանգությունից է խոսում մեկը, ով այլևս Արցախից ժառանգելու ոչինչ չի թողել
  • Փաշինյանը դեռ խորհում է՝ հանձնվե՞լ, թե՞ չհանձնվել, երբ արդեն հանձնել է հնարավոր ամեն ինչ և դեռ շարունակում է հանձնել
  • Անխելքությա՞ն, թե՞ «մեղավորության» կանխավարկած
  • Վերջաբանի փոխարեն

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԽՄԲԱԳԻՐ-ՎԱՐՉԱՊԵՏԻ «ԴԺԳՈՒՅՆ ՈՒ ԹՇՎԱՌ» ՀՈԴՎԱԾԻ

«Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր, համատեղության կարգով ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վերհիշել է իր հիմնական «մասնագիտությունը»` այս անգամ իր հայտնի թերթի փոխարեն օգտագործելով վարչապետի պաշտոնական կայքէջը։ «44-օրյա պատերազﬕ ծագումը» վերնագրով իր հոդվածում (1) Փաշինյանը հերթական անգամ փորձում է մանիպուլացնել հասարակական կարծիքը, ներկայացնում է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նպատակ ունենալով իր վրայից մաքրել աղետալի պատերազմի ու դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Հոդվածն արդեն իսկ հանրային մեծ պարսավանքի է արժանացել, շատերը անդրադարձել են այնտեղ քողարկված վտանգավոր թեզերին, սակայն այդ աղմուկի մեջ շատ կարևրոր է նաև ցույց տալ, որ հոդվածում տեղ գտած բառացիորեն յուրաքանչյուր թեզ կամ «փաստ» որևէ աղերս չունի իրականության հետ, յուրաքանչյուր «փաստարկ» ունի շատ ավելի ծանրակշիռ հակափաստարկ։ Այսպես, փորձենք անդրադառնալ հայտնի հոդվածում ներկայացված հիմնական «փաստարկներին» և ցույց տալ դրանց ողջ մերկությունն ու մանիպուլյատիվ բնույթը։

ԼՂ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑԱԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԽՈՍՈՒՄ ՄԵԿԸ, ՈՎ ԱՅԼԵՎՍ ԱՐՑԱԽԻՑ ԺԱՌԱՆԳԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉԻ ԹՈՂԵԼ

Հոդվածի հենց առաջին պարբերությունը սկսվում է ակնհայտ ապատեղեկատվությամբ։ Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել դրանից, հեղինակը բերում է այն կեղծ «փաստարկը», թե իբր «հասունացել էր պահը, երբ ԼՂ հարցում պետք է որևէ իրադարձություն տեղի ունենար»։ Սա պարզ մանիպուլացիա է՝ միտված մոլորեցնելու հասարակության այն շերտերին, որոնք նախկինում կայացրած իրենց սխալ քաղաքական որոշումներն արդարացնելու համար պատրաստ են հավատալ դավադրության տարբեր տեսությունների, այդ թվում՝ այն հիմար վարկածին, թե իբր «ԼՂ հարցի ոչ հայանպաստ ելքը կանխորոշված է եղել, իսկ ներկայիս կառավարությունը ուղղակի մնացել է այդ բեռի տակ»։

Իրականությունն այն է, որ վերջին տասնամյակների ընթացքում ԼՂ հարցում միշտ էլ «որևէ իրադարձություն տեղի է ունեցել», այն երբեք էլ սառեցված չի եղել, ուղղակի հմուտ դիվանագիտության և ռազմաքաղաքական արդյունավետ կառավարման շնորհիվ հնարավոր է եղել խուսափել այդ իրադարձությունների զարգացման ոչ հայանպաստ սցենարներից։ Այլ հարց է, որ գործող կառավարությունը իր ապաշնորհ կառավարման և թույլ տված հանցավոր սխալների պատճառով ստեղծեց մի այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը համոզվեց, որ հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու իր վաղեմի ծրագրերն իրականացնելու համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները։ Այս իմաստով, այո, 2,5 տարվա ընթացքում գործող կառավարությունը ջանք չխնայեց, որպեսզի հասունանա այն պահը, երբ ԼՂ հարցի ոչ հայանպաստ լուծման համար ձևավորվեն նպաստավոր պայմաններ և միջազգային կոնսենսուս։

Իրականում իր այս «փաստարկով» վարչապետը խոստովանում է, որ 44-օրյա պատերզմի բռնկման միակ պատասխանատուն հենց ինքն է․ եթե ըստ նրա՝ պահը, երբ ԼՂ հարցում պետք է որոշիչ իրադարձություններ տեղի ունենային, հասունացել էր առնվազն 2011 թվականից հետո, սակայն Ադրբեջանը դրա լավագույն ժամանակը համարեց 2020-ի աշունը, ապա հենց այդ ժամանակ է ակնհայտ դարձել երկու երկրների միջև հավասարակշռության խախտումը, հետևաբար գործող կառավարությունը ձախողել է այդ հավասարակշռությունը պահպանելու երկարամյա քաղաքականությունը։ 1994-ի զինադադարից ի վեր բոլոր նախորդ իշխանությունները, դիվանագիտական ճակատում փոփոխական հաջողություններով, այնուամենայնիվ կարողացել են պահպանել այդ հավասարակշռությունը և զսպել հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու՝ Ադրբեջանի ախորժակը։ Այլապես լայնածավալ պատերազմը կսկսվեր 1999, 2008, 2011, 2014-15 թվականներին, հնարավոր չէր լինի ժամանակին ու նվազագույն կորուստներով կասեցնել 2016-ի ապրիլյան պատերազմը և Ադրբեջանին դիվանագիտական ծուղակը գցել։ Ադրբեջանը պատերազմը սկսեց այն ժամանակ, երբ համարեց, որ Հայաստանը գտնվում է ամենաթույլ վիճակում, պարբերաբար հրաժարվեց կրակը դադարեցնելու պայմանավորվածություններից, քանի որ 2,5 տարում Հայաստանը անհեռատես արտաքին քաղաքականության պատճառով հայտնվեց այնպիսի միջազգային մեկուսացման մեջ, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային զսպման որևէ մեխանիզմ այլևս չէր աշխատում։ Ադրբեջանը գնաց երկարատև պատերազմի ճանապարհով, որովհետև ակնհայտ էին Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական, ներքաղաքական, կառավարման, հումանիտար և առողջապահական ճգնաժամերը, որոնց առկայության պայմաններում հայկական կողմը երկար դիմադրել չէր կարող։

Հաջորդիվ իր հոդվածում հեղինակը փորձում է հիմնավորել, թե «ինչո՞ւ էր հասունացել պահը, երբ ԼՂ հարցում պետք է որևէ իրադարձություն տեղի ունենար»։ Այդ նպատակով նա խեղաթյուրված տվյալներ է ներկայացնում 2011-ից ի վեր բանակցային գործընթացում տեղ գտած կարևոր իրադարձությունների վերաբերյալ՝ փորձելով ցույց տալ, թե իբր բանակցային գործընթացում ՀՀ նախկին իշխանությունների ձախողումներն են հանգեցրել ԼՂ հարցում ոչ հայանպաստ միջավայրի ձևավորմանը, և 2018-ին իրենք ժառանգել են բանակցային այնպիսի գործընթաց, որը վաղ թե ուշ հանգեցնելու էր 2020-ի պատերազմի կործանարար արդյունքներին։

Նախ անդրադառնալով Կազանյան գործընթացին՝ Փաշինյանն ինքն է նշում, որ բանակցային սեղանին եղել է այնպիսի տարբերակ, որը նախատեսում էր Արցախի միջանկյալ, այնուհետև վերջնական կարգավիճակի որոշում, ընդ որում՝ այդ կարգավիճակի վերաբերյալ որևէ սահմանափակում առկա չէր։ Միջանկյալ կարգավիճակը որևէ կապ չէր ունենալու փախստականների վերադարձի հետ, իսկ վերջնական կարգավիճակը կապելով փախստականների վերադարձի պահանջի հետ և փորձելով ցույց տալ՝ իբր այդ կարգավիճակը կարող էր ոչ հայանպաստ լինել, Փաշինյանը միտումնավոր անտեսում է այն փաստը, որ փախստականների վերադարձի և բնակեցման համամասնությունը դեռևս հստակորեն արձանագրված էր, այն տեղի էր ունենալու 1988-ի համամասնությամբ, որն էլ իր հերթին հանգեցնելու էր ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեի հայանպաստ ելքին։ Փոխարենը Փաշինյանը ջանք չի խնայում շեշտելու 5+2 շրջանների վերադարձի հարցում հայկական կողմի պատրաստակամությունը, մինչդեռ բանակցային ողջ գործընթացի տրամաբանությունը միշտ էլ կառուցված է եղել «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» գաղափարի շուրջ, իսկ կարգավիճակը հայկական կողմը պատկերացրել է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս, որի մասին բազմիցս բարձրաձայնել են նախորդ նախագահները։ Հայկական կողմը երբեք էլ չի հրաժարվել Արցախի շուրջը գտնվող անվտանգության գոտու տարածքների վերադարձի քննարկումներից, սակայն որպես կարևոր նախապայմաններ են եղել ԼՂ կարգավիճակի վերջնական և հայանպաստ որոշումն ու Արցախի անվտանգության միջազգային երաշխիքները կամ դրա երաշխավորված հեռանկարը։ Ընդ որում, պատահական չէ, որ նույնիսկ միջանկյալ կարգավիճակը և վերջնական կարգավիճակի հայանպաստ հեռանկարը Հայաստանի համար բավարար պայման չի եղել, որպեսզի վերջինս զիջի բոլոր 7 շրջանները, հետևաբար ի հայտ է եկել 5+2 ձևաչափը։ Այսինքն ռազմավարական առումով կարևորագույն շրջանները՝ Քարվաճառն ու Լաչինը, հայկական կողմը պատրաստ էր զիջել բացառապես Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման դիմաց։ Ընդ որում, նույնիսկ վերջնական կարգավիճակի հստակեցումից և Լաչինն ու Քարվաճառը զիջելուց հետո հայկական կողմը Լաչինում ստանալու էր շատ ավելի բարենպաստ ու անվտանգ միջանցք, քան այսօրվա 5 կմ լայնությամբ «արահետն» է։ Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը ի վերջո հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթը, քանի որ այն հանգեցնելու էր Արցախի ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե անկախությանը և միջազգային ճանաչմանը։

Այս ակնհայտ փաստերի մասին խոսելու փոխարեն, Փաշինյանը միանգամից անցնում է 2017-ին նախագահ Ս․ Սարգսյանի տված հարցազրույցին, որտեղ նա բոլորովին այլ համատեքստում և այլ իրավիճակում, ցույց տալու համար Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը՝ հիշեցրել է, որ 2011-ին հենց Ադրբեջանն է ձախողել Կազանյան գործընթացը։ Հիշեցնեմ, որ 2016-2017 թվականներին էր Ալիևը հայտարարում, որ փակ դռների հետևում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը (2), իսկ այդ երկրի արտգործնախարարը պարբերաբար թմբկահարում էր «սուբստանտիվ» բանակցությունների թեման, ամեն անգամ ՄԽ համանախագահների հայտարարություններում ստանալով հերթական ապտակը, որտեղ առաջնահերթությունը տրվում էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործմանը (3)։ Հայտնի հարցազրույցում ՀՀ երրորդ նախագահի խոսքերը բացառապես նպատակ են ունեցել ցույց տալու, թե իրականում որ կողմն է տորպեդահարում «սուբստանտիվ» բանակցությունները և ով է հանդես գալիս ապակառուցողական դիրքերից։ Իսկ այն, որ Ադրբեջանը ցանկացած պարագայում «ուզելու էր ավելին», ակնհայտ փաստ է, նախագահը դա հենց այնպես չէր ընդգծում՝ ցույց տալով, որ բանակցային գործընթացի ձգձգման միակ մեղավորը Ադրբեջանի իշխանությունն է։ Նույնիսկ 2020-ի նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո է Ադրբեջանն «ավելին ուզում», խոսում է Սևանի և Զանգեզուրի մասին, արդեն իսկ հասցրել է զավթել տարածքներ, որոնք որևէ կերպ արտացոլված չեն եռակողմ հայտարարության տեքստում։ Այլ հարց է, որ եթե նախկինում հնարավոր էր զսպել Ալիևի ախորժակը, ապա այժմ նա իր հավակնությունները կարողանում է բավարարել առանց ՀՀ իշխանությունների կողմից որևէ լորջ դիմադրության, իսկ երբեմն էլ՝ վերջիններիս ակնհայտ թողտվությամբ։

Փաշինյանն իր հոդվածում հիշեցնում է, որ 2013-ից հետո շփման գծի ողջ երկայնքով լարվածությունը մեծանում է, այնուհետև լարվածությունը շարունակվում է 2014-2015թթ. ընթացքում, ըստ նրա՝ աշխարհաքաղաքական «բարենպաստ» պայմաններում։ Նման կերպ վերջինս փորձում է ներկայացնել, թե իբր աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ միջնորդների շրջանում՝ առաջին հերթին ՌԴ կողմից տեղի է ունեցել ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ մոտեցումների վերանայում, և շրջանառության մեջ են դրվել Հայաստանի համար ավելի անբարենպաստ լուծումներ։ Ընդ որում, Փաշինյանը ոչ հայանպաստ լուծուման տարբերակների ձևավորումը կապում է բացառապես ռուսական կողմի շահերի հետ, անուղղակիորեն փորձելով ցույց տալ, թե իբր ռուսական կողմը սեփական աշխարհաքաղաքական շահերը փորձել է սպասարկել ի հաշիվ հայկական կողմի շահերի։ Սա ակնհայտ սադրանք է ռազմավարական դաշնակցի հանդեպ, որը այսօր առավել քան երբևէ, հանդիսանում է Արցախի և Հայաստանի անվտանգության թերևս միակ երաշխավորը։ Ըստ էության՝ Փաշինյանը շարունակում է իր ընդիմադիր ժամանակների այն գիծը, թե իբր Ռուսաստանը Արցախի հարցը օգտագործում է սեփական աշխարհաքաղաքական ծրագրերն իրագործելու համար (իր հայտնի հայտարարությունը, թե իբր Ապրիլյան պատերազմը Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնելու համար էր, արդեն վարչապետի կարգավիճակում Փաշինյանը անուղղակիորեն կրկնեց նաև վերջին ասուլիսներից մեկի ժամանակ)։

Իրականում 2013-ից հետո, իրոք, Հայաստանի և Ռուսաստանի շուրջ ձևավորվել է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ, սակայն ի պատիվ նախորդ իշխանությունների, Հայաստանը կարողացել է պատվով դուրս գալ այդ իրավիճակից, առանց որևէ լուրջ տարածքային և մարդկային կորուստների։ Հոդվածի հեղինակը միտումնավոր լռում է, թե ինչու, եթե այդպիսի նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակ էր հասունացել 2013, 2014, 2015 թվականներին, Ադրբեջանը այդպես էլ չհամարձակվեց լայնածավալ պատերազմ սկսել Հայաստանի դեմ, քանի որ պատասխանը հստակ է՝ Հայաստանը կարողանում էր պահպանել ուժերի հավասարակշռությունը և զսպել Ադրբեջանի նման գայթակղությունը։

Շարունակելով աշխարհաքաղաքական անբարենպաստ միջավայրի թեզը՝ Փաշինյանը նշում է, որ 2013-ին ծնվում, իսկ 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են ԼՂ հարցով այսպես կոչված «ռուսական առաջարկները»։ Ուշագրավ է, որ ընդիմադիր շրջանում փաշինյանական քարոզչությունը (ի դեպ, նաև ադրբեջանական քարոզչությունը) այս առաջարկները ներկայացնում էր որպես «Լավրովի պլան», իսկ այժմ վերջինս խուսափում է այդ տերմինն օգտագործելուց։ Փաշինյանը ինչ-որ խեղաթյուրված տվյալներ է ներկայացնում ռուսական կողմի այդ առաջարկներից՝ նշելով, թե իբր դրանք ենթադրում էին 5+2 շրջանների, փախստականների վերադարձ և ռուս խաղաղապահների տեղակայում՝ որևէ կերպ չանդրադառնալով ԼՂ կարգավիճակի հարցին։ Իրականում, ինչպես Կազանյան գործընթացի, այնպես էլ հաջորդիվ տեղի ունեցած բանակցային գործընթացների ժամանակ երբևէ հայկական կողմը չի քննարկել մի տարբերակ, որտեղ անդրադարձ չկատարվի ԼՂ կարգավիճակի հարցին։ Նույնիսկ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում՝ 2019թ․-ի մարտին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մեջ հստակորեն նշված է ինչպես Արցախի միջանկյալ կարգավիճակի, այնպես էլ պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով վերջնական կարգավիճակի հստակեցման մասին (4)։ Միայն 2020-ի նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարությունն է, որ որևէ տառ չի պարունակում Արցախի կարգավիճակի մասին, հետևաբար այս հարցի շուրջ շահարկումները առնվազն սեփական ձախողումը քողարկելու նպատակ են հետապնդում։

Ներկայացված բոլոր առաջարկները, այդ թվում՝ Ռուսական կողմի առաջարկները, նույնպես անդրադառնում էին ԼՂ ժամանակավոր կարավիճակին՝ ուրվագծելով վերջնական կարգավիճակի հեռանկարը։ Սակայն, նույնիսկ եթե այդ առաջարկներում եղել են ոչ հայանպաստ որոշ դետալներ, ապա դրանք մերժվել են հենց ՀՀ իշխանությունների կողմից, ինչի մասին խոսում է նաև Փաշինյանը՝ նշելով, որ հայկական կողմը 2016թ․ հունվարին մերժել է ներկայացված առաջարկներից մեկը։

Շարունակելով իր միտքը՝ Փաշինյանը 2016-ի ապրիլյան պատերազմը կապում է հենց 2016-ին հայկական կողմին ներկայացված առաջարկի մերժման հանգամանքի հետ, մինչդեռ հոդվածի սկզբում նշում էր, որ 2013-ից հետո շփման գծում լարվածությունը աճի միտում է ունեցել, իսկ 2016-ի գործողությունները ակնհայտորեն երկար նախապատրաստված և պլանավորված էին ու չէին կարող զուտ բանակցային գործընթացի մեկ դրվագի արձագանք լինել։ Սակայն, նույնիսկ եթե իրադարձությունները դիտարկենք Փաշինյանի տեսանկյունից, ապա ստացվում է, որ 2016-ին հայկական կողմը ստացել է ոչ բարենպաստ առաջարկ և ունեցել է բավարար դիվանագիտական ռեսուրս՝ այն մերժելու համար, ստացել է լայնածավալ պատերազմ, և ունեցել է բավարար ռազմաքաղաքական ռեսուրս այն 4 օրվա ընթացքում նվազագույն կորուստներով կասեցնելու, հակառակորդին խաղաղության պարտադրելու և բանակցային գործընթացը ավելի բարենպաստ միջավայրում վերսկսելու համար՝ առաջնային օրակարգ բերելով սահմանային միջադեպերի վերահսկողության մեխանիզմների ներդրման՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հակառակորդին ստիպելով խոսել Արցախի անկախության ճանաչման մասին։

Համեմատության համար կարելի է միայն ուսումնասիրել, թե ինչպիսին են եղել հայկական կողմի կորուստները 2016 և 2020 թվականների պատերազմների առաջին 4 օրերի արդյունքում, ինչպիսին են եղել մի դեպքում՝ 4-րդ օրը պատերազմը կասեցնելու ու դիվանագիտական նպաստավոր միջավայր ձևավորելու, մյուս դեպքում՝ 44 օր շարունակ «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո պարտվելու և բոլոր համեմատաբար նպաստավոր առաջարկները մերժելու արդյունքները (այդ թվում՝ հոկտեմբերի 19-ի առաջարկը, որի մասին հարցազրույցներից մեկում խոսեց ՌԴ նախագահ Պուտինը (5))։

Ապրիլյան պատերազմի համատեքստում Փաշինյանը կրկին կոնտեքստից դուրս անդրադառնում է 80-ականների զենքի մասին նախագահ Սարգսյանի հայտնի հայտարարությանը, որը մանրամասնորեն մեկնաբանել է հենց ինքը՝ նախագահը, պատերազմից առաջ իր ունեցած ասուլիսի ժամանակ (6)։ Ավելին, 80-ականների զենքի մասին մանիպուլյացիաները բազմիցս մերկացրել են հենց փաշինյանական իշխանության կարկառուն ներկայացուցիչները՝ հանձինս Արծրուն Հովհաննիսյանի և Դավիթ Տոնոյանի, երբ վերջիններս ստիպված էին արդարացնել արդեն Փաշինյանի օրոք իրականացված հնամաշ Օսա-ԱԿ-ների ձեռքբերումը։ Սակայն այս դեպքում ևս, եթե շարժվենք Փաշինյանի տրամաբանությամբ, ապա այդ նույն 80-ականների զենքով 2016-ին հայկական կողմը կարողացել է կանգնեցնել հակառակորդի ագրեսիան, վերականգնել հավասարակշռությունը և առնվազն մինչև 2018-ի իշխանափոխությունը զսպել ադրբեջանական նոր ագրեսիայի հնարավորությունը։ Առհասարակ, վարչապետը դեռ շարունակում է խոսել 80-ականների զենքերից՝ այդպես էլ չպատասխանելով Օսա-ԱԿ-ների հետ կապված բացահայտումներին և մեղադրանքներին, չխոսելով այն մասին, թե ինչու այդպես էլ չկիրառվեցին իր կողմից այդքան գովազդված և թանկարժեք ՍՈՒ-30-ները, որոնք գնվել էին հակառակ նախապես պլանավորված ծրագրի, որով նախատեսվում էր ժամանակակից ՀՕՊ համակարգեր ձեռք բերել։

Շարունակելով Ապրիլյան պատերազմի հետևանքների թեման, Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր դրանից հետո բանակցային օրակարգի հիմնական և միակ թեման եղել է 7 տարածքների հանձնումը։ Գոյություն ունեն հստակ փաստեր, որ 2016-ից ընդհուպ մինչև 2018-ի փետրվարը առնվազն ՄԽ համանախագահների տարածած հայտարարություններում գլխավոր օրակարգային հարցը եղել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները (7), որոնց մասին Փաշինյանը բնականաբար լռում է, ինչպես լռում էր իր պաշտոնավարման ողջ ընթացքում, և ԱԳՆ-ն վերհիշեց դրանք միայն հուլիսյան մարտերից հետո, երբ արդեն վերադարձը այդ օրակարգին անհնարին էր։ Փաշինյանը նշում է, թե իբր համանախագահները համակերպվել էին, որ ԼՂ կարգավիճակի հարցը քննարկելի է այնքանով, որքանով այն քննարկելի է Ադրբեջանի համար, մինչդեռ նախքան 2018-ի իշխանափոխությունը ՄԽ համանախագահները իրենց գրեթե բոլոր հայտարարություններում անդրադառնում էին նաև ինքնորոշման իրավունքի սկզբունքին, որից բխում է կարգավիճակի հարցը։ Ավելին, համանախագահները կարգավիճակի հարցը իրենց հայտարարությունների օրակարգում են պահել նաև վերջին 2,5 տաիների ընթացքում, այդ թվում՝ նաև չարաբաստիկ կապիտուլյացիայից հետո՝ հիշատակելով հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները (8)։ Իրականում հենց Փաշինյանի իշխանությունն է ամեն կերպ նվազեցրել Արցախի սուբյեկտայնությունը՝ ի չիք դարձնելով կարգավիճակի շուրջ համանախագահների և հայկական կողմի դիվանագետների երկարամյա ջանքերը։

Հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է հոդվածում տեղ գտած այն պնդումը, թե իբր «ռուսական առաջարկներից» հետո Ադրբեջանը կոշտացրել է իր դիրքորոշումը և սկսել հայտարարել, թե «ԼՂ որևէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ»։ Իրականում Ալիևը ԼՂ կարգավիճակի մասին խոսում էր նույնիսկ վերջին պատերազմի ընթացքում, թեև այն մեկնաբանում էր սեփական տեսանկյունից։ Իսկ երբ խոսքը գնում է այն մասին, որ Ալիևը 2016-ից հետո կոշտացրել է դիրքորոշումը Արցախի կարգավիճակի հարցում և բացառել այն՝ Ադրբեջանի կազմից դուրս, լավ կլինի հիշել, որ հայկական կողմը նույնպես հանդես է եկել ոչ պակաս կոշտ դիրքորոշմամբ՝ երրորդ նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ Ալիևի հռետորաբանությանը մշտապես համարժեք հռետորաբանությամբ է արձագանքվել ՀՀ նախին իշխանությունների կողմից՝ ինչը պայմանավորված է եղել սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ և բանակցային գործընթացում սեփական շահերը պաշտպանելու վճռականությամբ։ Իրավիճակը փոխվեց 2018-ի իշխանափոխությունից հետո, իսկ ներկայումս հասել ենք այնպիսի խայտառակ վիճակի, որ Ալիևի բոլոր ռազմատենչ հայտարարություններն ու մեղադրանքները անպատասխան են մնում։ Ի դեպ, հարկ է նշել, որ հայկական կողմը իր ծրագրերը երբեք չի կառուցել այն տրամաբանությամբ, որ Արցախի կարգավիճակին Ադրբեջանը պետք է հավանություն տա։ Մետրոպոլիաները սովորաբար դրան չեն համաձայնվում։ Մեր դիվանագիտական ջանքերն ուղղված են եղել միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի ընդունմանը։

Ավելի անհեթեթ են Թուրքիայի ծավալապաշտական և ռազմատենչ վարքագիծը «ֆուտբոլային դիվանագիտության ձախողման» հետ կապելու փորձերը։ Նախ հոդվածի հեղինակն ինքն է նշում, որ տարածաշրջանում տեղի են ունեցել խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժեր, և Թուրքիայի վարքագիծը պայմանավորված է առաջին հերթին դրանցով։ Այլապես Փաշինյանը պետք է «ֆուտբոլային դիվանագիտության» հետ կապի նաև Սիրիայում, Իրաքում, Արևելյան Միջերկրականում, Կիպրոսում, Լիբիայում, ընդհուպ միջև Ղրիմի ու Դոնբասի հետ կապված Թուրքիայի վարքագիծը, ինչո՞ւ չէ, նաև Այա Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը։ Իրականում այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը» արտաքին քաղաքական տեսանկյունից Հայաստանի համար որևէ լուրջ բացասական հետևանքներ չի ունեցել, իսկ իմիջային տեսանկունից դրա շնորհիվ Հայաստանը կարողացել է ներկայանալ որպես կառուցողական երկիր։

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԵՌ ԽՈՐՀՈՒՄ Է՝ ՀԱՆՁՆՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՀԱՆՁՆՎԵԼ, ԵՐԲ ԱՐԴԵՆ ՀԱՆՁՆԵԼ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄԵՆ ԻՆՉ ԵՎ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՆՁՆԵԼ

Շարունակելով իր ձախողումներն արդարացնելու փորձերը՝ Փաշինյանն իր հոդվածի 2-րդ մասը ամբողջությամբ նվիրում է ԼՂ հակամարտության շուրջ բանակցային ողջ գործընթացը սևացնելու գործին։ Պարզվում է, ոչ միայն Շուշին էր դժգույն քաղաք, այլև 1996-ից հետո դժգույն էին նաև մեր ողջ դիվանագիտական կորպուսը, բոլոր բանակցությունները և այդ ընթացքում գրանցված բոլոր արդյունքները։ Փաշինյանի համոզմամբ 1996-ից մինչև 2018-ը բանակցային գործընթացը հայկական դիվանագիտության համար «անհաջողությունների մի երկար պատմություն» է եղել, և միայն իշխանափոխությունից հետո է ինքը փերձել հետ պտտել անհաջողությունների անիվը, սակայն արդեն ուշ էր։ Ինչ խոսք, ստացվում է, որ հայկական դիվանագիտության «անհաջողությունների այդ պատմությունը» տարիներ շարունակ կարողացավ ապահովել Արցախի դե ֆակտո անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ 2018-ի հետհեղափոխական դիվանագիտական հաջողությունները հանգեցրին կործանարար պատերազմի, կապիտուլյացիայի, Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության խախտման։ Գուցե ճիշտ ճանապարհը այդ «անհաջողությունների պաատմությունը» շարունակե՞լն էր, այլ ոչ թե ամեն ինչ սեփական կետից սկսելը։ Բայց ոչ, Փաշինյանը փորձում է «ապացուցել», որ ճիշտը ամեն դեպքում իր կետից սկսելն էր, մոռանալով՝ որ ցանկացած դիվանագիտության արդյունավետության լավագույն գնահատականը դրա վերջնարդյունքն է։

Եվ բնական է, որ Փաշինյանը խոսում է 1996-ի Լիսաբոնյան ձախողումից, բայց չի խոսում 2008-ի Մադրիդյան հաջողություններից, նշում է, որ (ի դեպ՝ 1997-ից) ԼՂ ներկայացուցիչները դուրս մղվեցին բանակցություններից, մինչդեռ մինչև վերջին պատերազմը համանախագահները այցելում էին նաև Ստեփանակերտ և հանդիպում ԼՂ իշխանությունների հետ։ Նշում է, որ Արցախի ներկայացուցիչների դուրսմղումը բանակցություններից ԼՂ հիմնահարցը տեղավորեց տարածքային վեճի տրամաբանության մեջ՝ չհիշատակելով, որ կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը մշտապես եղել է ինքնորոշման իրավունքը, նաև մոռանալով, որ ինքն էր «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարություններով կարգավորման գործընթացը տեղափոխում տարածքային վեճի հարթություն։ Փաշինյանը նշում է, որ մի փուլից սկսած 7 տարածքների հանձնումը Ադրբեջանին համարվում էին բանակցային գործընթացի առաջնային նպատակ, մինչդեռ հայտնի է, որ առնվազն մինչև 2018-ի իշխանափոխությունը բանակցային գործընթացը ընթացել է փաթեթային տարբերակի շուրջ, և երբեք խոսք չի եղել միակողմանիորեն 7 շրջանների զիջման մասին (9)։ Ի վերջո, խոսում է բանակցային գործընթացից Արցախի կարգավիճակի հարցի դուրսմղման մասին, մինչդեռ նույնիսկ հիմա համանախագահ երկրները ջանքեր են գործադրում այդ հարցը օրակարգում պահելու համար, թեև արդեն դա բավական բարդ է։

Փաշինյանը նշում է, որ հայկական կողմի միակ հաջողությունը ժամանակն էր, սակայն այդ համատեքստում կրկին շահարկում է 2016-ի ապրիլյան պատերազմի և 80-ականների զենքի թեման՝ եզրակացնելով, թե այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ «ժամանակ ձգելու դարաշրջանը նույնպես ավարտվեց»։ Ընդ որում, խմբագիր-վարչապետը իր երևակայությամբ ավելի հեռուն է գնում՝ հավելելով, որ «Ռուսաստանը հոգնել էր մեղադրանքներից, թե իրականում նա ոչ թե հարցի կարգավորման, այլ ձգձգման կողմնակիցն է»։ Փաստն այն է, որ 2016-ի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հայկական կողմը ոչ թե վատնել է ժամանակը, այլ կարողացել է կուտակել բավարար ռազմաքաղաքական ու դիվանագիտական ռեսուրս՝ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ադրբեջանական հավակնությունները կանխելու համար։ Եթե ըստ Փաշինյանի՝ Ապրիլյան պատերազմից հետո «ժամանակ ձգելու դարաշրջանն ավարտվել էր», ապա ինչո՞ւ հենց այդ ժամանակ չսկսվեց լայնածավալ պատերզմը, ինչո՞ւ մինչև 2020-ի սեպտեմբեր, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք, հաջողվեց «ժամանակ ձգել»։ Ռուսական կողմի նպատակների և մտադրությունների մասին հեղինակի «մտքի գոհարները» մեկնաբանելն անիմաստ է, ուղղակի ակնհայտ է, որ ողջ հոդվածում կարմիր թելով անցնում է բոլոր ձախողումների մեղքը, բացի նախորդ իշխանություններից, նաև Ռուսաստանի վրա բարդելու քողարկված ուղերձը։

Խոսելով իր ստացած ժառանգության մասին՝ Փաշինյանը նշում է, որ իշխանության գալուց հետո կանգնել է ընտրության առաջ՝ անցնել տարածքների հանձնման գործընթացին (ինչը ըստ նրա՝ «առարկայական բանակցություններն» են, ընդ որում նույն մեկնաբանությունը տալիս է նաև ադրբեջանական կողմը, մինչդեռ առարկայական բանակցությունների համատեքստում կարելի է դիտարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ կարգավիճակի հարցը) կամ փորձել փոխել բանակցային տրամաբանությունը (կամ ինչպես ինքն է նշել, բանակցությունները սկսել սեփական կետից)։ Ինչպես գիտենք, Փաշինյանի կառավարությունը ընտրեց երկրորդ տարբերակը՝ փորձելով բանակցությունները սկսել սեփական կետից (Դուշանբե), սակայն վերջինս բնականաբար չի նշում, որ կար ընտրության ևս մեկ, ավելի խելամիտ տարբերակ, որից ինքը անհասկանալի խանդավառությամբ հրաժարվեց։ Այն ենթադրում էր շարունակել բանակցային գործընթացը այն կետից, որտեղ դրանք կանգ էին առել, այսինքն օրակարգում պահել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ավելի հստակեցնել և ամրապնդել հայկական կողմի դիրքերը Մադրիդյան սկզբունքների շրջանակներում, օգտվել նախկինում եղած բոլոր ձեռքբերումներից և հնարավորության դեպքում շտկել բացթողումները։ Նախկինը մերժելու անթաքույց մոլուցքը Փաշինյանին ստիպեց ի սկզբանե բացառել այս տարբերակը և երկիրը կանգնեցնել աղետալի երկընտրանքի առաջ, որի դառը հետևանքները մենք հիմա «վայելում ենք»։

Այնուհետև հոդվածագիրը փորձում է երկար բարակ ներկայացնել իբրև թե «բանակցային տրամաբանությունը փոխելու» իր ձախողված փորձերը, որոնց մասին դատելու համար բավական է տեսնել այդ քաղաքականության վերջնարդյունքը, հետևաբար անիմաստ է խորանալ բանակցային գործընթացում Փաշինյանի հեղափոխական նորամուծությունների մեջ։ Միայն նշենք, որ հեղինակի ցինիզմն այնքան հեռու է գնում, որ նա խոսում է նույնիսկ 2000-ականներին իբրև թե քննարկված Մեղրին՝ Ղարաբաղի դիմաց կոնցեպտի մասին, մինչդեռ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ հենց ինքն է կյանքի կոչել պայմանականորեն Մեղրին՝ ոչնչի դիմաց կոնցեպտը (նկատի ունեմ Հայաստանի ինքնիշխան տարածքում այլ երկրի վերահսկողության ներքո Ադրբեջանին միջանցքներ տրամադրելու դրույթը, որը ամենայն հավանականությամբ անցնելու է հենց Մեղրիով)։

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին և չկարողանալով որևէ լուրջ հակափաստարկ բերել, որ դրանք հայկական դիվանագիտության կարևոր ձեռքբերումներից մեկն էին՝ Փաշինյանը իր դիվանագիտական գիտելիքների բացակայությունը արդարացնում է հետևյալ ձևակերպմամբ, թե իբր «Մադրիդյան սկզբունքները ոչ թե հարցի կարգավորման բանաձև են, այլ անհասկանալի ինչ-որ բան»։ Այսինքն՝ եթե ինքը չի կարողացել ճիշտ ձևակերպել հայկական կողմի մեկնաբանությունն ու ակնկալիքները Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, եթե չի կարողացել գրագետ փաստարկներով ու ադրբեջանական կողմի մեկնաբանությունների համարժեք հակափաստարկներով դրանք ծառայեցնել հայկական կողմի շահերին, ապա ըստ Փաշինյանի՝ այդ սկզբունքները նույնպես «դժգույն ու թշվառ» սկզբունքներ էին։ Ընդ որում, հարկ է նշել, որ Մադրիդյան սկզբունքները այսօր էլ շարունակում են մնալ բանակցային սեղանին, հետևաբար դրանց նկատմամբ նման քամահրական վերաբերմունքը հերթական անգամ Հայկական կողմին դնում է անհարմար իրավիճակում։

Ի վերջո Փաշինյանը իր դիվանագիտական ձախողումները արդարացնում է նրանով, թե իբր դրանց նպատակն էր «ԼՂ հարցի բանակցային գործընթացը դուրս բերել տարածքներ հանձնելու պրիմիտիվ տրամաբանությունից»։ Ինչ խոսք, նրան հաջողվեց բեկում մտցնել գործընթացում, նա ստացավ ճիշտ հակառակ արդյունքը՝ իր անհեռատես քայլերով ԼՂ բանակցային գործընթացը ամբողջությամբ ներքաշեց «տարածքներ հանձնելու պրիմիտիվ տրամաբանության մեջ»։ «Փորձառու» խմբագիրը նույնիսկ այս ձախողումն է փորձում արդարացնել․ նա պնդում է, որ իբր 2016-ին շարժված գնացքը ինքը ուղղակի չկարողացավ կանգնեցնել, ընդ որում դրան չօգնեցին այնպիսի «դարակազմիկ» (իրականում շատ հակասական և օրենսդրական տեսանկյունից խոցելի) որոշումներ, ինչպիսիք Սիրիա առաքելություն ուղարկելու որոշում էր։ Իրականում Ռուսաստանի հետ հարաբերություններում գործող կառավարության ամենամեծ սխալն այն է, որ վերջինս անընդհատ փորձելով հաճոյանալ Ռուսաստանին, զուգահեռաբեր իր անմիտ քայլերով հետզհետե ավելի է խորացնում Մոսկվայի հետ հակասությունները։ Իսկ շարժված գնացքի հետ կապված ողջ ճշմարտությունն այն է, որ ոչ թե պետք էր կանգնեցնել այն, այլ ապահովել դրա հայանպաստ ընթացքը։ Գործող կառավարությունը, իրեն հատուկ անփորձ վարորդի ոճով, ինչպես մյուս ոլորտներում, այստեղ նույնպես հանգեցրեց մեծ «վթարի»։

ԱՆԽԵԼՔՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ «ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ» ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ

Իր հոդվածի երրորդ հատվածում վարչապետը շարունակում է «շարժվող գնացքի» մասին իր տարօրինակ դատողությունները՝ ըստ էության պնդելով, որ իր վարած քաղաքականության այլընտրանքը տարածքների հանձնումն է՝ ոչնչի դիմաց։ Ինչպես նշվեց, նա միտումնավոր չի հիշատակում երրորդ և ամենաճիշտ տարբերակը։ Ինչևէ, Փաշինյանը փորձում է բոլորիս համոզել, որ ավելի ճիշտ էր տարածքների հանձնումը՝ խայտառակ պատերազմի, 5000 զոհերի և տասնյակ հազարավոր վիրավորների, անհետ կորածների ու փախստականների, Արցախի կարգավիճակի անտեսման և Հայաստանի ինքնիշխան տարածքից զիջումների հաշվին, քան իր բնութագրմամբ՝ ոչնչի դիմաց։ Որպես փաստարկ նա նշում է, որ առանց պատերազմի զիջումները հնարավոր չէր լինի արդարացնել։ Այսինքն՝ ստացվում է, որ նրա գործողությունները պայմանավորված են եղել ոչ թե իրավիճակի սթափ գնահատականով ու հայկական կողմի շահերով, այլ նրանով, թե հետագայում ինչպես է արդարացնելու իր այս կամ այն որոշումը։ Հետևաբար Փաշինյանն ավելի հեռու է գնում և նշում, որ տարածքները կարող էին հանձնվել 1997, 2004, 2011, 2016 թվականներին՝ մոռանալով, որ արդեն իսկ իր հոդվածում, ճիշտ է՝ խեղաթյուրված ձևով, բայց նկարագրել է օրինակ 2011-ի Կազանյան գործընթացը, որը հայկական դիվանագիտական ջանքերի կարևոր ձեռքբերումներից մեկն էր և երաշխավորում էր տարածքների հանձնման դիմաց Արցախի կարգավիճակի հարցը։ Հենց ողջ խնդիրն այն է, որ նախորդ իշխանությունները բանակցային գործընթացը չեն դիտարկել ոչնչի դիմաց տարածքների հանձնման կամ պատերազմի երկընտրանքի պարզ տրամաբանության մեջ, այլ փորձել են ապահովել հակամարտության հնարավորինս հայանպաստ լուծում՝ ըստ էության կարողանալով ապահովել դրա համար անհրաժեշտ ռեսուրս։

Հօգուտ պատերազմի ընտրությունը արդարացնելու համար՝ Փաշինյանը հաջորդիվ այն կապում է 2020-ի հուլիսյան մարտերի ու դրանց արդյունքների հետ։ Այսինքն՝ այն պարագայում, երբ ԳՇ ներկայիս պետը ակնհայտ հայտարարում է, որ ինքը ինչպես դեռ 2020-ի հունիսին, այնպես էլ դրանից հետո, այդ թվում՝ պատերազմի 4-րդ օրը նշել է պարտության անխուսափելիության մասին, Փաշինյանը պատերազմը նախ չկանխելու, այնուհետև ժամանակին չկասեցնելու իր որոշումները պայմանավորում է հուլիսյան լոկալ մարտերում գրանցած որոշակի հաջողություններով։ Սա խոսում է տվյալ անձի՝ որպես գլխավոր հրամանատարի բացարձակ ոչ կոմպետենտ լինելու մասին, քանի որ ինչպես ինքն է այնուհետև նշում, այդ մարտերը նախ մասշտաբների առումով որևէ կապ չունեին լայնածաված պատերազմական գործողությունների հետ, հետո ստացվում է, որ վարչապետն ինքն է ընկել այդ իրադարձության ուռճացման ծուղակի մեջ։ Եթե լայնածավալ պատերազմին երկրի պատրաստության գլխավոր ցուցիչը Փաշինյանի համար եղել են հուլիսյան լոկալ մարտերը, ապա չի բացառվում, որ դրանք կարող էին լինել Ադրբեջանի կողմից հատուկ կազմակերպված ուշադրություն շեղող հնարք։ Ցանկացած պարագայում այս արդարացումը անտրամաբանական է և խոսում է միայն վարչապետի կողմից իրավիճակին չտիրապետելու մասին։

Անդրադառնալով պատերազմը կանխելու հնարավորություններին՝ նա նորից նշում է, որ դա կարող էր անել ինչպես նախքան պատերազմը, այնպես էլ պատերազմի ընթացքում, միայն տարածքների հանձնման գնով։ Սա յուրատեսակ ինքնախոստովանություն է, որ պատերազմից առաջ բանակցությունները հասել էին մի կետի, երբ պատերազմի այլընտրանքը առանց նախապայմանների տարածքների հանձնումն էր, ինչը նախկինում երբևէ չի եղել բանակցային գործընթացի օրակարգում։ Այնուհետև Փաշինյանը պնդում է, թե ինքը, տիրապետելով ողջ տեղեկատվությանը, հասկացել է, որ «պատերազմը կանգնեցնելը հնարավոր չէ, առանց Արցախի ու Հայաստանի համար աղետալի հետևանքների», հետևաբար որոշել է պայքարել այդ աղետալի հետևանքների դեմ։ Սակայն այնուհետև նա մի կողմից ընդունում է, որ հնարավոր է իր որոշման արդյունքում ավելի աղետալի հետևանքներ ենք ունեցել, մյուս կողմից փորձում է իր ընտրությունն արդարացնել այն կեղծ թեզով, թե իբր եթե հիմա մենք տեսնում ենք այդ որոշման արդյուքնում տեղ գտած աղետի մասշտաբները, այն ժամանակ այլ որոշում կայացնելու պարագայում չգիտենք ինչպիսին էր լինելու աղետի պարամետրերը։ Փաշինյանը մի բան հաշվի չի առնում, որ մենք հիմա էլ, ունենալով և տեսնելով փաստացի աղետի մասշտաբները, դեռևս չգիտենք այդ աղետի հետագա պարամետրերն ինչպիսին են լինելու, որովհետև ինչպես ինքն է այնուհետև նշում, ցանկացած պահի կարող են վերսկսել ռազմական նոր գործողությունները։

Փաշինյանի այն պնդումը, թե Շուռնուխի գյուղապետի լայվերը առկա էին լինելու ցանկացած սցենարի պարագայում որևէ քննադատության չեն դիմանում, որովհետև եթե հակամարտությունը կարգավորվեր ոչ թե կապիտուլյացիայի, այլ փոխզիջման արդյունքում, նախ պետք է ունենայինք դելիմիտացիայի և դեմարկացիայի նորմալ գործընթացներ, հետո Շուռնուխի գյուղապետի առջև կանգնած կլիներ հայկական բանակը, այլ ոչ թե ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցի զինվորները։ Չէին լինի նաև Շուռնուխի մատույցներում պատերազմի վերսկսման ռիսկերը, քանի որ դելիմիտացիայի և դեմարկացիայի նորմալ գործընթացները հնարավոր կլիներ իրագործել՝ հաշվի առնելով նաև հայկական կողմի շահերը։

Իսկ հիմա, այո, ցանկացած պահին Շուռնուխի, կամ մեկ այլ բնակավայրի մատույցներում կարող են վերսկսվել ռազմական գործողությունները, ինչը ոչնչացնում է Փաշինյանի այն թեզը, թե իբր ավելի շուտ զիջումների գնալու պարագայում պատերազմը կարող էր սկսել ոչ թե Հորադիզի, այլ Շուռնուխի մատույցներում։

Հաջորդիվ խմբագիր-վարչապետը փորձում է արդարացնել պարտության արդյունքում հաղթողի դիրքի կորուստը և որպես փաստարկ նշում է, թե իբր նախորդ իշխանությունները չեն կարողացել օգտագործել հաղթողի դիրքը և որևէ կոնկրետ արդյունք ապահովել։ Իհարկե նա խնամքով թաքցնում է այն փաստերը, որ հաղթողի հոգեբանության շնորհիվ է հայկական կողմը կարողացել հասնել Մադրիդյան սկզբունքներին, Կազանյան բանաձևին, ազգերի ինքնորոշման իրավունքի ամրագրմանը, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։ Սակայն ավելի կարևոր է մեկ այլ հարց․ իսկ ինչո՞ւ հենց ինքը՝ Փաշինյանը չկարողացավ օգտվել հաղթողի դիրքից, տապալեց ողջ գործընթացը և այնպես արեց, որ իրենից հետո այսուհետ այլևս ոչ ոք չկարողանա հանդես գալ այդ դիրքերից։

Փաշինյանը նաև կասկածի տակ է դնում 2018-ից հետո բանակցությունները հաղթական սցենարով շարունակելու՝ այլ ուժերի հնարավորությունները, այն պարագայում, երբ նույն իր առաջարկած տրամաբանությամբ մենք գիտենք իր սցենարի աղետալի հետևանքների մասին, բայց չգիտենք ինչ կլիներ, եթե իրադարձություններն այլ ընթացք ստանային։ Որպեսզի խորացնի կասկածամտությունը այլ ուժերի կողմից ավելի բարենպաստ հանգուցալուծման հնարավորության վերաբերյալ, Փաշինյանը դիմում է հերթական մանիպուլյատիվ հարցադրմանը, թե իբր այդ ինչպես էին համանախագահները հրաժարվեու իրենց առաջարկած պլաններից և ի հեճուկս Ադրբեջանի՝ ճանաչելու Արցախի անկախությունը։ Նույն տրամաբանությամբ այդ ինչպե՞ս է այսքանից հետո Փաշինյանը ակնկալում, որ օրինակ Ֆրանսիայի սենատի հայտնի բանաձևից հետո կարող է սկիզբ առնել Արցախի ճանաչման գործընթացը։ Փաշինյանը հարց է բարձրացնում, որ եթե նախորդ իշխանությունները ունեին հաղթական պլան, այն կարող էին իրագործել Կազանում կամ 2018-ի «հեղափոխությունից» առաջ։ Իրականում խնդրի ողջ էությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն Փաշինյանի, նախորդ իշխանությունները չեն ձգտել ամեն գնով ձերբազատվել Արցախյան հիմնահարցից, այդ նպատակով չեն դիմել հախուռն գործողությունների, ելել են այն պարզ տրամաբանությունից, որ քանի դեռ Արցախը, իր ավելի քան 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով հայկական կողմի վերահսկողության ներքո է, ապա ավելորդ շտապողականությունը միայն ի վնաս հայկական կողմի է լինելու։ Փաշինյանը նպատակ էր դրել ամեն գնով և հնարավորինս արագ ազատվել Արցախյան հիմնահարցից, դրա համար էլ ի սկզբանե սկսեց հախուռն քայլեր անել, դրա համար էլ իշխանության գալուց անմիջապես հետո սկսեց խոսել Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի զիջումներից։ Ընդ որում, Փաշինյանը նախորդ իշխանություններին մեղադրում է Ադրբեջանին 20 տարի հույս տալու մեջ՝ շփոթելով հակամարտության փոխզիջումային կարգավորման հույսը միակողմանի զիջումների հույսի հետ, մինչդեռ հենց ինքն է վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր անընդհատ Ադրբեջանին հույս վաճառել՝ պարբերաբար խոսելով վերջինիս համար ընդունելի լուծման մասին, հնարավորինս նվազեցնելով Արցախի սուբյեկտայնությունը։ Իրականությունն այն է, որ ոչ թե նախորդ իշխանություններն են Ադրբեջանին հույս տվել, իսկ Փաշինյանը՝ իբր հուսախաբ արել, այլ հենց ինքը, գալով իշխանության, Ադրբեջանին հույսեր է տվել, հետո հուսախաբ արել, այնուհետև այդ հույսերը լիարժեք իրագործել ձախողված պատերազմի միջոցով։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Իրականում պարզ է, որ Փաշինյանի մանիպուլյատիվ խմբագրականը նախատեսված է ոչ միայն բանակցային գործընթացից ոչինչ չհասկացող, այլև տարրական քաղաքական գիտելիքներից և տրամաբանելու ունակությունից զուրկ այն զանգվածի համար, որը «անվերապահորեն» ընթերցում է վարչապետի գրած ցանկացած տող և այն ընդունում որպես 100 տոկոսանոց ճշմարտություն։ Նպատակը հենց դա է, քանի որ այդ զանգվածը չի վերլուծելու նրա «փաստարկների» հավաստիությունը, ներկայացված թեզերին չի նայելու քննադատական տեսակնյունից, հետևաբար նա փորձում է այս մանիպուլյատիվ բառակույտի միջոցով որոշակի տրամաբանական շղթայի էֆեկտ ստեղծել այդ մարդկանց ենթագիտակցության մեջ։ Հեղինակը մի բան հաշվի չի առել, որ այդ նույն զանգվածը նախ ամբողջությամբ չի կարդալու իր 6 էջանոց հոդվածը, հետո կարդալու դեպքում էլ առնվազն խճճվելու է հոդվածում տեղ գտած միմյանց ակնհայտ հակասող թեզերի մեջ։ Արդյունքում խմբագիր-վարչապետի անհույս արդարացումները ուսումնասիրելու և այնտեղ տեղ գտած կեղծիքները վեր հանելու նպատակով՝ հոդվածը հիմնականում կարդալու են բանակցային գործընթացից քիչ թե շատ տեղյակ և իրավիճակը պատկերացնող անձինք՝ արձագանքելով այնտեղ տեղ գտած յուրաքանչյուր կեղծ թեզին։ Հետևաբար այս հոդվածները, բացի ֆեյքային լայքերից և մի քանի «անվերապահ» համակիրների մեջբերումներից, որևէ այլ արդյունք չեն ունենալու։ Ավելի օգտակար կլիներ «ազատ ժամանակն» օգտագործել այնպիսի կարևոր հարցերի լուծման նպատակով, ինչպիսիք գերիների վերադարձն ու սահմանային խայտառակ իրադրության կարգավորումն են՝ փորձելով գոնե ինչ-որ չափով մեղմել գործած աններելի սխալների համար պատասխանատվության չափաբաժինը։

«ԼՈՒՅՍ հիմնադրամ» գրառմամբ հրապարակված նյութը պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերով։ Հրապարակված նյութի բոլոր իրավունքների բացառիկ իրավատերը «ԼՈՒՅՍ» հիմնադրամն է։

Նյութի ամբողջական կամ դրանից քաղվածքների վերարտադրումը թույլատրվում է իրականացնել միայն «ԼՈՒՅՍ հիմնադրամ» գրառման և համապատասխան ակտիվ հղման տեղադրման պայմանով՝ պահպանելով «ԼՈՒՅՍ» հիմնադրամին պատկանող նյութերի օգտագործման կարգը։

Հղումներ՝
1. 44-օրյա պատերազմի ծագումը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը, 04.01.2021, https://www.primeminister.am/hy/interviews-and-press-conferences/item/2021/01/04/Nikol-Pashinyan-04-01/, (այցելվել է 08․01․2021)
2. Алиев: Азербайджан пытаются заставить признать независимость Карабаха, 7 октября 2016, https://eadaily.com/ru/news/2016/10/07/aliev-azerbaydzhan-pytayutsya-zastavit-priznat-nezavisimost-karabaha, (այցելվել է 08․01․2021)
3. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հիշատակումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հայտարարություններում 2016-2018 և 2018-2020 թվականներին․ համեմատական վերլուծություն, «Լույս» Հիմնադրամ, 30․07․2020, https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=172 (այցելվել է 08․01․2021)
4. Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group on the Upcoming Meeting of President Aliyev and Prime Minister Pashinyan, MOSCOW, PARIS, WASHINGTON, 9 March 2019, https://www.osce.org/minsk-group/413813, (այցելվել է 08․01․2021)
5. Ответы на вопросы СМИ по ситуации в Нагорном Карабахе, 17 ноября 2020 года, http://www.kremlin.ru/events/president/news/64431, (այցելվել է 08․01․2021)
6. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսը Ապրիլյան պատերազմի թեմայով, 19․08․2020, https://www.youtube.com/watch?v=298LRoT-Kbg, (այցելվել է 08․01․2021)
7. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հիշատակումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հայտարարություններում 2016-2018 և 2018-2020 թվականներին․ համեմատական վերլուծություն, «Լույս» Հիմնադրամ, 30․07․2020,
https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=172, (այցելվել է 08․01․2021)
8. Joint Statement by the Heads of Delegation of the OSCE Minsk Group Co-Chair Countries,TIRANA 3 December 2020, https://www.osce.org/minsk-group/472419, (այցելվել է 08․01․2021)
9. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի փուլերը, իրավիճակն ու հեռանկարները, «Լույս» Հիմնադրամ, 07․07․2020, https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=166, (այցելվել է 08․01․2021)

Տեսանյութեր

Լրահոս