«Լևոնս երկար էր սպասել հարսանիքին՝ 5 տարի, բայց միասին ապրեցին ընդամենը 5 օր»

Արցախում  նահատակված մայոր Լևոն Արմենակի Ավետիսյանն Էջմիածնից էր, եղբայրներից ավագը: 2008 թվականին ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, 2012-ին ավարտել էր և որպես սպա՝ ծառայության անցել Արցախի պաշտպանության բանակում:

«2012-ի օգոստոսին արդեն Հադրութի զորամասում էր աշխատում: Ապրիլյան պատերազմի ժամանակ Լևոնս եղել է հետախուզության հրամանատար, իր ջոկատով պահել են Լալա Լագայի դիրքերը և լավ ծառայության համար Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից նրան շնորհվել է Արիության մեդալ: Քառօրյայից մի քանի ամիս անց, երբ պաշտոնյաները նկատել են, որ Լևոնը՝ որպես սպա գերազանց է կատարում բոլոր մարտական առաջադրանքները, շատ պատրաստված է ու հայոց բանակի  լավագույն կադրերից է, 2 պաշտոն բարձր նշանակել են Ջաբրայիլի գնդի հետախուզության պետ, 3 տարի եղել է Ջաբրայիլի գնդի հետախուզության պետ, իսկ 2020 թվականի հունիսի 23-ին տեղափոխվել էր Հայաստանի N զորամաս՝ հետագա ծառայությունն այստեղ անցկացնելու, 8 տարի ծառայել էր Արցախում»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Լևոնի մայրը՝ տիկին Գայանեն:

Լևոնը նոր էր ամուսնացել, հարսանիքը պատերազմից 1 օր առաջ էր, մայրը պատմեց, որ երկար էին սպասել այդ օրվան, սպասում էին, որ որդին Արցախից տեղափոխվեր Հայաստան և ծառայությունը շարունակեր այստեղ, նոր ամուսնանար, սակայն հարսանիքից 5 օր անց Լևոնը մեկնեց պատերազմ ու էլ չվերադարձավ.

«Երկար էր սպասել հարսանիքին, 5 տարի ընկերություն էին անում, բայց միասին ապրեցին ընդամենը 5 օր: Տղաս Հոկտեմբերի 3-ից մեկնել է Արցախ ու իր հրամանատարի՝ Վահագն Ասատրյանի հետ, մասնակցել է բազմաթիվ ծանր մարտերի: Ընկերները պատմել են, որ Լևոնս բազմաթիվ մարդկանց է դուրս բերել շրջափակումից: Գիտեմ՝ որտեղ դժվար գործողություններ են եղել, իրենց խումբն է գնացել, որպես տարածքին քաջատեղյակ սպա՝ օգնել է, որ բոլոր գործողությունները բարեհաջող ավարտեն, կատարել է իր առջև դրված խնդիրը: Դեպքը տեղի է ունեցել Հադրութում՝ հոկտեմբերի 12-ին, ԱԹՍ-ից վիրավորվել է  հրամանատարը, հետո երկրորդն են գցել՝ էլ ոչ մեկը չի փրկվել, մեզ այդպես են պատմել: Այլ բանից տեղյակ չենք, գիտենք, որ կատաղի մարտեր են եղել…»:

 

Լևոնը վերջին անգամ տուն էր զանգել հոկտեմբերի 12-ի առավոտյան, վստահեցրել էր, որ ամեն բան կարգին է, իսկ արդեն հաջորդ օրը հարազատները լսել են բոթը:

«Կնոջ հետ խոսեց, ինձ հետ խոսեց, ասաց՝ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք, մոտ օրերս երևի կգանք հանգստի… Շատ երազանքներ ուներ, ի՞նչ կերազեր նոր ամուսնացած տղան՝ լավ ընտանիքի հայր դառնար, շատ երազանքներ ուներ, որ կիսատ մնացին: Չարաբաստիկ պատերազմը մեր բոլոր նպատակները թողեց կիսատ, միայն կարող եմ ավելացնել, որ ազգին նվիրյալ մարդը, տեսակով հերոսը կարող էր նման բան անել՝ 5 օրվա ամուսնացած լիներ ու գնար պատերազմ»,- ասաց Լևոնի մայրը:

Լևոն Ավետիսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Տեսանյութեր

Լրահոս