Արցախը պետություն է, և պետք է ցույց տալ, որ տեղի ունեցածն ագրեսիա էր պետության նկատմամբ. Վարդան Պողոսյան
«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագիրը կրող խորհրդաժողովում «Արցախյան երկրորդ պատերազմի պատճառներն ու հետևանքները․ միջազգային-իրավական համատեքստ» թեմայով քննարկման ժամանակ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ելույթ ունեցավ «Ինքնորոշման իրավունքը՝ լուսանցքներից դուրս» թեմայով:
Ըստ նրա՝ Արցախի հակամարտության կարգավորման տեսանկյունից պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել կատարված փաստին, ու պետք է ելնել այն հանգամանքից, որ Արցախը պետություն է՝ անկախ նրանից՝ ճանաչվա՞ծ է, թե՞ ճանաչված չէ որևէ պետության կողմից:
«Արցախը պետություն է, հիմնավորումը, որ ինքը պետություն է, նաև ինքնորոշման իրավունքի վրա է հիմնված… Եվ այժմ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք բոլորս գիտակցենք և նաև մեր միջազգային հարաբերությունում, դիվանագիտության ասպարեզում հասնենք նրան՝ ցույց տալու, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին, դա ագրեսիա էր պետության նկատմամբ, ուժի՝ միջազգային իրավունքով արգելված կիրառում էր, և հասնել այդ ագրեսիայի հետևանքների հաղթահարմանը»,- նշեց սահմանադրագետը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու Արցախի ժողովուրդն իրավունք ուներ միջազգային իրավունքին համապատասխան հռչակելու իր անկախությունը 1991-ին և ձևավորելու անկախ պետություն, սահմանադրագետը պատասխանեց՝ պատմական ակնարկ կատարելով: Վարդան Պողոսյանն անդրադարձավ ՄԱԿ-ի կանոնադրությանը, ապա՝ ՄԱԿ հռչակագրերին, ու նշեց, որ միջազգային իրավունքում չկա միանշանակ ձևավորված կարծիք, թե ով է ինքնորոշման իրավունքի կրողը: Սահմանադրագետի գնահատմամբ՝ Արցախը գտնվում է միջազգային իրավունքի պաշտպանության տակ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում