«Կարիք ունենք հոգևոր ծնունդի»․ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյան
Տարեմուտի վերջին և տարեսկզբի առաջին օրերը քրիստոնյայի համար անցնում են լուռ՝ աղոթքի ու պահքի մեջ։ Այժմ գտնվում ենք հենց այդ փուլում՝ պահելով Սուրբ Ծննդյան պահքը, որին հաջորդելու է Սուրբ Ծննդյան Ավետիսը։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի նախաձեռնությամբ՝ այս օրերին հավատացյալները հնարավորություն ունեն անցնել պահքը՝ լսելով թեմի հոգևորականների խոսքն ու խորհուրդները։
Սուրբ Ծննդյան պահքի շրջանը խաղաղությամբ անցնելու և պահքի շրջանում հոգևորականի դերի կարևորության մասին զրուցել ենք Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանի հետ։
– Պահքի շրջանում ինչպիսի՞ն պիտի լինեն մարդկային հարաբերությունները։
– Պահոց շրջանում և դրանից դուրս մարդկային հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և սիրո վրա։ Ամենևին կապ չունի՝ մարդը այդ պահին պահքի մեջ է, թե ոչ։ Շատ կարևոր է դիմացինի հանդեպ սեր և հարգանք տածելը, և դրանից հնարավոր է հասկանալ՝ մարդը որքանով է մոտ Աստծուն և որքան զորեղ է հավատքի մեջ։ Մարդկային փոխհարաբերությունների մեջ շատ կարևոր է առաջնորդվել աստվածային սիրով և ներողամտությամբ։
– Պահեցողության շրջանում հասկանալի է, որ հնարավոր է՝ լինեն զայրույթի և ցասման պահեր։ Ինչպե՞ս պետք է վարվել նման իրավիճակներում։
– Երբ մարդ պահոց շրջանում է գտնվում, առաջնային պետք է կարևորի իր հոգու զորացումը, ինչպես որ շատ հաճախ տարածված խոսակցություններում լսում ենք՝ պահքը դա զորացումն է և մարմնի մաքրումը։ Երբ հոգին մաքրվի, մարդ կարող է իր ներքին աշխարհում տեսնել Աստծո ներկայությունը։ Այլ կերպ ասած՝ Աստծո ներկայությունը կարտահայտվի մարդու մեջ, որովհետև Սուրբ Գրքի խոսքի համաձայն՝ բոլորս ստեղծված ենք Տիրոջ նմանողությամբ։ Այդ նմանությունը մարդու հոգու մեջ է, որը հայելու պես պետք է մաքուր լինի, որպեսզի Աստված այնտեղ երևա։
-Պահք պահելու ընկալումները տարբեր տարիքում տարբեր կերպ են արտահայտվում։ Ըստ Ձեզ, ո՞ր տարիքից է մարդ գնում գիտակցված պահեցողության։
– Ինչպես գիտենք, պահոց շրջանը ապաշխարության և մեղքերից ազատվելու շրջան է համարվում։ Պահքից հետո մարդ պետք է կարողանա սկսել կյանքը նորովի, լրիվությամբ մաքրված և կյանքն ապրել՝ Աստծո ներկայությունը վայելելով։ Իմ կարծիքով, պահք պետք է պահեն այն մարդիկ, ովքեր արդեն գիտակցում են, որ իրենց կյանքի ընթացքում գործել են մեղքեր և կարիք ունեն դրանցից ազատվելու։
– Ո՞րն է հավատացյալի համար հոգևորականի դերը պահքի շրջանում։
– Հոգևորականի և հավատացյալի կապը ոչ միայն պահոց շրջանում այլ դրանից դուրս շատ կարևոր է նրանով, որ հոգևորականը պետք է կարողանա հավատացյալի հոգևոր պահանջները բավարարել և ուղղորդել դեպի Աստված։ Հոգևորականները պահոց շրջանում մշտապես իրենց աղոթքները հնչեցնում են եկեղեցիներում, բայց դրանից դուրս ևս մեր ծառայությունը շարունակվում է ամենօրյա ժամերգություններով և աղոթքներով։
– Սուրբ Ծննդյան պահքի այս օրերին ի՞նչ խորհուրդ կտաք հավատացյալներին։
– Մեր կյանքում Սուրբ Ծննդյան խորհուրդը պետք է առիթ լինի վերանորոգման, վերազարթոնքի ծնունդի։ Եվ Մանուկ Հիսուս պետք է բնակվի յուրաքանչյուրիս սրտում։ Այս ծանր օրերին ամբողջ ազգով ապրում ենք և տեսնում անհանդուրժողականությունը մեկը մյուսի հանդեպ, ինչը թերևս Աստծուց հեռանալու արդյունքն է։ Երբ մարդիկ հեռանում են Աստծուց, այդժամ խավարը տիրում է նրանց ողջ մտքին և հոգուն։ Պետք է հասկանալ, որ չարախոսելով և վատաբանելով մարդը ավելի շատ վնասում է ինքն իրեն և նպաստում ավելի շատ մեղքերի կուտակման Աստծո առաջ։ Սուրբ Ծննդյան խորհուրդը իրապես հոգով, սրտով և մտքով ապրելն է, որպեսզի այդ ծնունդը հոգևոր ծնունդ լինի նաև յուրաքանչյուր հավատացյալի կյանքում։ Այսօր մեր իրականութան մեջ կարիք ունենք հոգևոր ծնունդի, քանզի կկորչի խաղաղությունը, եթե մարդիկ հոգևոր ծնունդ չունենան։ Թող Աստված վերահաստատի մեր խաղաղությունը և սերը՝ մեկը մյուսի հանդեպ, որպեսզի այդ սիրով առաջնորդված՝ կարողանանք շարունակել մեր կյանքի ընթացքը։
Մարիետտա Խաչատրյան
Վիկտորյա Մարկոսյան