Բաժիններ՝

Կիպրոսի նախագահը կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին կորոնավիրուսի դեմ Pfizer/ BioNTech-ի պատվաստանյութ են ներարկել: 74-ամյա նախագահը լուսանկարը զետեղել է Twitter-ում: «Գիտական հանրակցության նվերը՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութը, մեզ ոչ միայն հույս է տալիս, այլեւ` ապրելու իրավունք:

Սակայն մինչեւ վերջնական հաղթանակը դեռ հեռու է: Ուստի դիմում եմ բոլորին. մի փոքր էլ համբերություն, եւ մեզ մոտ ամեն բան կստացվի»,-լրագրողներին հայտարարելէ Կիպրոսի նախագահը բժշկական կենտրոնից դուրս գալուց հետո: Նա պատվաստանյութը համարել է «կյանքի պարգեւ»: Անաստասիադիսն ասել է, որ սկսվել է ժամանակի հետհաշվարկը, որը վերջին հաշվով կբերի «անտեսանելի թշնամու» պարտության: Նա քաղաքացիներին կոչ է արել՝ շարունակել պահպանել հիգիենայի կանոնները, պահպանել այն միջոցառումները, որոնք «մեծ դժգոհությամբ, մեծ ցավով» է ընդունում կառավարությունը:

«Ես գիտեմ, թե որքան ուժգին են մարդիկ տառապում, ես գիտեմ, թե որքան ուժգին են նրանք զգում, որ իրենց ազատություններն ինչ-որ տեղ խախտվում են, ես դա զգում եմ: Միեւնույն ժամանակ ես ցանկանում եմ դիմել նրանց, ովքեր կասկածներ կամ երկյուղներ ունեն պատվաստանյութի առնչությամբ: Չկա հիվանդություն, որը չի բուժվում դեղորայքով, կամ հիվանդություն, որը չի բուժվում պատվաստանյութով»,-ասել է նախագահը: «Ես հույս ունեմ, որ սրանք փորձությունների վերջին օրերը, վերջին ամիսներն են: 2021 թվականը պետք է դառնա նոր կյանքի, դեպի իսկական կյանք տանող նոր ճանապարհի սկիզբը»,-ասել է նա: Այն հարցին, թե արդյոք պատվաստանյութեր ուղարկվել են կիպրոսցի թուրքերի համայնքին, Կիպրոսի նախագահը պատասխանել է, որ կարգադրություն է եղել ընդգրկել Կիպրոսի Հանրապետության ողջ բնակչությանը՝ լինեն կիպրոսցի թուրքեր կամ կիպրոսցի հույներ: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը Կիպրոս է հասցվել դեկտեմբերի 26-ին, պատվաստումն սկսվել է դեկտեմբերի 27-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս