Քրեական օրենսգրքի 28-րդ գլխում թվարկված են այն որակումները, որոնցով բնութագրվում են քաղաքացի Փաշինյան Նիկոլի գործողությունները. Լարիսա Ալավերդյան 

Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ համաձայնագրից հետո հայ հասարակությանը պարտադրվեց նոր օրակարգ, որն ամփոփվեց  «դեմարկացիա», «դելիմիտացիա» եզրույթներում և իրագործվեց ու դեռ իրագործվում է GPS-ի «հմուտ ձեռամբ»:

Ի վերջո, ի՞նչ է տեղի ունենում Գեղարքունիքում, Սյունիքում, և արդյո՞ք այդ ճակատագրին արժանանալու են նաև Հայաստանի Հանրապետության այլ սահմանամերձ հատվածները ևս. սրանք հարցեր են, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ձևակերպում է այսպես՝ «այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»:

Թերևս այս «ցավոտ»-ի տակ պետք է հասկանալ նաև իրավունքի ու օրենքի ոտնահարումները, քանի որ պետության ու այդ պետության քաղաքացիների ճակատագիրն է լուծվում անհասկանալի պայմանավորվածություններով:

168.amՄարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ խախտումներ են առկա իշխանության կողմից լեգիտիմացված այս գործընթացում:

Իրավապաշտպանն ընդգծեց, որ առանց դելիմիտացիայի միջպետական պայմանագրի՝ հնարավոր չէ անել դեմարկացիա, եթե անգամ առկա է գաղտնի  պայմանագիր։ Քանի որ չի հրապարակվել, ուրեմն այն համարվում է ուժի մեջ չմտած.  «Առանց դելիմիտացիայի՝ դեմարկացիայով անշարժ գույքից զրկելն աշխարհում աննախադեպ է: Եվ այստեղ խոսքը ոչ միայն մեկ իրավունքի՝ սեփականության իրավունքի մասին է, այլև՝ հոգեբանական ծանր հարված հասցնելու, որը վերաբերում է այնպիսի իրավունքի, ինչպիսինն է անձի անձեռնմխելիությունը, որովհետև այն իրենից չի ներկայացնում զուտ ֆիզիկական անձեռնմխելիություն, սա և հոգեբանական  անձեռնմխելիությունն է: Եվ տվյալ դեպքում՝ խոսքը ոչ միայն զուտ այն մարդկանց հոգեբանական անձեռնմխելիության մասին է, ում ունեզրկում են, ոչ միայն այդ գյուղի կամ քաղաքի, այլ ամբողջ երկրի, որովհետև դա ընկալվում է՝ որպես  անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք:

Երբ քո պետությունը թույլ է տալիս այդպիսի անօրինականություն, անշուշտ, ամբողջ բնակչությունը՝ առնվազն մտածող բնակչությունը, դա ընկալում է՝ որպես հոգեբանական ճնշում, որպես հոգեբանական վիրավորանք»:

Նա ցավով նշեց, որ ցայսօր մարդիկ կան, որոնք կամ չեն հասկանում, կամ առավել մեղմ են գնահատում տեղի ունեցածը, մինչդեռ տեղի ունեցողն անձի ու պետության անվտանգության խնդիր է.

«Թե հետագայում ինչ պատիժ պետք է կրեն դրա համար պատասխանատուները, մենք պետք է տեսնենք:  Ես նկատի ունեմ և՛իշխող  խմբակցության պատգամավորներին, և՛ երկրի նախագահին, և՛, վերջապես, ամբողջ կառավարության անդամներին»:

Նկատենք՝ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային և  հակադարձելով ընդդիմախոսներին, հիշեցրել էր 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքի մասին:

«Այսօր մեր զինված ուժերը տեղակայված են այս նկարագրությամբ»,- գրել էր Փաշինյանը՝ հավելելով, որ «օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները:

Ի պատասխան՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր․

«Նիկոլ Փաշինյանը հերթական, միլիոներորդ անգամ ստում է։ Վարչական սահմանը այլ է, պետականը՝ այլ։ 2010 թվականի օրենքը ՈՉԻՆՉ չի սահմանում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասով։ Լկտի սուտ է։

1. Ինչո՞ւ, ինչի՞ հիման վրա ես պետական սահմանը գծում Խորհրդային Ադրբեջանի քարտեզով, եթե ալիևյան Ադրբեջանը չի ընդունում, որ ինքը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն է։ ԻՆՉՈ՞Ւ։

2. Աշխարհի ոչ մի երկրում պետական սահման չի գծվում ներքին վարչատարածքային բաժանման մասին օրենքով»:

Իրավապաշտպանից  հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք վարչապետի «արդարացումները» կարող են դիտվել Ադրբեջանի նախագահի պահանջների լեգիտիմացում, նա պատասխանեց. «Ո՛չ, նա ինքն իրեն է լեգիտիմացնում. նա փորձում է խաբեությամբ շարունակել ուղղակի պետականության և պետության վերջը տալ: Թե ինչո՞ւ է այդքան հայատյաց երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ մենք կտեսնենք  հետագայում (կպարզվի. ոչ մի բան գաղտնի չի մնում), բայց որ դա ուղղակի գործողություններ են՝ չարամտորեն ուղղված պետության  և պետականության տապալմանն ամբողջովին՝ այսօր ես չգիտեմ՝ կա՞ այդպիսի  մարդ, որն ունի մտածելու ունակություն ու կասկածում է դրանում»:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, «Դեռ ռազմական դրության մեջ անել դեմարկացիա՝ առանց դելիմիտացիայի՝  հանցագործություն է, ընդ որում, մի քանի կետերով, և այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Թե Իլհամ Ալիևին ինքն ի՞նչ նվերներ է պատրաստել, խոստացել, և դեռ մենք կարող ենք անակնկալի գալ, դա արդեն բոլորովին այլ է. դավաճանության (ոչ թե քաղաքական առումով, այլ իրավաբանական առումով) հոդվածներ կան, Սահմանադրական կարգի տապալում և պետության անվտանգության դեմ հանցագործություններ:

Բազմիցս ասել եմ՝ վերջին երկու թվարկածս ՀՀ Քրեական օրենսգրքի 28-րդ գլուխն է, որտեղ ամբողջովին թվարկված են այն որակումները, այն հատկանիշները, որոնցով բնութագրվում են այսօր քաղաքացի Փաշինյան Նիկոլի գործողությունները»։

Տեսանյութեր

Լրահոս