Բաժիններ՝

Բասկետբոլի Ա լիգայի թիմերի ընդհանուր որակն է բարձրացել. Արա Պողոսյան

Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանի կարծիքով՝ լիգայում թիմերի ընդհանուր որակը բարձրացել է:

«Անկախ պանդեմիայից և պատերազմից, այն ինչ նախատեսել էինք կատարել ենք: Սակայն կա մի թերություն. չէինք կարողանում հանդիսականին հասցնել այն գեղեցիկ բասկետբոլը, որին ականատես ենք լինում Ա լիգայի կանոնավոր առաջնությունում: Թեպետ հնարավորություն ունեինք հեռուստատեսությամբ հեռարձակելու առաջնություն, սակայն մենք հրաժարվեցինք»,-«Արմենպրես»-ի զրույցում լիգայի նախագահը:

Պողոսյանի խոսքով` այս տարի առաջնությունում առավել բարձր մակարդակի վրա է թիմերի մրցակցությունը: «Բասկետբոլի Ա լիգայի թիմերի ընդհանուր որակն է բարձրացել: Ամեն խաղում լուրջ պայքար է ծավալվում: Սակայն պետք է հասկանանք, որ հայկական բասկետբոլը դեռ «4 տարեկան է» և թեպետ կարող ենք միջազգային ասպարեզում մրցել, սակայն գերմրցունակ չենք»,-ասաց նա:

Անդրադառնալով առաջնության նորեկներին` Պողոսյանը շեշտեց, որ այդ թիմերում շատ են փորձառու բասկետբոլիստներն, ովքեր երբեմն տեղափոխվում են հայկական ակումբներ, ինչը օգուտ է հայկական բասկետբոլի զարգացմանը:

Դեկտեմբերի 24-25-ին կկայանա գավաթի խաղարկության մեկնարկային հանդիպումները: Դեկտեմբերի 27-ին կկայանա «Աստղերի խաղը», որտեղ կմրցեն հայ ու ամերիկացի բասկետբոլիստները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս