Որոտանում ադրբեջանցին ջրի ծորակը որ փակի, կամ Կապանի ճանապարհից շտապօգնության մեքենայի վարորդին ասի՝ քշի Բաքու, ի՞նչ եք անելու. Հրանտ Սարկիսով

Նոյեմբերի 10-ին հայտնի կապիտուլյացիոն ակտը ստորագրելուց և Արցախի մեծ մասն Ադրբեջանին հանձնելուց հետո Ադրբեջանը շարունակում է տիրանալ հայկական հողերին արդեն Հայաստանում։ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքներում տներ են հանձնվում Ադրբեջանին, Որոտանում ծածանվում է Ադրբեջանի դրոշը, իսկ Սյունիքի մարզը պահող ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերը հանձնված են Ադրբեջանին։ Հայաստանի անվտանգության երաշխիք համարվող անվտանգության գոտիները պատերազմի ավարտից հետո Ադրբեջանին հանձնելը ՀՀ իշխանությունը համարում է ցավոտ գործընթաց, որը տեղի է ունենում Ադրբեջանի հետ սահմանների սահմանագծման և սահմանազատման համատեքստում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում և 2016 թվականի ապրիլյան և 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովը քաղաքական որոշմամբ հայկական դիքերը թշնամուն հանձնելը բնորոշեց՝ հարված գոտկատեղից ներքև, որովհետև իշխանությունը մի ձեռքով հրաման էր տալիս կամավորագրվելու, մյուս ձեռքով դադարեցնում էր լրահամալրումը։

«Այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 10-ից հետո, հարված էր գոտատեղից ներքև դիրքում կանգնած այն զինվորի համար, որը չգիտի, թե ինչ պարտիա է խաղարկվում, և պահում է պետական սահմանը»,- ասաց Սարկիսովը՝ նշելով, որ ստորագրված հայտարարությամբ, որն իրավական ուժ չունի, հանձնվեց ոչ միայն՝ Արցախի մեծ մասը, այլ նաև հիմա՝ Հայաստանից տարածքներ։

«Սյունիքում մարդիկ այսօր չունեն անվտանգության երաշխիքներ։ Այդ մարզում մարդիկ 26 տարի ապրել են Որոտան համայնքում, 26 տարի Որոտանում ադրբեջանցի չեն տեսել, և հիմա ո՞վ է երաշխավորելու այս մարդկանց անվտանգությունը. չէ՞ որ միայն գույքի վնասը փոխհատուցելով՝ հարց չի լուծվում։ Որոտանում տեղակայված են բաշխիչ էլեկտակայաններ, կան ջրագծեր, ու հիմա եթե ադրբեջանցին Որոտանում ջրի ծորակը փակի, ինչպե՞ս է ջուրը հասնելու մեզ, կամ եթե մեկի ոտքը պետք է անդամահատել, Կապանում չեն կարողանում բավարար միջամտություն ցուցաբերել, ինչպե՞ս են այդ քաղաքացուն շտապօգնության մեքենայով այլ տեղ տեղափոխելու, բա եթե ճանապարհին կանգնած ադրբեջանցին շտապօգնության մեքենայի վարորդին ասի՝ քշի դեպի Բաքու, ի՞նչ ենք անելու։ Իհարկե՝ ԱԱԾ-ն ասել է՝ մեքենան արագ մի վարեք ճանապարհի որոշ հատվածներում, կամ տվել է հեռախոսահամարներ, բայց մի՞թե հնարավոր է այդպես քաղաքացու անվտանգություն ապահովել։ Ես խիստ կասկածի տակ եմ դնում, որ Հայաստանն իմ անվտանգության երաշխավորն է, քանի դեռ ԱԱԾ-ն հեռախոսահամար է տարածում ու կոչ անում գերի ընկնելիս զանգել։ Այս ամենի պատասխանատուն իրեն լեգիտիմ համարող ՀՀ իշխանությունն է»,- ասաց Սարկիսովը։

Թեև պատերազմի ավարտից հետո հայկական կողմը չի կարողացել լուծել ոչ անհետ կորածների հարցը, ոչ էլ կարողացել է պատերազմի ավարտից ամիսուկես անց պաշտոնապես ճշգրտել իր զոհերի, անհետ կորածների և գերիների իրական թիվը, Ադրբեջանը սրան զուգահեռ՝ զորք է կուտակում սահմանին, ավելին՝ ծախսում է հսկայական միջոցներ իր վերահսկողությանն անցած տարածքների ենթակառուցվածքների կառուցման համար՝ այդ նպատակի համար հատկացնելով հսկայական միջոցներ։

«Սրան զուգահեռ՝ մենք ոչնչով չենք զբաղվում. անգամ գերիների հարցով Մարդու իրավունքների պաշտպանն է զբաղվում, մեկնել է Մոսկվա, որովհետև ՀՀ-ում աշխատում են մի քանի ինստիտուտներ, որոնցից մեկը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է, որը շատ քիչ անձնակազմով անում է ավելին, քան անում են պետական ինստիտուտներն առհասարակ. զբաղվում է և՛ գերիների, և՛ անհետ կորածների, և՛ պատերազմի հետևանքները վերացնելու և այլ խնդիրներով։ Բայց չգիտես ինչու՝ իշխանության ներկայացուցիչները թիրախավորում են Մարդու իրավունքների պաշտպանին»,- ասաց Սարկիսովը՝ շեշտելով, որ իշխանության կողմից ոչ միայն չկա պատասխանատվություն պետությունը պարտության տանելու համար, այլ գործում է մեխանիզմ՝ մեղավորներ ու դավաճաններ փնտրելու համար։

«Բայց ես ուզում եմ տեսնել, թե ինչի մասին էր խոսում Արցախի տխրահռչակ նախագահը, երբ ասում էր, որ պատերազմը ավարտվի՝ կհրապարակի դավաճանների անունները, ես ուզում եմ դեմքով տեսնեմ դավաճաններին, ինչո՞ւ չենք տեսնում, հո ասելո՞վ չէ միայն»,- ասաց Հրանտ Սարկիսովը՝ շեշտելով, որ անհերքելի է, որ այս պատերազմի պարտության պատասխանատուն առաջին հերթին երկրի ղեկավարն է՝ Նիկոլ Փաշինյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս