Հոսանքը կթանկանա. ո՞րն է լինելու հաջորդը
Մինչև պետական աթոռներին տիրանալը՝ գործող իշխանությունները խոստանում էին նվազեցնել հանրային ծառայությունների սակագները։ Սակայն իշխանության գալուց հետո մոռացան սակագները նվազեցնելու մասին։ Ավելին, շարունակեցին ու այսօր էլ շարունակում են գնալ սակագները բարձրացնելու ճանապարհով։
Այս տարվա երկրորդ կեսից թանկացավ գազը։ Առաջիկա 1-2 ամսում կթանկանա հոսանքը։
Բայց դա վերջինը չի լինելու։ Սպասվում է նաև այլ ծառայությունների սակագների բարձրացում։
Ակնհայտ է, որ Հայաստանը մտել է ոչ միայն տնտեսական ճգնաժամի, այլև համատարած թանկացումների փուլ։ Թանկանում են՝ ինչպես լայն սպառման ապրանքները, այնպես էլ՝ հանրային ծառայությունները։
Սակագները բարձրացնելու մտադրությունների մասին է հայտարարել «Հայփոստ» ընկերությունը։ Այդ ակնկալիքով այն արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Ծառայությունների որոշ տեսակների համար առաջարկվում են կտրուկ թանկացումներ։
Փետրվարի 1-ից սպասվում է նաև էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում։ Հանձնաժողովի աշխատակազմը, սեփական նախաձեռնությամբ, ուսումնասիրություններ է կատարել էներգետիկ համակարգում և եկել եզրակացության, որ պետք է բարձրացնել սակագները։
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 10-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2021 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները»,- ասվում է Հանձնաժողովի հայտարարության մեջ։
Համակարգում առաջացող ֆինանսական ճեղքվածք փակելու այլ ճանապարհ, քան սակագների բարձրացումն է, Հանձնաժողովի աշխատակազմը չի գտել։ Ուստի, որոշել է ծանրաբեռնվածությունը դնել սպառողների վրա։
Աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ համակարգի ֆինանսական ճեղքվածքը փակելու համար անհրաժեշտ է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը բարձրացնել 2,27 դրամով։
Ելնելով այդ հանգամանքից՝ առաջարկվում է սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար գործող սակագները թողնել անփոփոխ, իսկ այդ խմբերից դուրս գտնվող մյուս բոլոր սպառողների համար բարձրացնել 3 դրամով։
Առաջին հայացքից, ինչպես գազի դեպքում էր, սակագների բարձրացումը վերաբերելու է միայն խոշոր սպառողներին։ Փոխարենը՝ թվում է, թե դրանից անմասն կմնա բնակչությունը։ Ամեն դեպքում՝ բնակչության հիմնական մասը։ Իրականում, սակայն, միամտություն է այդպես կարծել։ Անկախ նրանից, թե սակագների բարձրացումն ում է վերաբերում, այդ ծանրությունը կրելու են բոլոր սպառողները՝ կլինի դա ուղղակիորեն, թե անուղղակիորեն։ Սակագների բարձրացման ծախսերը ներառվելու են ապրանքների ու ծառայությունների արժեքի մեջ, և դրանց համար վճարելու են բոլորը։
Արտաքուստ ստացվում է, որ բնակչության մի մասի համար սակագինը չի բարձրանում, բայց նա ստիպված է լինելու ավելի շատ վճարել մեկ այլ ապրանքի կամ ծառայության ձեռքբերման համար, որը կրելու է էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը։
Սա հասարակությանը մոլորեցնելու յուրահատուկ ձև է, որից իշխանությունները նոր չէ, որ սկսել են օգտվել՝ առանց հասկանալու դրա տնտեսական հետևանքները։
Հոսանքի թանկացումը, ինչպես եղավ գազի պարագայում, ազդում է տեղական արտադրության ինքնարժեքի վրա՝ հանգեցնելով դրա մրցունակության թուլացման։ Առանց այդ էլ մեր տնտեսության մրցունակությունը ցածր է։
Ցանկացած նման նոր քայլ բերում է մրցունակության էլ ավելի թուլացման, ինչը ռիսկեր է ստեղծում տեղական ապրանքների իրացման համար։
Այդ խնդիրը մեր տնտեսությունը միշտ էլ ունեցել է, և հիմա այն խորանում է, որովհետև իշխանություններն առաջնորդվում են ոչ թե տնտեսության շահերով, այլ ընկած են իրենց պոպուլիզմի հետևից։ Դրա հետևանք է նաև այն, որ այսօր բախվել ենք էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու խնդրին։ Իշխանություններն իրենց հետևողական քայլերով համակարգը բերեցին կանգնեցրին այդպիսի փաստի առաջ։
Սակագները չբարձրացնելու դեպքում, Հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկներով, համակարգում գրեթե 11 մլրդ դրամի ֆինանսական ճեղքված է առաջանում։
Այլ հարց, թե որտեղի՞ց առաջացավ այդ ճեղքվածը և կարո՞ղ էր արդյոք չառաջանալ։
Ֆինանսական ճեղքվածքի առաջացումը կապված է հիմնականում ատոմակայանի երկարատև կանգառի հետ։ Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներն իրականացնելու համար այս անգամ կայանի գործունեությունը դադարեցվել է 141 օրով։ Դրա հետևանքով ստիպված ենք էլեկտրաէներգիայի առաջացած բացը լրացնել ջերմային կայանների հաշվին, որոնց արտադրած հոսանքն անհամեմատ ավելի թանկ է և համակարգում լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք է առաջացնում։
Այդ կարիքը ստիպված են հոգալ սպառողները։ Կապ չունի՝ դրանք մա՞նր, թե՞ խոշոր սպառողներն են։
Այս վիճակը չէր լինի, չէր առաջանա նաև սակագները բարձրացնելու անհրաժեշտություն, եթե էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները կատարվեին՝ ըստ սահմանված ժամանակացույցի։ Իշխանափոխությունից հետո այդ աշխատանքներն այնքան ձգձգվեցին, որ համակարգը կանգնեցրին այսպիսի փաստի առաջ։
Աշխատանքները ժամանակին իրականացնելու դեպքում խնդիրներ չէին առաջանա նաև ռուսական վարկի ներգրավման և սպասարկման հետ կապված։ Ու հիմա ստիպված չէինք լինի հերթական սակագնային տարին, որը կմեկնարկի փետրվարի 1-ից, դիմավորել էլեկտրաէներգիայի թանկացմամբ։
Հիշեցնենք, որ վերջին անգամ էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում վերանայվել են 2017թ.։ Այն ժամանակ հաջողվեց ոչ միայն չբարձրացնել, այլև նվազեցնել սակագները, այդ թվում՝ նաև բնակչությանը համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ