
Ռուս խաղաղապահները Հայաստանի երկու անհետ կորած քաղաքացու են գտել Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ռուս խաղաղապահների աջակցությամբ հայտնաբերվել են Հայաստանի երկու անհետ կորած քաղաքացիներ:
«Դեկտեմբերի 21-ին անհայտ կորած զինծառայողների որոնման աշխատանքներ իրականացնող համատեղ խմբի ջանքերով Հադրութի շրջանում Հայաստանի երկու քաղաքացի է հայտնաբերվել, որոնց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ փոխանցվել են ԼՂ-ին»,- Tert.am-ի հաղորդմամբ՝ РИА Новости-ն մեջբերում է Կոնաշենկովին:
Վերջինս հավելել է, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են ԼՂ հակամարտության ընթացում անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքել: Միայն հեռախոսով 528 դիմում է ստացվել:
Գեներալը հայտնել է նաև, որ վերջին մեկ օրում Հայաստանի տարածքից Ղարաբաղ է վերադարձել ևս 351 փախստական: Խաղաղապահ առաքելության իրականացման ողջ ընթացքում, ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել ավելի քան 42 700 արցախցի:
Կոնաշենկովի խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: