«Ո՞նց կարելի է Առուշանյանի նման հրամանատարին հիմա՝ այս պահին, երբ որ ձևում են ՀՀ սահմանները, կալանավորել». փաստաբան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց ձերբակալվածներին պահելու վայրից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր, որ դատարանը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ էր համարել:

Լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը նշեց, որ առ այս պահն Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը իրենց չի տրվել, հետևաբար՝ մեղադրանք առաջադրված չէ. «Նոր մենք էլ տեղեկացանք, որ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում են կայացրել, և ինձ հանձնեցին ծանուցագիր, որպեսզի այսօր 19:40  ներկայանանք ՔԿ, որպեսզի Առուշանյանին մեղադրանք առաջադրեն:  Բայց ո՞նց եք տեսնում՝ առավոտվանից մինչև հիմա՝ 18:30 է,  մենք դատարանի բակում էինք, ոչ հաց ուտելու, ոչ ջուր խմելու հնարավորություն չունենք, ընդամենը դուրս գալուց մեկ ժամ հետո ծանուցում են, որ մենք ներկայանանք, հնարավո՞ր է արդյոք հիմա ներկայանալ»:

Հարցին՝ գնալո՞ ւ եք, փաստաբանը պատասխանեց.  «Ո՛չ, ես չեմ ներկայանալու, որովհետև ծանուցագրի մեջ հստակ գրեցի, որ հանդիսանում եմ նաև 3-րդ խմբի հաշմանդամ, և ես հաց ուտելու,  ջուր խմելու իրավունք ունեմ նաև: Վաղը ծանուցեք՝ կգանք,  և բացի ինձանից՝ Առուշանյանը նաև այլ պաշտպաններ ունի, որոնց չեն ծանուցել այս պահի դրությամբ»:

Առուշ Առուշանյանն իր հանդեպ կատարվողը բնութագրեց այսպես. «Քաղաքական հետապնդում, եթե երկու բառով բնութագրեմ. կոնկրետ էդ է»:

Դիտարկմանը, թե Ձեր կոչից հետո, ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը չկարողացավ մուտք գործել Գորիս, և հարցադրումին, թե արդյո՞ք սա հաջողություն որակում եք, Գորիսի համայնքապետը արձագանքեց. «Հաջողություն… սյունեցիների կամքն էր: Այո՛, այդ մարդը իրավունք չունի մտնի Սյունիք, որովհետև սյունեցիների պահած հողը, մարդկանց անվտանգությամբ պահած հողը հանձնել է թշնամուն, կոնկրետ դա՝ Շուռնուխի հատվածը, Որոտանի հատվածը, Խնձորեսկի հատվածը: Մարզի մնացած համայնքներում էլ կա նույն խնդիրը. ես կոնկրետ Գորիսինը ձեզ ներկայացրի»:

Պարոն Փաշինյանը պնդում էր, որ ինքը չգնաց Գորիս, Քաջարան, մյուս քաղաքներ, որովհետև չէր ուզում հրահրել բախումներ, բայց վստահ էր, որ իրեն նույն կերպ էին ընդունելու՝ ինչպես Սիսիանում՝ լրագրողի նկատառմանը, նա պատասխանեց. «Ես, ամեն դեպքում, չեմ տեսել՝ Սիսիանում ինչպես են ընդունել, տեղեկություն չունեմ»:

Ի լրումն՝ փաստաբանը հավելեց. «Երկու օր է՝ Առուշանյանն անազատության մեջ է, տեղեկացված չէ շատ բաներից, թողեք, գոնե մի փոքր հանգստանա, հետո ավելի հստակ ձեր հարցերին կպատասխանի:

Ձեր բոլորի ուշադրությունը հրավիրում եմ մի բանի վրա, որ իշխանությունները փաստորեն զերծ չմնացին այդ վատ, սև ձեռագրից, և այն, ինչ որ ես երկու օր առաջ կանխատեսում էի, փաստորեն, այսօր դառնում է իրականություն:

Ցավոք սրտի, չգիտենք՝ որտեղից,  ինչ-ինչ գործեր են հայթայթել, որոնք միացրել են մեկ վարույթում:   Էդ որոշմանն էլ նորմալ չենք ծանոթացել, հիմա պարզվում է նաև, որ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է  անգամ դատարան ներկայացված: Երբ դեռ մարդուն մեղադրանք առաջադրված չէ, մենք չգիտենք, թե Առուշանյանն ինչի մեջ է մեղադրվում,  բայց կալանքի միջոնրդություն կա Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում:

Դատարանը սևը սպիտակի վրա գրեց, քարը քարի վրա չի թողել, որ Առուշանյանը ձերբակալավել է ապօրինի, հիմա՝ ընդամենը դուրս է եկել, և 40 րոպե գուցեև այս խցանումների մեջ չկարողանանք հասնել, որ ուզենանք: Ասեցինք՝ առավոտյան ծանուցագիր կտաք՝ կգանք: Առուշանյանն այլ պաշտպաններ ևս ունի, նրանք ևս պետք է ծանուցվեն, նոր կորոշեն` կգնան-չեն գնա, և այլն:

Առ այս պահը  ես չգիտեմ՝ իմ պաշտպանյալին ինչում են մեղադրում, որովհետև ոտքի վրա ասվեց ինչ-որ բաներ, որոնք ծիծաղ են առաջացնում ուղղակի: Մասնավորապես ասվեց, որ Առուշանյանի հորը պատկանող ընկերության տարածքում հատվել են ծառեր, որով պետությանը պատճառվել է 100 հազար դրամի վնաս. ի՞նչ կապ ունի Առուշ Առուշանյանը՝ հոր ընկերության տարածքում հատված ծառի հետ, իմ ուղեղում ուղղակի որևիցե կերպ չի տեղավորվում:

Ես չգիտեմ՝ վաղը կարող է գնամ և տեղեկանամ՝ կարող է մեղադրեն, որ Առուշանյանը 8 տարեկան հասակում հեծանիվ է վարել, վազանց է կատարել մեկին և արագության գերազանցում է թույլ տվել… չի կարելի, չէ՞, էսպես»:

ՔԿ հաղորդագրության մասին լրագրողի դիտարկմանը,  թե նշվում է՝ որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի հավաք կազմակերպելու համար, փաստաբանն արձագանքեց. «Դատարանը որոշում է կայացրել, որով փաստել է, որ որևէ ապօրինի հավաք չի կազմակերպվել, ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ: Այնտեղ շարադրվել են հանգամանքներ, որոնք փաստում են այն մասին, որ հավաքը եղել է օրինական. այս հարցում էլ վարույթ իրականացնող մարմինն ավելորդ շտապողականություն ցուցաբերեց»:

Առուշ Առուշանյանը, պատասխանելով հարցին, թե՝ ի՞նչ նկատի ունեք՝ քաղաքական հետապնդում ասելով, ասաց. «Ներկայացնում է, չէ՞, փաստաբանը, նույնն է»:

Մեկ այլ հարցին էլ, թե՝  արդյոք արե՞լ եք քրեորեն պատժելի արարք, պատասխանեց. «Ո՛չ բնականաբար»:

«Հայրենի՛ք է պաշտպանել. հա՛, հիմա դրա համար դատում են: Ւմ կարծիքով, այս ամեն ինչը բերում է դրան,- հավելեց փաստաբանը, ապա խոսքն ուղղեց վարույթն իրականացնող մարմնին,- Ի՞նչ խնդիր եք լուծում դուք՝ Առուշանյանին կալանքի միջնորդություն ներկայացնելով դատարան: Ձեր նպատակը ո՞րն է, որ հիմա Գորիսը պաշտպանող զինվորը վերջնականապես հիասթափվի՞, ուզում եք մարդկանց ուղղակի հունից հանե՞ք:  Ո՞նց կարելի է Առուշանյանի նման հրամանատարին հիմա՝ այս պահին, երբ որ ձևում են ՀՀ սահմանները, կալանավորել:

Առանձնապես ծանր հանցանք անգամ եթե Առուշանյանը կատարած լիներ,  այս պահին չէր կարելի ընդհանրապես նրա կալանքին անդրադառնալ: Ի՞նչ խնդիր եք լուծում և ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում, այ սա եմ ուզում հասկանալ»:

Տեսանյութեր

Լրահոս