«Այստեղից որևէ տեղ չենք գնալու, մինչև չհեռացնենք գերագույն գլխավոր խրտվիլակին». Իշխան Սաղաթելյան
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Հանրապետության հրապարակում տեղադրված հարթակից ողջունեց ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնք միացել են իրենց հայտարարած անհնազանդության ակցիաներին՝ դասադուլին, գործադուլին։
«Առանց չափազանցնելու՝ այսօր հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական օրերից մեկը։ Երկար մաքառումներից ու դեգերումներից հետո, 30 տարի առաջ մենք ստեղծեցինք պետականություն, ազատագրեցինք մեր հայրենիքը։ Անցնող 30 տարիներին մենք հպարտ, հաղթող ժողովուրդ էինք, իսկ 30 տարի անց մեկ մարդու գործունեության արդյունքում, մեկ խելագար դավաճանի շնորհիվ կորցրեցինք Արցախի մեծ մասը։ Այս օրերին այս խելագարի գործունեության արդյունքում մենք կորցնում ենք մեր պետականությունը։ Եթե ուզում եք ունենալ բանակ, պետականություն, ձեր երեխաներն ապրեն Հայաստանում, ունենան երկիր, հայրենիք, ուրեմն եկեք Հրապարակ, այսօր այստեղ է որոշվում մեր երկրի ճակատագիրը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Ամփոփելով նախորդ օրերին գրանցած հաջողությունները, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ բոլորի շնորհիվ ամբողջ աշխարհն իմացավ, որ Արցախում կրած պարտությունը հայ ժողովրդի համար ընդունելի չէ։
Ըստ նրա, իրենց գործունեության արդյունքում Կառավարության շենքում նստած խրտվիլակն օրեցօր կորցնում է իր իշխանությունը։
«Այս մարդն այլևս իշխանություն չունի։ Մեր բոլորի պայքարի արդյունքում երեկ այս խելագար դավաճանը չկարողացավ մտնել Սյունիք, ողջունեք արժանապատիվ սյունեցիներին, Սյունիքը կանգուն է, որովհետև գիտի՝ իր թիկունքն ամուր է։ Եթե այս մարդն ունենար արժանապատվություն, բարոյականություն, որը չունի, հիմա պետք է հրաժարական տված լիներ, բայց այս մարդը խելագար է, դավաճան և ուզում է մեր պետականությունը կործանել, ինչը նրան թույլ չենք տալու։ Եկեք հիմա բոլորս միասին պայմանավորենք ու խոստանանք երկու բան՝ չենք տրվում սադրանքների, և մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, մենք այստեղից որևէ տեղ չենք գնալու, մինչև չհեռացնենք գերագույն գլխավոր խրտվիլակին»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը։