
«Արցախի պատերազմում Իրանը պիտի մի կողմ դներ դիվանագիտական պատշաճությունն ու աջակցեր Հայաստանին»

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մահմուդ Ահմադի Բիղաշը կարծիք է հայտնել, որ Հայաստանին աջակցելն իր երկրի արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը պիտի լինի:
Պատգամավորը մասնավորապես ասել է. «Արցախյան պատերազմում Իրանը պետք է մի կողմ դներ դիվանագիտական պատշաճությունն ու աջակցեր Հայաստանին: Այսօրվա Ադրբեջանի Հանրապետության և Հարավային Կովկասի որոշ մասեր պատմական փաստաթղթերով մայր հայրենիք Իրանի մի մասն են։ Ապագայում եթե մի բան լինի, դրանք պետք է հանձնվեն Իրանին: Իրանն առանց նախապայմանների պետք է աջակցի Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանմանը»:
Իրանցի մեկ այլ պատգամավոր Ալի Ասքեր Հանին էլ, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ադրբեջան այցի ժամանակ արտասանած ոտանավորին, սոցիալական ցանցում կիսվել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի կախաղան բարձրացվելու պահին արված լուսանկարով ու կցել հետևյալ գրառումը. «Պարո՛ն Էրդողան, իրանի հողերի վրա աչք դրած անձի վերջն այսպես է լինում»: