«Իշխանությունները հրաման են տվել զինվորներին հետ իջնել և հողերը հանձնել են հենց այնպես». Ռազմիկ Գևորգյան
Այսօր զորացրման զեկուցագիր է ներկայացրել ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, ՀՀ ՊՆ զորակոչային ու զորահավաքային ծառայության ավագ սպա Ռազմիկ Գևորգյանը:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այսօրվա իշխանությունները հողատու և ազգադավ են:
«Ղարաբաղը հանձնեցին, այսօր էլ ՀՀ հողերն են հանձնում: Որպես զինվորական՝ իմ արժանապատվությանը դեմ է ծառայել այս իշխանություններին կամ նրանց ենթակայության տակ»,- նշեց նա:
Հարցին` կհաջողվի՞ ուժայիններին հանել ժողովրդի դեմ, զինվորականն ասաց, որ դա արդեն ուժայինների խղճին է:
«Եթե հողատու, ազգադավ իշխանություններին ծառայելը ճիշտ է, թող մնան ծառայեն,- ընդգծեց Գևորգյանը և շարունակեց,- Բանակը մարտունակ էր, զինվորներն իրենց խնդիրը լիարժեք կատարել են: Պարզապես իշխանությունները հրաման են տվել զինվորներին հետ իջնել և հողերը հանձնել են հենց այնպես: Թե չէ բանակը մարտունակ էր և այսօր մարտունակ է, ուղղակի ղեկավարությունն է հողերը տալիս՝ չգիտես ինչի»: