«Հայաստանի համար կա մեկ օրակարգ»

Օրերս Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կատարեց Բելգիա, որը նրա երկրորդ արտասահմանյան այցն էր նշանակումից հետո։

Այցի շրջանում Այվազյանը հանդիպումներ ունեցավ Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Սոֆի Վիլմեսի հետ բավականին համեստ օրակարգով։ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին ընդառաջ Արա Այվազյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին։
Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ երկուստեք անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: «Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացիկ փուլի, Արևելյան գործընկերության հետ-2020 տեսլականի շուրջ: ԱԳ նախարարը և հանձնակատար Վարհեին քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում նախարար Այվազյանը հանձնակատարի ուշադրությանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքների վերացման և Արցախում ստեղծված ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Այս համատեքստում նախարար Այվազյանն առանձնահատուկ կարևորել է Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման և արցախահայության հրատապ կարիքների լուծման ուղղությամբ տեղում միջազգային հանրության ներգրավվածությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որը կարելի է բաժանել մի քանի մասի՝ իրավիճակ Արցախում և տարածաշրջանում, Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։

Նիստին ընդառաջ Արա Այվազյանը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Կողմերի բավականին ներկայացուցչական կազմով տեղի ունեցավ նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող ակտուալ հարցերը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրվելիք հումանիտար աջակցության շեշտադրմամբ։

Ուշագրավ է նաև, որ կողմերը կարևորել են կարգավորման գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն․ «ԵՄ-ն ողջունում և աջակցում է բարեփոխումների իր օրակարգին հետամուտ լինելու և մեր երկկողմ համաձայնագիրը ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի վճռական հանձնառությունը, չնայած առկա մարտահրավերներին, որոնց հետ բախվում է երկիրը»,- նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը:
«ԵՄ-ն, սերտ փոխլրացնելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ձևավորման ուղղությամբ որոշակի դեր ստանձնել: Մենք պատրաստ ենք խաղաղաշինության և վերակառուցման մեր գործիքակազմով ցուցաբերել մեր աջակցությունը»:

«ԵՄ-ն խիստ հանձնառու է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ներպետական շարունակակական բարեփոխումներին՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների և գործարարության: COVID-19 համավարակի հետևանքները չեզոքացնելու, արդարադատության և ոստիկանության ոլորտներում կառավարության առաջնահերթ բարեփոխումների ուղղությամբ զգալի աջակցություն ցուցաբերած լինելով հանդերձ, մենք պատրաստ ենք նաև քննարկել, թե ինչ հետագա աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ առկա մարտահրավերներին դիմակայելու համար։ Մենք պատրաստ ենք նաև տրամադրել 10 միլիոն եվրո՝ ավելացնելով մարդասիրական օգնությունը, և աշխատել հակամարտությունների ավելի համապարփակ վերափոխման և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ»,- ընդգծել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:

Նշենք, որ Գործընկերության խորհուրդը հանդիսանում է ՀԳԸՀ-ով նախատեսված ՀՀ-ԵՄ բարձրագույն կանոնադրային մարմինը, որի նիստերը տեղի են ունենում տարեկան մեկ անգամ՝ Բրյուսելում: Նիստերին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է Արտաքին գործերի նախարարը, ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը: Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2018թ. հունիսի 21-ին, երկրորդը՝ 2019թ. հունիսի 13-ին:

Մեզ հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ տարածաշրջանային զարգացումների պատճառով երկկողմ օրակարգը կարծես տուժում է, քանի որ բոլոր հաղորդագրությունների և քննարկումների կենտրոնում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի քաղաքական և հումանիտար հաղթահարումն է, դրանում ԵՄ մասնակցությունը, որը Թուրքիայի և ՌԴ ակտիվ դերակատարման պատճառով նվազել է։

«Այս ամենին ինչ-որ կերպ մասնակցելու համար ԵՄ-ն քիչ լծակներ ունի, բայց կա կոնսենսուս մարդասիրական օգնության հարցում, այդ կոնսենսուսը նաև Մոսկվայից է գալիս, քանի որ մարդասիրական հարցերի վրա ՌԴ շեշտադրությունը վերջին շրջանում էական է։ Բայց քաղաքական երկխոսությունը շատ պասիվ է, ինչը հասկանալի է։ Ներկայումս ԵՄ-ն գտնվում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատելու, նոր մոտեցում և իր առաջնահերթությունները ձևավորելու փուլում։ Սակայն ԵՄ-ն հասկանում է, որ հակամարտության գոտու տարածաշրջանում իր որոշակի ներկայությունն ապահովվում է Հայաստանի միջոցով, քանի որ Ադրբեջանը շահագրգռված չէ այս հարցում ԵՄ ներկայության խորացմանը, իսկ երրորդը չճանաչված պետություն է։ ԵՄ-ն ամեն դեպքում դանդաղելու է, քանի որ բարդ միություն է, ունի իր բազում ներքին խնդիրները և ուշ արձագանքելով՝ արդեն կորցնում է շատ դիրքորոշումներ և զսպելու ունակություններ։ Քաղաքական լծակների ու բավարար ազդեցության բացակայությունը ԵՄ-ն գործին կցում է, երբ կա աջակցության կարիք, և սա այդ փուլն է։ ՀՀ-ԵՄ հարաբերություններում անորոշ, բայց երկուստեք կարևորության գիտակցումով շրջան է․ թե՛ ՀՀ-ն է կարծես դա հասկանում, թե՛ ԵՄ-ն, և այս խողովակը կմնա։ Այս նիստը միայն այս մասին էր։ Դեռ նոր միտումներ չկան երկկողմ հարաբերություններում, Հայաստանի համար կա մեկ օրակարգ՝ հումանիտար, իսկ ԵՄ-ն դրան ընդառաջ է գնում, ԵԱՀԿ ՄԽ դերի հարցում ևս Երևանի ու Բրյուսելի մոտեցումները համընկնում են»,- ասաց նա։

Իր հերթին՝ եվրոպացի մեկ այլ վերլուծաբան՝ Սյուզան Ստյուարտը, ասաց, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների որակն էապես կախված է գործընկեր երկրից՝ հաշվի առնելով ԵՄ ավանդական դանդաղկոտությունը։ Ըստ նրա՝ Երևանից այս պահին, պատերազմի շուրջ պտտվող օրակարգից բացի՝ այլ բան ակնկալելը միամտություն կլիներ։

«Սակայն այցը կարևոր էր՝ հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակը հակամարտության գոտում, զարգացումները, դրանցում ԵՄ-ի դերը և միտումները՝ ավելի նվազեցնել ԵՄ դերը։ Այսինքն՝ վստահաբար քննարկված հարցերի շրջանակը շատ լայն է եղել, և ԵՄ-ն կարձագանքի հումանիտար ճգնաժամին։ Քաղաքական երկխոսության մասով մեծ արդյունքներ չունենք, դեռ պետք է ամբողջությամբ վավերացվի առկա կարևոր փաստաթուղթը, որը ՀՀ-ԵՄ հարաբերությունների քաղաքական շրջանակն է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս